Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 1
1
Նամակներ՝ ուղղված Եգիպտոսի հրեաներին
Առաջին նամակ
1«Երուսաղեմի ու Հուդայի երկրի հրեա եղբայրները ողջունում և հարատև խաղաղություն են մաղթում Եգիպտոսի կողմերում ապրող հրեա եղբայրներին։ 2Աստված թող ձեզ բարիք պարգևի և հիշի իր հավատարիմ ծառաներ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ կնքած ուխտը, 3այնպիսի սիրտ տա ձեզ, որ ըստ ամենայնի պաշտեք իրեն և հոժարակամ ու սրտանց կատարեք նրա կամքը, 4բաց անի ձեր սրտի աչքերն ու ականջները իր օրենքների ու հրամանների համար և խաղաղություն հաստատի, 5լսի ձեր խնդրանքները, բարեհաճ լինի ձեր նկատմամբ և ձեզ չլքի նեղության ժամանակ։ 6Ահա այժմ մենք աղոթում ենք ձեզ համար։
7Դեմետրիոսի թագավորության օրոք՝ հարյուր վաթսունինը թվականին, մենք՝ հրեաներս, այս նամակը գրեցինք ձեզ այն նեղության մեջ, որ մեզ վրա էր հասել այն ժամանակից ի վեր, երբ Յասոնն ու նրա հետ եղածներն ապստամբեցին սուրբ երկրի ու թագավորության դեմ, 8կրակի մատնեցին տաճարի դարպասը և անմեղ արյուն թափեցին։ Մենք աղոթք արեցինք Տիրոջը, և լսեց մեզ. մենք զոհ մատուցեցինք, խունկ ու նաշիհի ընծաներ և դրեցինք ամենօրյա հացերը։ 9Արդ, Տաղավարահարաց տոնը կատարե՛ք Քասղև ամսին»։
Երկրորդ նամակ
10«Հարյուր ութսունութ թվականին երուսաղեմացիները և Հուդայի բնակիչները, ծերակույտը և Հուդան ողջունում են ու խաղաղություն մաղթում Պտղոմեոս արքայի դաստիարակ Արիստաբուլոսին, որ օծված քահանաների ցեղից է, ինչպես նաև Եգիպտոսի կողմերում ապրող հրեաներին։ 11Մենք՝ Աստծու շնորհիվ մեծամեծ փորձություններից փրկվածներս, չափազանց գոհ ենք նրանից, որովհետև թեև թագավորի դեմ պատերազմելու պատրաստություն էինք տեսել, նա ինքը վանեց նրանց, 12ովքեր եկել, շրջափակել ու պաշարված էին պահում սուրբ քաղաքը, 13որովհետև երբ Անտիոքոս թագավորն ինքը անթիվ-անհամար զորքերով գնաց պարսից կողմերը, այնտեղ՝ Նանեի տաճարում, կոտորվեցին Նանեի տաճարի քրմերի խորամանկ դավով։ 14Նանե աստվածուհու հետ ամուսնանալու պատրվակով Անտիոքոսն ինքը իր բարեկամների հետ եկել էր այդտեղ, որպեսզի այդտեղի բոլոր գանձերը վերցնի իբրև օժիտ։ 15Տաճարի քրմերը բոլոր գանձերը դրեցին նրա առաջ, և նա համաձայնվեց ներս մտնել սակավաթիվ մարդկանցով։ Երբ սրահից ներս մտավ, հանկարծ փակեցին պարսպի արտաքին դարպասները, որտեղից մտել էր Անտիոքոսը, 16և բացելով առաստաղի տակ գտնվող գաղտնի պատուհանները՝ սկսեցին այնտեղից մեծ-մեծ քարեր նետել և տեղնուտեղը սպանեցին առաջնորդին ու զինվորներին։ Ներսում նրանց կտոր-կտոր անելուց հետո կտրեցին նրանց գլուխները և պարսպից շպրտեցին ժողովրդի մեջ։ 17Այս ամենի համար օրհնյալ է ամբարիշտներին պատժող Աստվածը։
18Արդ, քանի որ ուզեցինք Քասղև ամսի քսանհինգին տոնել տաճարի սրբագործումը, հարմար գտանք այդ մասին հայտնել նաև ձեզ, որպեսզի դուք ևս կատարեք Տաղավարահարաց ու կրակի տոնը այնպես, ինչպես հաստատել էր Նեեմիան, որը կառուցեց տաճարն ու սեղանը և դրա վրա զոհեր էր մատուցում։
19Որովհետև երբ մեր հայրերը գերի էին տարվում Պարսկաստան, այդ ժամանակվա բարեպաշտ քահանաները զոհասեղանից գաղտնի կրակ վերցրին և տարան թաքցրին մի անջուր ջրհորի խորշերում։ Այդ տեղը զգուշությամբ քողարկեցին այնպես, որ այդ վայրն աննկատ մնա։ 20Շատ տարիներ անց, երբ Աստված կամեցավ, պարսից արքայի հրամանով Նեեմիան կրակը բերելու համար ուղարկեց այն քահանայապետերի թոռներին, որոնք թաքցրել էին այն։ Նրանք եկան, պատմեցին ու ասացին. “Մենք այնտեղ կրակ չգտանք, այլ միայն լճացած ջուր”։ 21Ապա նրանց հրաման տվեց գնալ, հանել ջուրն ու բերել։ Երբ հասավ ողջակեզներ մատուցելու ժամանակը, Նեեմիան քահանաներին հրամայեց այդ ջուրը շաղ տալ փայտերի ու ողջակեզների վրա։ 22Երբ դա արեցին, և մի փոքր ժամանակ անցավ, արեգակը շառագույն շողեր արձակեց դրա վրա, և կրակի բոցեր ելան սեղանի վրայի փայտերից ու լափեցին ողջակեզները, այնպես որ բոլորը սքանչացան։ 23Մինչ ողջակեզներն այրվում էին, քահանաները, ձայն բարձրացնելով, սկսեցին աղոթել։ Հովնաթանն առաջնորդում էր, իսկ Նեեմիան և մյուսները նրա հետևից ձայնակցում էին։ 24Աղոթքն այսպիսին էր. “Տե՛ր, Տե՛ր, բոլոր արարածների Աստված, ահեղ, հզոր, ճշմարիտ, արդար և ողորմած, դու ես միակ թագավորը, որ քաղցր ես, 25դու ես, որ բոլորին մատակարարում ես ամեն ինչ, դու ես միայն արդար և ճշմարիտ, ամենակալ ու հավիտենական, դու ես, որ Իսրայելին փրկում ես բոլոր չարիքներից։ Դու ես, որ հայրերին ընտրյալներ դարձրիր և սրբագործեցիր նրանց։ 26Հանուն քո ամբողջ ժողովրդի ընդունի՛ր այս զոհերը և պահպանի՛ր ու սրբագործի՛ր քո ժառանգությունը։ 27Հավաքի՛ր մեր ցրված գերիներին, ազատի՛ր նրանց, որ անարգ ու պիղծ մարդկանց ծառայության տակ են, նայի՛ր քո ծառաներին, որպեսզի թշնամիներն իմանան, թե դու ես մեր Աստվածը։ 28Քո հարվածներն իջեցրո՛ւ պիղծ ու անարգ հեթանոսների գլխին, որոնք բռնանում են և ամբարտավանորեն վարվում մեզ հետ։ 29Քո ժողովրդին հաստատի՛ր քո սրբավայրում, ինչպես Մովսեսն է ասել”։
30Քահանաներն իրենց օրհներգություններն էին երգում, 31իսկ ողջակեզները տակավին այրվում, մոխրանում էին։ Երբ զոհաբերությունն ավարտվեց, Նեեմիան հրամայեց մնացած ջուրը շաղ տալ քարերի վրա։ 32Երբ դա արեցին, բոցն ավելի բորբոքվեց։ Երբ բոցի լեզուները բարձրացան, զոհասեղանի կրակն ավելի բորբոքվեց ու մոխրացավ այն ամենը, ինչ դեռևս մնացել էր։ 33Երբ այս հրաշքը հայտնի դարձավ, ու պատմեցին թագավորին, թե այն վայրում, որտեղ գերի քահանաները կրակն էին թաքցրել, ջուր է բխել, և Նեեմիան ու նրա մոտ գտնվող քահանաները դրանով են ողջակեզները սրբագործել, 34թագավորը, վերահասու լինելով այս դեպքերի իսկությանը, հրամայեց շուրջանակի փակել այդ վայրը և տաճար կառուցել։ 35Եվ բոլոր նրանց, ում հանդեպ թագավորը բարեհաճ էր, բազում նվերներ տվեց և ստացավ նրանցից։ 36Նեեմիայի մոտ գտնվողներն այդ վայրն անվանեցին Նեփթե, որ թարգմանաբար նշանակում է “սրբագործում”։ Բայց շատերը դրան Նեփթայի անունն են տալիս»։
Արդեն Ընտրված.
Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն