Բ ՕՐԵՆՔ 25

25
Արդարություն անելու կերպը
1«Եթե վեճ լինի մարդկանց միջև, ապա թող դատարան ներկայանան, ու դատ լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղավորին պատժեն։ 2Եթե մեղավորը գանահարության է արժանի, ապա նրան թող նստեցնեն դատավորների առջև և նրանց առջև նրան գանահարեն ըստ նրա մեղավորության՝ 3քառասուն հարված, բայց ոչ ավելի։ Իսկ եթե նրան դրանից ավելի գանահարեն, ապա դա քո առջև կատարված անարգանք կլինի քո եղբոր հանդեպ։
4Կալում աշխատող եզան դունչը չկապես»։
Անժառանգ այրին
5«Եթե եղբայրներն ապրում են միասին, և նրանցից մեկը առանց զավակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբոր կինը օտարի հետ թող չամուսնանա։ Նրա մոտ թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։ 6Նրանցից ծնված երեխան թող լինի մահացած եղբոր անունով, որպեսզի նրա անունը Իսրայելից չջնջվի։ 7Իսկ եթե եղբայրը չցանկանա ամուսնանալ իր մահացած եղբոր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ՝ ծերերի առջև, և ասի. “Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայելի մեջ պահպանել իր եղբոր անունը”։ 8Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”, 9ապա նրա եղբոր կինը, մոտենալով ծերերին, նրա ոտքից թող հանի մի կոշիկը, թքի նրա երեսին և ասի. “Այսպես են վարվում այն մարդու հետ, որը չի շինում իր եղբոր տունը”։ 10Նա Իսրայելի մեջ թող կոչվի “բոբկացած մարդու տուն”»։
Ուրիշ օրենքներ
11«Եթե մեկը կռվի իր եղբոր հետ, և նրանցից մեկի կինն իր ամուսնուն ազատելու նպատակով մոտենա իր ամուսնու հետ կռվողին և ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից, 12ապա առանց խղճալու պետք է կտրես նրա ձեռքը։
13Տոպրակիդ մեջ երկու չափի՝ ծանր ու թեթև կշռաքարեր թող չլինեն։ 14Քո տանը երկու չափս՝ երկար ու կարճ, թող չլինի։ 15Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պետք է ունենաս, նաև ճշգրիտ ու արդար չափ, որպեսզի երկար ապրես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, իբրև ժառանգություն տալու է քեզ, 16որովհետև Տիրոջ՝ քո Աստծու համար պիղծ է նա, ով վարվում է այդ կերպ, ով անարդարություն է գործում»։
Ամաղեկացիները՝ ժառանգական թշնամիներ
17«Հիշի՛ր, թե ի՛նչ արեց քեզ Ամաղեկը, երբ Եգիպտոսից դուրս գալով՝ ճանապարհ էիր ընկել, 18թե ինչպե՛ս ճանապարհին ելավ քո դեմ և չվախենալով Աստծուց՝ կոտորեց քո բանակի վերջապահներին ու հոգնելու պատճառով հետ ընկածներին, երբ դու քաղցած ու հոգնած էիր։ 19Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ ազատի քո շրջապատում գտնվող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, Ամաղեկի անունը կջնջես երկնքի տակից։ Չմոռանա՛ս»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 25: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք