Բ ՕՐԵՆՔ 2
2
Անապատային տարիները
1«Վերադարձանք ու եկանք անապատ Կարմիր ծով տանող ճանապարհով, ինչպես Տերն էր ասել ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։
2Տերն ինձ ասաց. 3“Բավական է, որքան պտտվեցիք լեռան շուրջը։ Այժմ շրջվեք դեպի հյուսիս։ 4Ժողովրդին պատվիրի՛ր՝ ասելով. “Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք զգո՛ւյշ եղեք, 5նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև նրանց երկրից մի քայլ իսկ չեմ տալու ձեզ, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև սեփականություն։ 6Նրանցից սնո՛ւնդ գնեք ու կերե՛ք, ջուրը նրանցից առե՛ք արծաթով ու խմե՛ք։ 7Որովհետև Տերը՝ մեր Աստվածը, օրհնեց քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Հիշի՛ր, թե ինչպե՛ս անցար մեծ ու ահարկու անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ է, և ոչ մի զրկանք չտեսար”։
8Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների մոտով Արաբա տանող ճանապարհով անցանք Եդովմից ու Գեսիովն Գաբերից, ապա շրջվեցինք ու ընթացանք դեպի Մովաբի անապատը։ 9Տերն ինձ ասաց. “Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ, նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, որովհետև Արը#Գրբ. և հուն. Սեիրը։ Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն”։ 10(Նրանցից առաջ այնտեղ բնակվում էին օմմինները՝ մի մեծ, բազմանդամ ու հզոր ազգ՝ նման Ենակի որդիներին։ 11Սրանք էլ ռափայինների նման հսկաներ էին, ինչպես նաև Ենակի որդիները, և մովաբացիները նրանց անվանում են օմմիններ։
12Իսկ Սեիրում նախկինում բնակվում էին քոռեցիները, որոնց Եսավի որդիները կոտորեցին և հալածեցին իրենց առջևից ու բնակվեցին նրանց փոխարեն, ինչպես Իսրայելը վարվեց իր ժառանգած երկրի հետ, որ Տերը տվեց նրան)։ 13“Արդ, վե՛ր կացեք, գնացե՛ք ու անցե՛ք Զարեդ ձորը”։
14Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակի բոլոր պատերազմող այրերն ընկան, ինչպես որ Աստված երդվել էր նրանց։ 15Եվ Աստծու ձեռքն ընկավ նրանց վրա, որպեսզի նրանց կորստյան մատնի բանակից, մինչև որ մեռան։
16Եվ երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, 17Տերն ինձ ասաց. 18“Դու այսօր Մովաբի սահմանով կանցնես դեպի Ար#Գրբ. և հուն. Սեիր։։ 19Եվ կմոտենաք Ամովնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն չանեք, նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև Ամովնի որդիների երկիրն իբրև սեփականություն ձեզ չեմ տա, որովհետև այն իբրև սեփականություն տվել եմ Ղովտի որդիներին։ 20(Այս երկիրը ռափայիններինն էր համարվում, որովհետև առաջ նրանք էին բնակվում այնտեղ։ Ամովնացիները նրանց անվանում էին զոմզոմիններ։ 21Նրանք Ենակի որդիների նման մեծ, բազմամարդ ու հզոր ազգ էին։ Տերը սրանց վերացրեց մեջտեղից, և նրանց փոխարեն ամովնացիները բնակվեցին այդտեղ։ 22Այդպես արեց նաև Եսավի որդիներին՝ Սեիրում բնակվողներին. նույն կերպ Տերը նրանց առաջ ոչնչացրեց քոռեցիներին, և Եսավի որդիները, ստանալով այդ երկիրը, նրանց փոխարեն բնակվում են այդտեղ մինչև այսօր։ 23Խևացիները, որոնք բնակվում էին Ասիրովթից մինչև Գազա, ոչնչացան գամիրների (կափթորիմացիների) կողմից, որոնք Կափթորից գալով՝ նրանց փոխարեն բնակվեցին այդ երկրում)։
24Արդ անցեք Առնովնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին, ե՛լ տիրելու նրա երկրին ու պատերա՛զմ հրահրիր նրա դեմ։ 25Այսօրվանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա։ Ով որ լսի քո անունը, թող խռովվի, և քո սարսափը թող պատի նրանց”»։
Սեհովնի թագավորության նվաճումը
(Թվ. 21.21-30)
26«Կեդմովթի անապատից խաղաղության առաջարկով բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքա Սեհովնի մոտ և ասացի. 27“Թո՛ւյլ տուր անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի։ 28Մեր սնունդը քեզանից կգնենք արծաթով, մեր խմելու ջուրը նույնպես արծաթով կգնենք քեզանից, միայն թե ճանապա՛րհ տուր անցնենք։ 29Այնպես, ինչպես վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արոյերում բնակվող մովաբացիները, մինչև որ անցնեմ Հորդանանը և հասնեմ այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է մեզ”։ 30Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։ 31Եվ Տերն ինձ ասաց. “Ահա Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին ու նրա երկիրը հանձնում եմ քեզ։ Գրավի՛ր ու ժառանգի՛ր նրա երկիրը”։
32Եսեբոնի արքա Սեհովնը, ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դեմ։ 33Տերը՝ մեր Աստվածը, նրան մատնեց մեր ձեռքը, մենք հարվածեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ 34Այդ ժամանակ նվաճեցինք նրա բոլոր քաղաքները, մեկ առ մեկ ոչնչացրինք նրա բոլոր քաղաքները, նրանց կանանց ու նրանց ժառանգներին՝ ոչ ոքի կենդանի չթողնելով։ 35Միայն հոտերը ավար վերցրինք և քաղաքների ավարը։ 36Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։ 37Սակայն Ամովնի որդիների երկրին չմոտեցանք, ինչպես նաև Հաբոկի ձորի բնակավայրերին ու լեռնային բոլոր քաղաքներին, ինչպես որ պատվիրել էր մեզ Տերը՝ մեր Աստվածը»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն