Բ ՕՐԵՆՔ 19

19
Ապաստանի քաղաքներ
(Թվ. 35.9-29)
1«Երբ Տերը՝ քո Աստվածը, կոտորի այն ազգերին, որոնց երկիրը տալու է քեզ, և երբ ժառանգես այն ու բնակվես նրանց քաղաքներում ու տներում, 2այդ ժամանակ Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի մեջ երեք քաղաք կառանձնացնես։ 3Նկատի առնելով ճանապարհները՝ երեքի կբաժանես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ բաժին տված երկիրը, որպեսզի այդ քաղաքները ապաստան լինեն մարդասպանություն կատարած մարդկանց համար։
4Այնտեղ թող փախչեն ու փրկվեն այն մարդասպանները, որոնք սպանել են ակամա և երբեք թշնամություն չեն ունեցել սպանվողի նկատմամբ։ 5Ինչպես օրինակ՝ նա, ով իր մերձավորի հետ մայրու անտառ է մտնում՝ ծառ կտրելու, և փայտ կտրելու համար բարձրացնում է կացինը, և կացնի գլուխը թռչում է և դիպչում ընկերոջը, ու սա մահանում է, նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը և փրկվի։ 6Այնպես չլինի, որ սպանվածի արյունակից հարազատը, որի սիրտը այրվում է, սպանողին հետապնդի և ճանապարհի հեռու լինելու պատճառով հասնի ու սպանի նրան, ով մահվան դատապարտվելու ենթակա չէր, որովհետև նախապես սպանվածի նկատմամբ թշնամություն չէր ունեցել։ 7Դրա համար էլ քեզ պատվիրում եմ ու ասում հետևյալը. երեք քաղաք կառանձնացնես այդ նպատակի համար։
8Եվ եթե Տերը՝ քո Աստվածը, ընդարձակի քո սահմանները, ինչպես Տերը երդվել է քո հայրերին, և Տերը քեզ տա ամբողջ երկիրը, որ խոստացել է քո հայրերին, 9և դու լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատվիրանները, այն է՝ սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, հավիտյան ընթանաս նրա ուղիով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ևս երեքը, 10որպեսզի անմեղ արյուն չթափվի այն երկրում, որը Տերը՝ Աստված, տալու է քեզ իբրև ժառանգություն, և քո մեջ արյան պարտական մեկը չլինի։
11Իսկ եթե մեկն ատի իր մերձավորին և դարանակալելով հարձակվի նրա վրա, հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, 12ապա նրա քաղաքի ծերերը պետք է մարդ ուղարկեն, վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն սպանվածի արյունակից հարազատի ձեռքը, և թող մեռնի։ 13Դու նրան չպետք է խնայես։ Իսրայելի միջից կմաքրես թափված անմեղ արյան մեղքը, որպեսզի քեզ բարիք լինի»։
Հին կալվածքի սահմաններ
14«Մի՛ խախտիր քո մերձավորի այն սահմանները, որ հաստատել են քո հայրերը՝ իբրև ժառանգություն, որը Տերը՝ քո Աստվածը, այդ երկրում քեզ է տալու իբրև ժառանգություն»։
Վկաների մասին
(Թվ. 35.30)
15«Որևէ մեկի անօրենությունները, հանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մեկ մարդու վկայությունը բավական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի ամեն բան։
16Եթե մի վկա սուտ վկայություն տա մի մարդու մասին և մեղադրի նրան անօրենության մեջ, 17ապա երկուսն էլ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առջև, քահանաների առջև, այդ օրվա դատավորների առջև, 18և դատավորները պետք է արդարությամբ քննեն գործը։ Եթե հաստատվի, որ վկան սուտ վկայություն տալով է մեղադրել իր եղբորը, 19ապա նրա նկատմամբ կկիրառեք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբորը։ Դրանով չարը կվերացնեք ձեր միջից։ 20Ուրիշները, այդ լսելով, կվախենան և այլևս չեն հանդգնի այդպիսի չար բան անել ձեր մեջ։ 21Նրան մի՛ խնայեք։ Կյանքի դիմաց՝ կյանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 19: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք