Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 2
2
Երեմիան թաքցնում է Վկայության Խորանն ու պաշտամունքի առարկաները
1Նախկին մատյաններում գրված է, թե Երեմիա մարգարեն գերության տարվողներին հրամայեց վերցնել այդ կրակից, ինչպես ցույց տրվեց։ Մարգարեն գերության տարվողներին 2Օրենքը տվեց և պատվիրեց, որ չմոռանան Տիրոջ հրամաններն ու չմոլորվեն իրենց խորհուրդների մեջ, երբ տեսնեն ոսկուց ու արծաթից քանդակված կուռքեր ու պատկերներ և դրանց շրջապատող զարդարանքը։ 3Նա խրատներ տալով աղաչում էր, որ չմոռանան և իրենց սրտից չհանեն Տիրոջ օրենքը։ 4Նույն մատյանում գրված է նաև, որ մարգարեն երկնային հրամանի համաձայն հրամայեց Վկայության խորանն ու Ուխտի տապանակը իր հետ ման ածել, մինչև որ բարձրացավ այն լեռը, որտեղ ելել էր Մովսեսը՝ Աստծու ժառանգությունը տեսնելու համար։ 5Երբ Երեմիա մարգարեն եկավ հասավ այդ վայրը, այնտեղ անտառապատ ու ամուր մի քարանձավ գտավ և Վկայության խորանը, Ուխտի տապանակն ու խնկերի սեղանը ներս տանելով՝ փակեց մուտքը։ 6Նրան ուղեկցող մարդիկ մոտեցան, որ նշան դնեն այդ տեղին, բայց այդ վայրը տանող ճանապարհն անգամ չգտան։ 7Երբ Երեմիան իմացավ դա, սկսեց հանդիմանել նրանց ու ասաց. «Մի՞թե չգիտեիք, որ ըստ հրամանի՝ անհայտ պիտի մնա այդ վայրը, մինչև որ Տերերի Տերը բարեհաճ վերաբերմունք ցույց տա իր արարածներին և հրամայի ժողովել իր ժողովրդին։ 8Դրանից հետո միայն Տերը ցույց կտա այդ վայրը, և Տիրոջ փառքը կերևա ամպի սյան մեջ, ինչպես Մովսեսի ժամանակ էր, և ինչպես որ Սողոմոնն աղաչեց, որ Տիրոջ տաճարը փառավորապես սրբագործվի»։ 9Հայտնի է նաև, որ իմաստությամբ լցված լինելով՝ Սողոմոնը տաճարի նավակատիքի ու ավարտման զոհեր մատուցեց։ 10Եվ ինչպես որ Մովսեսն աղոթեց Աստծուն, և կրակ իջավ երկնքից ու լափեց փայտն ու ողջակեզները, այդպես էլ Սողոմոնն աղոթքի կանգնեց, և կրակ իջավ ու լափեց զոհասեղանի վրայի ողջակեզները։ 11Մովսեսն ասաց. «Կրակ իջավ ու լափեց զոհերը, քանի որ մեղքերի համար մատուցված զոհերի միսը չէր կերվել»։ 12Նույն ձևով Սողոմոնը տոնեց այդ ութ օրերը։
13Այս բաները ներկայացված են նաև Նեեմիայի գրառումներում և հուշերում, ինչպես նաև այն, որ նա, գրադարան հիմնելով, հավաքեց թագավորների ու իշխանների մասին գրված գրքերը, Դավթի գրվածքներն ու տաճարի ընծաների մասին թագավորների հրովարտակները։ Այդ բոլորը հավաքվեց մի տեղ։ 14Նույն ձևով էլ Հուդան մի տեղ հավաքեց պատերազմի պատճառով կորած ու ցրված գրքերը։ Դրանք հիմա մեզ մոտ են պահվում։ 15Արդ, եթե դրանց կարիքն ունեք, մա՛րդ ուղարկեք, և մենք դրանք կտանք ձեզ։ 16Բարի գործ կատարած կլինեք, եթե միշտ պահեք տոն օրերը։ 17Աստված ինքն է, որ փրկություն պարգևեց իր ամբողջ ժողովրդին և բոլորին վերադարձրեց իրենց ժառանգությունը, թագավորությունը, քահանայությունն ու սրբությունները, 18ինչպես խոստացել էր ուխտի միջոցով։ Հույս ունենք Տիրոջ վրա, որ շուտով մեզ կհավաքի սուրբ վայրում, որովհետև նա է մեզ փրկել մեծամեծ փորձանքներից ու մաքրել սրբավայրը։
Հեղինակի տեսակետը մատենագրության մասին
19Ինչ վերաբերում է Հուդա Մակաբեին և նրա եղբայրներին, մեծ տաճարի սրբագործմանը և զոհասեղանի նավակատիքին, 20Անտիոքոս Եպիփանի ու նրա որդի Եվպատորի դեմ մղված ճակատամարտերին 21կամ այն հայտնություններին, որ երկնքից եղան Օրենքի հաստատության համար քաջությամբ մարտնչողներին, այնպես որ սակավաթիվ լինելով՝ աշխարհին տիրանալ ցանկացող բազմաթիվ խուժադուժ ազգերին հալածեցին, 22վերստին տիրեցին ամբողջ տիեզերքում հոյակապ ու շքեղ տաճարին և ազատագրեցին մեծ քաղաքը, քանի որ Տերը՝ Աստված, ամբողջ քաղցրությամբ ու խաղաղությամբ բարեհաճ էր նրանց նկատմամբ,- 23ահա այս բոլորը, որ ժամանակին հինգ հատորով Յասոն Կյուրենացին ներկայացրել է, ջանացինք մի գրքով համառոտակի վերաշարադրել։ 24Տեսնելով թվերի շատությունը և այն դժվարությունը, որ նյութի առատության պատճառով գոյություն ուներ այդ մատյաններում նկարագրված դեպքերին խորամուխ լինել կամեցողների համար, 25հոգ ենք տարել, որ այն հաճելի լինի ընթերցողներին, դյուրին՝ հիշել ցանկացողներին և օգտակար՝ բոլոր ընթերցողներին։ 26Չկարծեք, թե մեզ համար, որ հանձն ենք առել համառոտ բան գրելու այս աշխատանքը, հեշտ, քիչ քրտինք ու տքնություն պահանջող գործ է։ 27Ինչպես որ նա, ով պատրաստվում է ուրախ խնջույք տալ իր ընկերներին, նրանց ուրախացնելու համար ճոխ սեղան պետք է բացի և ոչ թե իր հանգստյան մասին մտածի, այդպես էլ մենք շատերին հաճույք պատճառելու համար այս չարչարանքը հանձն առանք։ 28Իսկ ճշտելն ու ճշգրտելը մեր նախորդների գործն է եղել, մենք հանձն առանք միայն համառոտել, պարզ ու սեղմ դարձնել ընդարձակ խոսքը։ 29Ինչպես որ նոր ապարանքի շինության ժամանակ շատերին է գործ հանձնարարվում, բայց շինության սկիզբն ու ավարտը բուն ճարտարապետի գործն է, իսկ ծեփելը, ներկելը, զարդարելն ու նկարելը՝ արվեստագետի, այդպես էլ մեր դեպքում է։ 30Հարցուփորձ անելը, քննելը, ճշմարիտ խոսքին հետամուտ լինելը, գաղտնիքների մեջ թափանցելը բուն պատմագրի խնդիրն է, 31իսկ համառոտ պատմություն ներկայացնելը, որ այժմ հանձն եմ առել անել, կարող եք ինձանից պահանջել։
32Արդ, այստեղ սկսենք պատմել այն, ինչ խոստացել էինք՝ այլևս որևէ բան չավելացնելով ասվածին, որովհետև անմտություն է գրքի նախաբանն ընդլայնել, իսկ բուն պատմությունը՝ համառոտել։
Արդեն Ընտրված.
Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն