Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 8
8
Տալ առատաձեռնորեն
1Եղբայրնե՛ր, ուզում եմ, որ գիտենաք Մակեդոնիայի եկեղեցիներին տրված Աստծու շնորհի մասին։ 2Հակառակ իրենց կրած նեղությանն ու ծանր փորձությանը՝ նրանց ուրախությունն անսահման եղավ, և չնայած իրենց ծանր աղքատությանը՝ նրանք մեծ առատաձեռնություն ցուցաբերեցին։ 3Արդարև, վկայում եմ, որ հոժար կամքով տվեցին իրենց կարողության չափով և նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելի։ 4Թախանձագին աղաչում էին մեզ, որ շնորհ ունենան մասնակցելու սրբերին ուղարկվելիք օգնությանը։ 5Եվ ոչ միայն արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլև իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա նաև մեզ՝ Աստծու կամքով։ 6Այնպես որ աղաչեցինք Տիտոսին, որ ավարտին հասցնի օգնության այդ գործը նաև ձեր մեջ, ինչպես որ սկսել էր նախապես։ 7Եվ ինչպես որ գերազանց եք ամեն ինչում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամենայն փութաջանությամբ և մեր հանդեպ ձեր ունեցած սիրով, ուզում ենք, որ այդ գործի մեջ էլ գերազանց լինեք։ 8Իբրև հրահանգ չեմ ասում, այլ ուրիշների փութաջանությունը տեսնելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։ 9Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ 10Եվ այս կապակցությամբ մի խրատ եմ տալիս. սա, ի դեպ, ձեր օգտի համար է. դուք ոչ միայն առաջինը եղաք այդ գործը ձեռնարկելու, այլև առաջինը կամեցաք դեռևս անցյալ տարվանից։ 11Արդ, ավարտի՛ն հասցրեք այն, որովհետև ինչ հոժարությամբ կամեցաք, նույնպես էլ իրագործեք ձեր ունեցածի չափով։
12Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։ 13Ոչ թե ուզում եմ ձեզ նեղության մատնել ուրիշներին թեթևություն պատճառելու համար, այլ թող լինի հավասարությամբ։ 14Ներկայումս ձեր առատությունը թող ծառայի նրանց կարիքներին, որ նրանց առատությունն էլ ծառայի ձեր կարիքներին, որպեսզի հավասարություն լինի, 15ինչպես որ գրված է. «Ով շատ հավաքեց, նրա մոտ չավելացավ, իսկ ով քիչ հավաքեց, նրա մոտ չպակասեց» (Ելք 16.18)։
Տիտոսի առաքելությունը
16Գոհություն Աստծուն, որ ձեզ համար նույն փութաջանությունը դրեց նաև Տիտոսի սրտում։ 17Տիտոսն իմ խնդրանքն ընդունեց և մեծագույն հոժարությամբ շտապեց գալ ձեզ մոտ։ 18Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որի համբավը Ավետարանի քարոզչության գործում ծանոթ է բոլոր եկեղեցիներին։ 19Եվ ոչ միայն այսքանը, այլև կարգվելով եկեղեցիների կողմից՝ ճանապարհորդության ընկեր դարձավ մեզ՝ մասնակցելու այն բարերարություններին, որ մատուցվում են մեր կողմից Տիրոջ փառքի համար և մեր հոժար կամքով։ 20Բայց զգուշանում էինք, որ չլինի թե մեկն արատավորի այն ծառայությունը, որ մատուցվում է մեր կողմից, 21որովհետև բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլև մարդկանց։ 22Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր այն եղբորը, որին փորձեցինք շատ բաների մեջ՝ միշտ պատրաստակամ գտնելով։ Եվ այժմ նա է՛լ ավելի պատրաստակամ է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։ 23Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ մտերիմն է և ձեր գործակիցը։ Մյուս եղբայրները եկեղեցու առաքյալներն են և Քրիստոսի փառքը։ 24Եվ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցո՛ւյց տվեք ձեր սիրո և ձեր հանդեպ մեր պարծանքի ապացույցը։
Արդեն Ընտրված.
Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 8: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն