ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26
26
Պողոսի ինքնապաշտպանությունն Ագրիպպասի առաջ
1Ագրիպպասը Պողոսին ասաց. «Թույլատրված է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց. 2«Իմ մասին հրեաների արած բոլոր ամբաստանությունների համար, Ագրիպպա՛ս արքա, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու։ 3Եվ մանավանդ նրա համար, որ գիտակ ես հրեաների բոլոր կրոնական ավանդույթներին և խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերությամբ լսես ինձ։ 4Բոլոր հրեաներն էլ տեղյակ են իմ կյանքին մանկությունիցս ի վեր, որը հենց սկզբից անցել է Երուսաղեմում՝ իմ ազգի մեջ։ 5Վաղուց ի վեր գիտեն, եթե կամենան վկայել, որ ես որպես փարիսեցի ապրել եմ մեր կրոնի խստագույն օրենքների համաձայն։ 6Եվ այժմ, ատյանի առաջ կանգնած, դատվում եմ Աստծուց մեր հայրերին տրված խոստումի հույսի համար։ 7Գիշեր ու զօր անդադար պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը հուսացել են դրան հասնել։ Այդ հույսի համար, ո՛վ արքա, ես էլ ամբաստանվում եմ հրեաների կողմից։ 8Ձեզ ինչո՞ւ է անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն կտա։ 9Ես ինքս էլ օրինավոր էի համարում շատ բան Նազովրեցի Հիսուսի անվանը հակառակ գործել, 10որ արեցի Երուսաղեմում իսկ. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի և նրանց սպանությանը համաձայն էի։ 11Բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն. առավել ևս մոլեգնելով նրանց դեմ՝ հալածում էի մինչև օտար քաղաքներ»։
Պողոսը պատմում է իր դարձի մասին
12«Երբ քահանայապետների իշխանությամբ ու հրամանով Դամասկոս էի գնում, 13կեսօրին ճանապարհին, ո՛վ արքա, տեսա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել ուժեղ մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։ 14Եվ երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայեցիների լեզվով. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է խթանին ոտքի թաթով հարվածել”։ 15Ես հարցրի. “Ո՞վ ես, Տե՛ր”։ Տերն ասաց. “Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ 16Բայց վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրա. ես քեզ երևացի այն նպատակով, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն ամենի, որ տեսար, և այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝ 17փրկելու ժողովրդիցդ և հեթանոսներից, որոնց մեջ քեզ պիտի ուղարկեմ, 18որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։ 19Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնվեցի, 20այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։ 21Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել։ 22Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին, 23որ Քրիստոսը չարչարվելու է, և մեռելներից առաջին հարություն առնողը լույս է ավետարանելու ժողովրդին ու հեթանոսներին»։
Կոչ ճշմարիտ հավատի
24Երբ նա այս պատասխանը տվեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո մեծ գրագիտությունը քեզ խելացնորության է տանում»։ 25Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, պատվակա՛ն Փեստոս, այլ զգաստության և ճշմարտության խոսքեր եմ արտասանում։ 26Արքան այս բաներին գիտակ է, դրա համար համարձակ եմ խոսում, քանի որ չեմ կամենում այս բոլորից որևէ բան քեզնից ծածկել, որովհետև այս ամենը մի խուլ անկյունում չի եղել։ 27Ագրիպպա՛ս արքա, մարգարեներին հավատո՞ւմ ես. գիտեմ, որ հավատում ես»։ 28Ագրիպպասը Պողոսին պատասխանեց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ 29Պողոսն ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։
30Արքան ոտքի ելավ, ապա՝ կուսակալը, Բերինիկեն և նրանց հետ բոլոր նստածները։ 31Եվ մինչ գնում էին, իրար հետ խոսում էին ու ասում. «Մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։ 32Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթե կայսրին բողոքած չլիներ»։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն