ԲԱՐՈՒՔ 4
4
1Սա է Աստծու հրամանների գիրքը և օրենքը,
որ կա հավիտյան։
Բոլոր նրանք, որ ընդունում են այն,
ապրում են, իսկ ովքեր թողնում են այն, կմեռնեն։
2Դարձի՛ր, Հակո՛բ, և բռնի՛ր նրանից
նրա լույսի առաջ ծագման պահին։
3Քո փառքը ուրիշի մի՛ տուր և օգուտը՝ օտար ազգի։
4Երանի՜ է մեզ, Իսրայե՛լ,
որովհետև Աստծուն հաճելի բաները ծանոթ են մեզ։
Երուսաղեմը հորդորում և մխիթարում է իր զավակներին
5Քաջալերվի՛ր, ո՛վ իմ ժողովուրդ,
հիշի՛ր, ո՛վ Իսրայել,
6որ վաճառվեցիք ազգերին,
բայց ոչ կորստյան համար։
Քանի որ դուք բարկացրիք Աստծուն,
մատնվեցիք հակառակորդներին։
7Քանի որ զայրացրիք ձեր Արարչին.
զոհեր մատուցեցիք դևերին և ոչ թե Աստծուն։
8Մոռացաք ձեր կերակրողին՝ հավիտենական Աստծուն,
տրտմեցրիք և ձեր դայակին՝ Երուսաղեմին,
9որ տեսավ Աստծուց ձեզ վրա եկած բարկությունը և ասաց.
«Լսե՛ք, ո՛վ Սիոնի պանդուխտներ,
որովհետև Տերն ինձ վրա մեծ սուգ բերեց։
10Տեսա իմ որդիների և դուստրերի գերությունը,
որ բերեց նրանց վրա Հավիտենականը։
11Նրանց ուրախությամբ սնեցի,
բայց նրանց ճանապարհ դրեցի լացով ու սգով։
12Թող ոչ ոք չոտնահարի այրիիս,
որ միայնակ մնացի շատերից.
թափուր մնացի իմ որդիների բազում մեղքերի պատճառով,
որովհետև խոտորվեցին Աստծու օրենքներից
13և նրա արդարադատությունը չճանաչեցին.
ո՛չ գնացին Աստծու պատվիրանների ճանապարհներով,
ո՛չ էլ նրա արդարության խրատի շավիղներով ելան։
14Թող Սիոնի պանդուխտները գան ու հիշեն
իմ որդիների և դուստրերի գերությունը,
որ նրանց վրա բերեց Հավիտենականը։
15Նրանց դեմ հանեց մի հեռավոր ազգի,
մի լիրբ և այլալեզու ազգի,
որ ո՛չ ակնածում էր ծերից,
ո՛չ էլ ողորմում էր մանկանը։
16Տարան այրիիս սիրելիներին
և դուստրերից թափուր թողեցին մնացածներին։
17Բայց ես չէի կարող օգնել ձեզ։
18Նա, ով չարիքներ բերեց ձեզ վրա,
կփրկի ձեզ ձեր թշնամիների ձեռքից։
19Գնացե՛ք, որդյակնե՛ր, գնացե՛ք,
որովհետև ես ավերակ մնացի։
20Հանեցի խաղաղության պատմուճանը
և հագա իմ խնդրանքների քուրձը.
աղաղակեցի Հավիտենականին իմ օրերում։
21Քաջալերվե՛ք, որդյակնե՛ր,
կանչե՛ք Աստծուն,
և կփրկի ձեզ թշնամիների ձեռքի բռնությունից։
22Քանի որ ձեր փրկության համար ես հույսս դրեցի Հավիտենականի վրա,
ինձ ուրախություն եկավ Սուրբից ողորմության համար,
որ շուտով ձեզ կգա ձեր Հավիտենական Փրկչից։
23Թեպետ ձեզ ճանապարհ դրեցի սգով ու լացով,
բայց Աստված ձեզ ցնծությամբ և ուրախությամբ
հավիտյանս ինձ կտա։
24Ինչպես որ այժմ Սիոնի պանդուխտները տեսան ձեր գերությունը,
նույնպես շուտով կտեսնեն Աստծուց ձեր փրկությունը,
որ Հավիտենականից ձեզ վրա կգա մեծ փառքով ու լուսավորությամբ։
25Որդյակնե՛ր, համբերատա՛ր եղեք
Աստծուց ձեզ հասած բարկության հանդեպ։
Քեզ հալածեց քո թշնամին,
բայց շուտով կտեսնես նրա կորուստը
և կելնես նրա պարանոցի վրա։
26Իմ փափկասուն որդիները խիստ ճանապարհներ անցան,
քշվեցին թշնամիներից հափշտակված հոտի պես։
27Քաջալերվե՛ք, որդյակնե՛ր,
և գոչե՛ք առ Աստված,
որպեսզի հիշատակության արժանանաք ձեզ գերեվարողի#Իմա՛ Աստծու։ կողմից։
28Ինչպես ձեր մտքերը մոլորվեցին Աստծուց,
տասնապատիկ կդառնաք ու կփնտրեք նրան,
29որովհետև նա, ով ձեզ վրա չարիքներ բերեց,
հավիտենական ուրախություն կբերի ձեզ վրա՝ ձեր փրկությամբ հանդերձ»։
Մխիթարություն Երուսաղեմին
30Քաջալերվի՛ր, Երուսաղե՛մ.
քեզ կմխիթարի նա, ով անուն տվեց քեզ։
31Վա՜յ նրանց, որ չարչարեցին քեզ
և որ խնդացին քո կործանման վրա։
32Վա՜յ այն քաղաքներին, որոնց ծառայեցին քո որդիները,
և վա՜յ նրան, ով ընդունեց քո որդիներին։
33Քանի որ ինչպես նա խնդաց քո կործանման վրա
և ուրախացավ, երբ դու ընկար,
նույնպես կտրտմի իր ավերման համար։
34Կվերցնեմ նրանից բազում խրախճանքների ուրախությունը
և սգի կվերածեմ նրա պերճությունը։
35Բազում օրեր հուր կգա նրա վրա Հավիտենականից,
և դևերի բնակություն կլինի բազում ժամանակներ։
36Նայի՛ր արևելք, ո՛վ Երուսաղեմ,
և տե՛ս Աստծուց քեզ եկող ուրախությունը։
37Ահա գալիս են քո որդիները,
որոնց ճանապարհ դրեցիր,
գալիս են՝ Սուրբի խոսքով հավաքվելով
արևելքից մինչև արևմուտք,
Աստծու փառքով ուրախացած։
Արդեն Ընտրված.
ԲԱՐՈՒՔ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն