ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 27
27
Պողոսի նավարկությունը դեպի Հռոմ
1Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։ 2Բարձրանալով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը։ 3Հաջորդ օրն իջանք Սիդովն։ Եվ Հուլիոսը, Պողոսի հանդեպ մարդասիրություն ցուցաբերելով, նրան թույլատրեց գնալ բարեկամների մոտ՝ խնամք ստանալու։ 4Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նավարկեցինք Կիպրոսի մոտով ավելի ցած։ 5Ապա Կիլիկիայի և Պամփյուլիայի մեջտեղում, բաց ծովի միջով նավարկելուց հետո իջանք Լիկիայի Մյուռա քաղաքը։ 6Այնտեղ հարյուրապետը, գտնելով Ալեքսանդրիայի մի նավ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ մտցրեց։ 7Եվ բազում օրեր դանդաղ նավարկելուց հետո դժվարությամբ հասանք Կնյուդիայի մոտերքը, իսկ երբ քամին թույլ չտվեց մեզ, նավարկեցինք Կրետեի ներքևի կողմով՝ անցնելով Սալմովնի հրվանդանից։ 8Նրա եզերքով դժվարությամբ անցնելուց հետո հասանք մի տեղ, որ կոչվում էր Գեղեցիկ նավահանգիստ, և որին կից էր Լասեա քաղաքը։
Փոթորիկը և նավաբեկությունը
9Եվ քանի որ արդեն շատ ժամանակ էր անցել, և նավարկելն էլ վտանգավոր կլիներ, ծոմապահության օրերն էլ արդեն անցել էին, Պողոսը նրանց խրատ տվեց 10և ասաց. «Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նավարկությունը չարիքով և բազում վնասով է լինելու ոչ միայն բեռների և նավի համար, այլև մեր անձերի»։ 11Բայց հարյուրապետը նավապետին և նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերին։ 12Երբ նավահանգիստը ձմեռելու համար անհարմար թվաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանան հասնել Փյունիկե քաղաքը և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավակողմ և ցամաք էր նայում։ 13Եվ երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե կհասնեն իրենց կամեցած վայրը։ Նավարկելով Կրետեի եզերքի մոտով անցան։ 14Ոչ շատ ժամեր հետո նավի շուրջը բարձրացավ մի կատաղի քամի, որ կոչվում է Եվրացիկլոն։ 15Երբ նավը քշվեց և քամու դեմ չկարողացավ պայքարել, տեղի տվեցինք և գնում-գալիս էինք։ 16Եվ դիմելով դեպի մի կղզի, որը Կղոդա էր կոչվում, դժվարությամբ կարողացանք բռնել մակույկը, որը նավի վրա քաշեցինք. 17ապա օգնության միջոցներով նավը կապեցին. վախենալով, որ գուցե հորձանուտի մեջ ընկնեն, առագաստն իջեցրին. և այնպես գնում-գալիս էին։ 18Եվ քանի որ սաստիկ տագնապի մեջ էինք, հաջորդ առավոտ բեռները ծովը թափեցինք։ 19Իսկ երրորդ օրն իրենք իրենց ձեռքերով նավի գործիքները ծովը նետեցին։ 20Երբ բազում օրեր ո՛չ արև և ո՛չ էլ աստղեր էին երևում, փոթորիկն էլ նույն սաստկությամբ շարունակվում էր. մեր փրկության ամեն հույս վերացավ։ 21Եվ որովհետև արդեն շատ օրեր քաղցած էին, Պողոսը, կանգնելով նրանց մեջ, ասաց. «Մարդի՛կ, դուք ինձ պետք է անսայիք ու Կրետեից չելնեիք և այս չարիքից ու վնասից խուսափեիք։ 22Արդ, ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև, բացի նավից, ձեզնից և ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։ 23Քանզի այս գիշեր հրեշտակն Աստծու, որին պատկանում եմ ես ու ծառայում, երևաց ինձ 24ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։ 25Դրա համար էլ քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատ ունեմ Աստծու վրա, թե կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։ 26Միայն թե մենք պետք է մի կղզի ընկնենք»։
27Երբ տասնչորսերորդ գիշերը եղավ, և մենք Ադրիականի անդունդների վրա դեռ օրորվում էինք, գիշերվա կեսին նավավարները կարծեցին, թե ցամաք են հասել։ 28Ջրի խորությունը չափող գունդը ցած գցելով՝ քսան գրկաչափ խորություն գտան. որոշ տարածություն հեռանալուց հետո նորից գցեցին և տասնհինգ գրկաչափ գտան։ 29Վախենալով, թե միգուցե խութերով տեղ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխներ ցած գցեցին. տենչում էին, որ լույսը բացվի։ 30Բայց նավավարները մտածում էին նավից փախչել, ուստի մակույկը ծով իջեցրին այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխներ գցելու։ 31Պողոսը հարյուրապետին և զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք ազատվել չեք կարող»։ 32Այն ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին ու մի կողմ գցեցին։ 33Եվ երբ լույսը բացվելու մոտ էր, Պողոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով եք անցկացնում և դեռ ոչինչ չեք կերել։ 34Դրա համար աղաչում եմ ձեզ, որ մի բան ճաշակեք, քանի որ դա հենց ձեր փրկության համար է. որովհետև ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։ 35Եվ երբ այս ասաց, հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհություն տվեց, կտրեց և սկսեց ուտել։ 36Ամենքը քաջալերվեցին, և իրենք էլ սկսեցին ուտել։ 37Նավի մեջ բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։ 38Երբ կերակուրից հագեցան, ցորենը ծովը թափելով՝ նավը թեթևացրին։
39Եվ երբ լույսը բացվեց, տեսան իրենց անծանոթ մի ցամաք, բայց նշմարեցին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել. խորհում էին, թե միգուցե հնար լիներ նավն այնտեղ հասցնելու և փրկելու։ 40Խարիսխները հատակից կտրելով՝ ծովի մեջ գցեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տվեցին՝ դեպի ծովափի կողմը։ 41Ընկնելով երկու ծովերի միջև գտնվող մի ծանծաղուտ՝ նավը թեքեցին, և նավի առաջակողմը, հատակին խրվելով, անշարժ մնաց, իսկ հետևի կողմն ալիքների սաստկությունից ջարդուփշուր էր լինում։ 42Զինվորները խորհրդակցեցին, որ կալանավորներին սպանեն, որպեսզի ոչ ոք լողալով չփախչի։ 43Սակայն հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց ծրագրին արգելք եղավ. հրամայեց, որ ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետվեն և ցամաք ելնեն, 44իսկ մյուսները՝ ոմանք տախտակների վրա, ոմանք էլ նավից ինչ-որ բանի վրա. այսպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 27: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն