ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 2

2
1Ուզում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի նեղություն եմ կրում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն տեսել անձնապես, 2որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ միանալով սիրով, և կատարյալ իմաստություն ձեռք բերեն՝ ամբողջական հարստությամբ, ճանաչելով Աստծու խորհուրդը, որ հայտնված է Քրիստոս Հիսուսով, 3որի մեջ պահված են գիտության ու իմաստության բոլոր գանձերը։ 4Սա ասում եմ, որ ոչ ոք ձեզ չմոլորեցնի հրապուրիչ խոսքերով, 5որովհետև, թեև հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր կանոնավոր ընթացքը և Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած ձեր ամուր հավատը։
Կյանքի լիությունը Քրիստոսով
6Ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, շարունակե՛ք ընթանալ նրանով՝ 7արմատավորված ու շինված նրա վրա և հաստատված այն հավատի մեջ, որ ուսանեցիք՝ անդադար նրան գոհություն հայտնելով։
8Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության, 9որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ամբողջ լիությունը։ 10Դուք էլ նրանով լցվեցիք, որ գլուխն է ամեն իշխանության ու պետության։ 11Նրանով թլփատվեցիք հավատով՝ անձեռագործ թլփատությամբ, Քրիստոսի թլփատությամբ՝ մերկանալով մեղանչական մարմնից, 12Մկրտվելով թաղվեցիք նրա հետ, դրանով էլ նրա հետ հարություն առաք՝ Աստծու զորությանը հավատալով, որ նրան հարություն տվեց մեռելներից։ 13Նրա հետ Աստված կենդանացրեց նաև ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք ձեր մեղքերի և մարմնի անթլփատության պատճառով։ Աստված ներեց մեր բոլոր հանցանքները 14և ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատավճռի ձեռագիրը, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին։ 15Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց՝ նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա հարության ժամանակ։
16Ուստի ոչ ոք ձեզ թող չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, 17որոնք գալիքի ստվերներն են, իսկ մարմինը Քրիստոսն է։ 18Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանալով մարմնական մտածումներով։ 19Այդպիսի մեկը կապ չունի գլխի՝ Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, ստանում է իր աճումը, որ Աստծուց է։
Կյանք և մահ Քրիստոսով
20Եթե մեռաք Քրիստոսի հետ և բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչո՞ւ եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին. 21«Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր», 22բաներ, որոնք նախատեսված են սպառման համար, 23որոնք իմաստության համբավ ունեն՝ ինքնակամ պաշտամունքով, խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և ծառայում են մարմինը բավարարելուն։

Արդեն Ընտրված.

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք