Բ ՕՐԵՆՔ 1

1
Ներածություն
1Սրանք են այն պատգամները, որ Մովսեսը խոսեց ողջ Իսրայելին Հորդանան գետի այն կողմում՝ անապատի արևմտյան մասում, Փառանի, Տիփողի, Ղոբանի, Հանգրվանների [𝕸 Խացերոտ] ու Ոսկեկի [𝕸 Դի-զահավ] միջև։
2Քորեբից մինչև Կադեսբառնեա, Սեիր լեռան ուղղությամբ, տասնմեկ օրվա ճանապարհ է։
3Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսվա առաջին օրը Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն նրանց վերաբերյալ։ 4Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։ 5Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց մեկնել Օրենքը՝ ասելով.
6«Տերը՝ մեր Աստվածը, մեզ ասաց Քորեբում. “Բավական է որքան բնակվեցիք այս լեռան վրա։ 7Դարձե՛ք և հեռացե՛ք այստեղից, գնացե՛ք ամորհացիների լեռը և Արաբա դաշտը, Քանանի լեռներն ու դաշտերը, դեպի հարավ ու դեպի ծովեզերք, դեպի Անդրլիբանան, մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը։ 8Տեսե՛ք, ահա ձեզ հանձնեցի այդ երկիրը. մտե՛ք ու ժառանգե՛ք այն, որը ես երդվեցի ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, տալու նրանց ու նրանցից հետո նրանց զավակներին, մի երկիր, որ մեղր ու կաթ է բխեցնում”։
Մովսեսը դատավորներ է կարգում
(Ելք 18.13-27)
9Այն ժամանակ ես ձեզ ասացի. “Ես միայնակ չեմ կարող պատասխանատու լինել ձեր բոլորի համար։ 10Տերը՝ մեր Աստվածը, բազմացրեց ձեզ, և ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ եք։ 11Թող Տերը՝ մեր հայրերի Աստվածը, հազարապատիկ ավելացնի ձեզ և թող օրհնի ձեզ, ինչպես որ ասել է ձեզ։ 12Ես միայնակ ինչպե՞ս կարող եմ կրել ձեր նեղսրտությունները, ձեր պահանջներն ու ձեր հակառակությունները։ 13Արդ, ձեր ցեղերի միջից ընտրե՛ք իմաստուն, փորձառու ու շրջահայաց մարդկանց, և ես նրանց ձեզ վրա իշխաններ կկարգեմ”։ 14Դուք ինձ պատասխանեցիք՝ ասելով. “Այդ լավ առաջարկ է”։ 15Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։
16Եվ այն ժամանակ պատվիրելով ձեր դատավորներին՝ ասացի. “Լսե՛ք ձեր եղբայրներին և արդարությա՛մբ դատեք ամեն մեկի հարցը թե՛ իր եղբոր և թե՛ եկվորի հետ։ 17Դատի ժամանակ չպետք է ազդվեք որևէ մեկից։ Ինչպես դատում եք փոքրին, այնպես էլ դատեք մեծին։ Ոչ մեկից մի՛ վախեցեք, որովհետև դատը Աստծուն է պատկանում։ Իսկ եթե որևէ խնդիր ձեր ուժից վեր է, կհանձնեք ինձ, և ես կլսեմ այն”։ 18Այն ժամանակ ձեզ պատվիրեցի այն ամենը, ինչ պետք է անեք»։
Խոստացված երկրի հետախուզումը
(Թվ. 13.1-33)
19«Եվ Քորեբից մեկնելով անցանք այն մեծ և ահավոր անապատով, որ տեսաք՝ գնալով դեպի ամորհացիների լեռը, ինչպես որ մեզ պատվիրել էր Տերը՝ մեր Աստվածը, և եկանք մինչև Կադեսբառնեա։ 20Եվ ձեզ ասացի. “Ահա եկաք մինչև ամորհացիների լեռը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է ձեզ։ 21Տեսե՛ք, ահա Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հանձնեց այս երկիրը։ Ելե՛ք և ժառանգե՛ք այն, ինչպես Տերը՝ մեր հայրերի Աստվածը, ասել է ձեզ, մի՛ վախեցեք և մի՛ երկնչեք”։
22Եվ բոլորդ ինձ մոտենալով՝ ասացիք. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ հետախուզեն երկիրը և ներկայացնեն մեզ այն ճանապարհը, որով ընթանալու ենք, և այն քաղաքները, ուր մտնելու ենք”։ 23Ընդունելով ձեր առաջարկը՝ ձեզանից ընտրեցի տասներկու մարդու՝ մեկական մարդ յուրաքանչյուր ցեղից։ 24Նրանք գնացին բարձրացան լեռը, հասան մինչև Ողկույզի ձորն ու հետախուզեցին այն։ 25Նրանք, վերցնելով այդ երկրի պտուղներից, վերադարձան մեզ մոտ և մեզ տեղեկություն բերելով՝ ասացին. “Բարեբեր է այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է մեզ”։ 26Բայց դուք չկամեցաք ելնել, անտեսեցիք Տիրոջ՝ մեր Աստծու խոսքը, 27և ձեր վրաններում տրտնջալով ասացիք. “Տերը ատելության պատճառով հանեց մեզ եգիպտացիների երկրից, որպեսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կոտորելու։ 28Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։ 29Ես ձեզ ասացի. “Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։ 30Տերը՝ մեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ, ինչպես որ ձեր աչքի առջև դա արեց եգիպտացիների երկրում, 31և այս անապատում, որ տեսաք։ Որովհետև Տերը՝ քո Աստվածը, սնեց քեզ այնպես, ինչպես մեկը սնում է իր որդուն, ձեր ողջ ճանապարհի ընթացքում, մինչև որ եկաք այս վայրը։ 32Այս խոսքից հետո էլ չվստահեցիք Տիրոջը՝ մեր Աստծուն, 33որ ձեր ճանապարհին ընթանում է ձեր առջևից, ձեզ համար տեղ ընտրում, գիշերը առաջնորդում ձեզ հրով, իսկ ցերեկը՝ ամպով, ցույց տալով ձեզ այն ճանապարհը, որով պիտի գնաք”»։
Տերը պատժում է Իսրայելին
(Թվ. 14.20-45)
34«Տերը լսեց ձեր տրտունջները, բարկացավ ու երդվեց՝ ասելով. 35“Այս մարդկանցից ոչ ոք չի տեսնելու այն բարեբեր երկիրը, որ երդվել էի տալ նրանց հայրերին, 36բացի Հեփոնեի որդի Քաղեբից։ Նա պիտի տեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետև նա հնազանդ եղավ Տիրոջը”։ 37Եվ Տերը, ձեր պատճառով բարկանալով ինձ վրա, ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ, 38այլ քո սպասավորը՝ Նավեի որդի Հեսուն կմտնի այնտեղ։ Նրան զորացրո՛ւ, որովհետև նա է այդ երկիրը հանձնելու Իսրայելին։ 39Ձեր ծնունդներն ու որդիները, որոնց մասին ասացիք, թե պիտի հափշտակվեն, բոլոր մատաղ մանուկները, որոնք այսօր դեռևս չգիտեն չարն ու բարին, նրանք կմտնեն այնտեղ, և նրանց պիտի տամ այն, նրանք կժառանգեն այն։ 40Իսկ դուք շրջվեք և գնացե՛ք անապատ՝ Կարմիր ծով տանող ճանապարհով”։
41Այն ժամանակ դուք պատասխան տվեցիք ինձ՝ ասելով. “Մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առջև։ Արդ, ելնենք ու պատերազմ տանք, ինչպես պատվիրեց մեզ Տերը՝ մեր Աստվածը”։ Եվ յուրաքանչյուրդ, վերցնելով ձեր պատերազմելու զենքը, հավաքվեցիք ու սկսեցիք բարձրանալ լեռը։ 42Եվ Տերն ինձ ասաց. “Նրանց ասա՛. պատերազմելու մի՛ ելեք, որովհետև ես ձեզ հետ չեմ, որպեսզի չլինի թե ձեր թշնամիների առջև կործանվեք”։ 43Ես խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ և անտեսեցիք Տիրոջ խոսքերը, չսաստվեցիք և սկսեցիք բարձրանալ լեռը։ 44Այդ ժամանակ ամորհացիները, որոնք բնակվում էին այդ լեռան վրա, մեղուների պես ձեր դեմ ելնելով՝ հալածեցին ու խոցոտեցին ձեզ Սեիրից մինչև Հերմա։ 45Դուք նստած լաց եղաք Տիրոջ առջև, բայց Տերը չլսեց ձեր ձայնը և չանսաց ձեզ։ 46Եվ շատ օրեր սպասումով մնացիք Կադեսում»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 1: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք