Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 15

15
Նիկանորն արգելում է պահել շաբաթը՝ հանգստյան օրը
1Երբ Նիկանորն իմացավ, որ Հուդայի զինվորները Սամարիայի կողմերում են, որոշեց ու պատրաստվեց շաբաթ՝ հանգստյան օրը, հարձակվել նրանց վրա։ 2Այն հրեաները, որոնց Նիկանորը բռնի տանում էր, սկսեցին աղաչել ու ասել. «Տե՛ր, քո կամքն այդպես խիստ ու դաժանորեն մի՛ գործադրիր, այլ փա՛ռք տուր և պատվի՛ր այս օրը, որ Ամենակալ Սուրբն է իբրև հանգստյան օր սահմանել»։ 3Այն ժամանակ անօրենն սկսեց հարցնել ու ասաց. «Մի՞թե երկնքում գոյություն ունի Ամենակալ Աստված, որը հրամայել է ձեզ շաբաթ օրը նվիրական պահել»։ 4Նրանք պատասխանեցին՝ ասելով. «Այո՛, ամենազոր, կենդանի Տերն է, որ հրամայել է նվիրական պահել շաբաթվա յոթերորդ օրը»։ 5Ամենաժանտ այդ մարդն արհամարհանքով ասաց. «Ամենահզոր եմ այս երկրի վրա, որ հրամայում եմ գործել զենքով ու զրահով և կատարել արքունի գործերը»։ Այդ անօրենը չէր հրաժարվում իր գոռոզությունից։ 6Նիկանորը համառորեն որոշել էր հարձակվել Հուդայի մարդկանց վրա, կոտորել և հաղթության նշան կանգնեցնել։ 7Իսկ Մակաբեն մշտապես հույսը դնում էր Տիրոջ վրա, որ երբեք չէր դադարում նրան օգնելուց։ 8Նա հուսադրում էր իր հետ գտնվողներին և ասում. «Չվախենաք, չսարսափեք անօրեն հեթանոսներից։ Նախնիների քաջագործություններն ու երկնքից եկած օգնությունը հիշելով՝ հարձակվե՛ք և այժմ էլ ակնկալե՛ք, որ Տերը հաղթություն ու մխիթարություն կտա»։ 9Օրենքներով ու մարգարեներով քաջալերում էր նրանց՝ հիշեցնելով նրանց մղած պատերազմները։ 10Այսպես սրտապնդելով ավելի պատրաստակամ դարձրեց նրանց՝ հիշեցնելով նաև հեթանոսների կեղծիքն ու ուխտազանցությունը։
Մակաբեի բարենշան երազը
11Նրանցից յուրաքանչյուրին ավելի շատ սրտապնդում էր ոգևորիչ խոսքերով, քան զենքով՝ տեգերով ու վահաններով։ Այդ պահին պատշաճ մի երազ էլ պատմեց, որով ավելի զվարթացրեց բոլորին։ 12Նրա տեսած երազը այս էր. Օնիան, որ ժամանակին քահանայապետ էր եղել, գեղեցիկ դեմքով, շքեղ արտաքինով, հեզաբարո, խաղաղ սրտով, գրավիչ խոսքով և մանկուց առաքինություններով դաստիարակված մի մարդ, ձեռքերը բարձրացրած աղոթում էր հրեա ազգի հաստատության համար։ 13Ապա երևաց փառահեղ, սքանչելի ու խիստ վայելուչ մի ծերունի ու կանգնեց նրա մոտ։ 14Օնիան սկսեց խոսել ու ասաց. «Սա մեր եղբայրասեր ծերունին է, որ միշտ ու հաճախ աղոթք է մատուցում Աստծուն, Աստծու մարգարե Երեմիան»։ 15Երեմիան, աջ ձեռքը մեկնելով, Հուդայի ձեռքը ոսկե մի սուսեր տվեց և տալով այսպես ասաց. 16«Ընդունի՛ր այս սուրբ սուսերն իբրև Տիրոջ կողմից տրված պարգև, որովհետև դրանով ես ոչնչացնելու բոլոր թշնամիներին»։
Նիկանորի պարտությունն ու մահը
17Հուդայի այս ազդու և գեղեցիկ խոսքերից խիստ քաջալերվեցին ու ոգևորվեցին, և երիտասարդները նոր ուժ ստացան։ Որոշեցին այլևս չընկրկել, այլ ոտքերը հաստատուն դնել գետնին, համբերությամբ լցվել, պատերազմի ելնել, քաջի անուն վաստակել, հավատարմության ուխտը հաստատ պահել և քաղաքի համար դժվարություն հանձն առնել։ 18Նրանք ավելի շատ մտահոգվում էին հանուն մեծ ու սուրբ տաճարի պատերազմելու, քան կանանց, երեխաների, հարազատ եղբայրների ու տոհմակից քաղաքացիների համար։ 19Քաղաքում մնացածներն էլ նվազ չէին անհանգստանում մղվող պատերազմի ու նրա ելքի համար։ 20Երկու կողմերի զորքերը միմյանց վրա հարձակվելուց առաջ թշնամու բանակը փող հնչեցրեց, պատրաստություն տեսավ, ճակատ կազմեց, բոլոր գնդերի գլուխ սպառազինված փղեր կանգնեցրեց, հեծելազորը բաշխեց աջ ու ձախ կողմերում։ 21Հուդան, տեսնելով այդ սարսռազդու տեսարանը՝ գնդերի պարզած դրոշները, բազմատեսակ զենքերի պատրաստությունը, տարբերանշանների փողփողալն ու հսկա գազանների կատաղությունը, ձեռքերը երկինք պարզած՝ դիմեց հրաշագործ Տիրոջը, որ հաղթանակ է պարգևում ոչ թե ըստ մարդկանց ցանկության, այլ ըստ իր արդարադատ կամքի՝ այն մարդկանց, որ արժանի են դրան։ 22Նա դիմեց նրան այսպիսի աղաչանքով. «Դու, տերերի՛ Տեր, Եզեկիել արքայի ժամանակ ուղարկեցիր քո հրեշտակին և Սենեքերիմի զորքից կոտորեցիր հարյուր ութսունհինգ հազար սպառազեն հեծյալի։ 23Արդ, ո՛վ ամենազոր Տեր, որ բնակվում ես երկնքում, ուղարկի՛ր մեզ քո հրեշտակին՝ որպես ահ ու սարսափ, որպես քո բազկի զորություն, որպեսզի սարսափեն ու դողան նրանք, 24որ հայհոյելով հարձակվել են քո ժողովրդի վրա»։ Եվ նա այսպես վերջացրեց իր խոսքը։
25Նիկանորը շեփորներ հնչեցնելով, բազմաթիվ նվագարանների ձայնով իր զորքն էր առաջ շարժում։ 26Սրանք բազմաթիվ աղոթքներով ու պաղատանքներով հարձակվեցին նրանց վրա։ 27Ձեռքերը կռվի մեջ էին, իսկ սրտերը աղոթքներով դարձած էին դեպի երկինք, դեպի Աստված։ Հուդա Մակաբեի բանակը հեթանոսների զորքից կոտորեց ոչ պակաս քան երեսունհինգ հազար մարդու՝ խիստ ուրախանալով, որ Աստված մեծապես օգնեց իրենց։ 28Այսպես գործը հաջող ավարտելով՝ ուրախությամբ վերադարձան։ Երկու կողմերի սպանված զինվորների մեջ գտնելով Նիկանորի դիակն իր զենքերով ու զինանշաններով հանդերձ՝ 29մայրենի լեզվով ու բարձր ձայնով օրհնեցին իրենց Ամենազոր Աստծուն։ 30Ազգի համար հոժարակամ նահատակվելու պատրաստ Հուդան հրամայեց, որ կտրեն Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը ուսով հանդերձ և տանեն Երուսաղեմ։ 31Երբ ինքը եկավ հասավ, կանչեց իր ազգատոհմի մարդկանց, քահանաներին կանգնեցրեց զոհասեղանի առջև, բերել տվեց նաև միջնաբերդում մնացած մարդկանց և 32նրանց ցույց տվեց անօրեն, հայհոյող Նիկանորի գլուխն ու այն ձեռքը, որ ամբարտավան գոռոզությամբ հանդգնել էր երկարել Ամենակալ Աստծու տաճարի դեմ։ 33Նա հրամայեց կտրել անօրեն Նիկանորի լեզուն և ասաց. «Մանր-մանր կտրատելով սա՝ գիշակեր թռչուններին կեր պիտի դարձնեմ»։ Իսկ նրա անխոհեմ բազուկը հրամայեց կախել տաճարի դիմաց։ 34Բոլորը դեպի երկինք՝ իրեն հայտնած Աստծուն ուղղեցին իրենց օրհներգությունները և ասացին. «Օրհնյա՜լ լինի նա, ով իր սուրբ վայրն անարատ պահեց»։
35Մակաբեն Նիկանորի գլուխը կախեց միջնաբերդից ի ցույց բոլորի, որպես նշան Տիրոջ պարգևած հաղթության ու բացահայտ օգնության։
36Բոլորի համաձայնությամբ ամբողջ ազգին հրաման տվեցին այդ օրն ամենամյա տոն դարձնել, որպեսզի այդ օրն աննկատ չանցնի։ Դա տասներկուերորդ ամսի, որ ասորերեն կոչվում է Ադար, տասներեքերորդ օրն էր՝ Մուրթքեական օրից#Տե՛ս Եսթեր 9.17-18։ մի օր առաջ։
37Նիկանորի հետ կապված դեպքերի պատմությունն այսքան է։ Եվ այն ժամանակներից քաղաքն անցավ եբրայեցիների իշխանության տակ։
Վերջաբան
Այստեղ ես էլ ավարտում եմ այն ժամանակների պատմությունը։ 38Եթե գովության արժանի է շարադրանքս, ապա գոհ եմ, որովհետև դա է եղել իմ ցանկությունը, իսկ եթե խոսքս եղել է պարզունակ ու թույլ, ապա այդքանն եմ կարողացել։ 39Որովհետև ինչպես որ գինին կամ ջուրն առանձին խմելն է տհաճ,- իսկ եթե մեկը դրանք խառնում է իրար, քաղցր ու հաճելի է դարձնում այն,- այդպես էլ այս պատմության կառուցվածքն է հաճելի այն ունկնդրողների ականջին։ Այստեղ ավարտում ենք մեր խոսքը։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք