Բ ՕՐԵՆՔ 18
18
Ղևտացի քահանաների իրավունքները
1«Ղևտացի քահանաները՝ Ղևիի որդիները, երկրից բաժին ու ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների հետ։ Տիրոջն արված նվիրաբերումնե՛րը թող լինեն նրանց բաժինը. դրա՛նք թող ուտեն։ 2Նրանք իրենց եղբայրների մեջ երկրից բաժին չպետք է ունենան. Տերն է նրանց բաժինը, ինչպես ասաց նրանց։
3Քահանաների իրավունքը ժողովրդից հետևյալն է. զոհ մատուցողը, եթե զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պետք է տա թևը, ծնոտներն ու փորը։ 4Նրանց պետք է տաս նաև քո ցորենի, քո գինու, քո յուղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը, 5որովհետև նրան է ընտրել Տերը քո բոլոր ցեղերի միջից, որպեսզի նա ու նրա որդիները հավիտյանս կանգնեն Տիրոջ՝ ձեր Աստծու առջև՝ պաշտելու նրան և օրհնելու նրա անունը։
6Իսկ եթե Իսրայելի որդիներին պատկանող մի քաղաքից այնտեղ բնակվող ղևտացին իր ցանկությամբ գա Տիրոջ ընտրած վայրը, 7կարող է ծառայել Տիրոջը՝ իր Աստծուն, իր բոլոր ղևտացի եղբայրների նման, որոնք այնտեղ ծառայում են Տիրոջը՝ Աստծուն, 8և թող բաժին ստանա՝ անկախ իր հայրական տանը ստացած եկամուտից»։
Սուտ մարգարեներ և ճշմարիտ մարգարեն
9«Եթե մտնես այն երկիրը, որը Տերը՝ Աստված, տալու է քեզ, չյուրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորությունները։ 10Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ դստերը կրակով զոհի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով՝ կանխագուշակումներ անի, 11մոգություններով զբաղվի, վհուկ կամ մեռելահմա լինի, ոգեհարցությամբ զբաղվի, 12որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է Տերը նրանց վերացնում քո առջևից։ 13Տիրոջ՝ քո Աստծու առջև կատարյալ պետք է լինես։ 14Քո ժառանգելիք երկրի ազգերը հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց Տերը՝ քո Աստվածը, քեզ այդպես վարվելու հրաման չի տվել։
15Քո եղբայրների միջից Տերը՝ քո Աստվածը, ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, նրա՛ն կլսեք, 16քանի որ երբ Քորեբում հավաքվել էիք, Տիրոջը՝ ձեր Աստծուն, խնդրելով ասում էիք. “Այլևս չլսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլևս չտեսնենք, որպեսզի չմեռնենք”։ 17Եվ Տերն ինձ ասաց. “Նրանք ճիշտ են ասում։ 18Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։ 19Այն մարդը, որ չի լսի իմ անունից խոսող մարգարեին, նրանից վրեժ կլուծեմ։
20Իսկ եթե մարգարեն հանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթե խոսի օտար աստվածների անունից, այդ մարգարեն կմեռնի։ 21Իսկ եթե ձեր մտքում ասեք՝ “Ինչպե՞ս իմանանք, թե Տերը չի ասել այդ խոսքերը”, 22ապա իմացե՛ք. եթե Տիրոջ անունից մարգարեի ասածը չի կատարվում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն ամբարշտությամբ է խոսել, նա չպիտի ապրի”»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 18: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն