Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12

12
Պողոսի երկնային տեսիլքը
1Արդ, ես պիտի պարծենամ, թեև անօգուտ է։ Սակայն կպատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների և հայտնությունների մասին։ 2Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք։ 3Եվ գիտեմ այնպիսի մարդու (մարմնով էր, թե առանց մարմնի՝ չգիտեմ, Աստված գիտի), 4որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատմելի խոսքեր, որ մարդու արտոնված չէ արտասանել։ 5Այդպիսի մեկով պիտի պարծենամ, բայց ինքս ինձնով չպիտի պարծենամ, եթե ոչ միայն իմ տկարություններով։ 6Իհարկե, եթե ուզենայի պարծենալ, անմիտ չէի լինի, որովհետև ճշմարտությունն ասած կլինեի։ Բայց հրաժարվում եմ ասելուց, որպեսզի չլինի թե որևէ մեկն ավելի բարձր համարում ունենա իմ մասին, քան այն, ինչ տեսնում է իմ մեջ կամ լսում է ինձնից։ 7Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։ 8Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն ինձնից հեռացնի։ 9Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։ 10Դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքներին և նեղությունների համար, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր։ 11Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։ 12Առաքյալ լինելու նշանները Աստված ցույց տվեց այն գործերով՝ նշաններով, սքանչելիքներով և զորավոր հրաշքներով, որ ես մեծ համբերությամբ կատարեցի ձեր մեջ։ 13Եվ արդ, ինչո՞վ պակաս մնացիք մյուս եկեղեցիներից, եթե ոչ այն բանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներեցե՛ք ինձ այդ հանցանքը։
Առաքելական այցելություն
14Ահա երրորդ անգամ է, որ պատրաստվում եմ գալ ձեզ մոտ. ձեզ համար բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ փնտրում, այլ ձեզ։ Որովհետև որդիները չէ, որ պարտավոր են հայրերի համար հարստություն կուտակել, այլ հայրերը՝ որդիների։ 15Ես ինքնահոժար կծախսեմ և կզոհաբերվեմ ձեզ համար, թեկուզ և, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրվեմ։ 16Բայց ասենք թե ես բնավ բեռ չեղա ձեզ վրա, որովհետև խորամանկ էի, խաբեությամբ բռնեցի ձեզ։ 17Մի՞թե ձեզ շահագործեցի նրանցով, որոնց ուղարկեցի ձեզ մոտ։ 18Աղաչեցի, որ Տիտոսը գա ձեզ մոտ, և հետն էլ ուղարկեցի այն մյուս եղբորը։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Նույն ոգով չշարժվեցի՞նք, նույն հետքերով չքայլեցի՞նք։ 19Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։ 20Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։ 21Վախենում եմ, որ երբ գամ, իմ Աստվածը դարձյալ ինձ նվաստացնի ձեր առաջ, և սուգ անեմ շատերի համար, որոնք նախապես մեղանչել են և չեն ապաշխարել իրենց գործած պղծության, պոռնկության և անբարոյության համար։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք