Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 9

9
Բերեթի ճակատամարտը և Հուդա Մակաբեի մահը
1Երբ Դեմետրիոսը լսեց, որ Նիկանորն իր բանակով կոտորվել է պատերազմում, դարձյալ երկրորդ անգամ Բաքիդեսին և Ալկիմոսին իր բանակի աջակողմյան թևի հետ ուղարկեց Հուդայի երկիր։ 2Նրանք գնացին Գաղգաղա տանող ճանապարհով, եկան ու ճակատ կազմեցին Մեսալովթում՝ արբելացիների երկրում, գրավեցին այն ու այնտեղ բազմաթիվ մարդկանց սպանեցին։ 3152 թվականի առաջին ամսում նրանք բանակ դրեցին Երուսաղեմի մոտ, 4հետո քսան հազար նիզակակիր մարդկանցով ու երկու հազար սպառազինված հեծյալներով գնացին Բերեթ։ 5Հուդան երեք հազար սպառազեն ընտիր զինվորներով բանակ էր դրել Ելիշայում։ 6Զորագնդի բազմությունը երբ տեսան, խիստ վախեցան. շատերը լքեցին նրան, Հուդայի մոտ ոչ ոք չմնաց, բացի ութ հարյուր սպառազեն հեծյալներից։ 7Երբ Հուդան տեսավ, որ զինվորները լքել են իրեն, իսկ պատերազմը նեղում է իրեն, ընկճվեց, որովհետև չէր հասցնի նորից հավաքել նրանց, 8և հուսալքված սկսեց խոսել մնացածների հետ ու ասաց. «Եկեք նրանց դեմ ելնենք, գուցե կարողանանք դիմադրել նրանց»։ Ինքը համարձակորեն առաջ շարժվեց, բայց զինվորները մոտենալով շրջապատեցին նրան, որ հետ դարձնեն։ 9Սկսեցին խոսել նրա հետ ու ասացին. «Ո՜վ մարդ, մենք չենք կարող նրանց վնասել, այժմ մեր անձը փրկելու մասին մտածենք, հետո կգնանք, կհավաքենք մեր եղբայրներին ու կկռվենք. մենք սակավաթիվ ենք»։ 10Հուդան պատասխան տվեց նրանց և ասաց. «Ես այդ բանը չեմ անի, ես նրանց առաջ փախուստի չեմ դիմի։ Եթե հասել է մեր ժամանակը, քաջությամբ մեռնենք հանուն մեր եղբայրների և վախկոտի անուն չխառնենք քաջի արիությանը»։
11Երկու կողմի բանակների զինվորները ելան ու ճակատ կազմեցին միմյանց դեմ։ Բաքիդեսի սպառազեն բանակը բաժանվեց երկու մասի։ Պարսատիկավորներն ու աղեղնավորները գնում էին գնդի առաջից. նրանք բոլորն էլ ի ծնե պատերազմողներ էին։ Բաքիդեսն աջ թևում էր։ 12Նա շտապեցնում էր զինվորներին, տագնապի փող հնչեցնելով՝ առաջ էր տանում նրանց։ 13Հուդայի գունդն էլ փող հնչեցնելով հարձակում գործեց։ Երկիրը երկու կողմերի աղմուկ-աղաղակից դղրդում էր։ Պատերազմը շարունակվեց առանց դադարի՝ առավոտից մինչև երեկո։ 14Երբ Հուդան նկատեց, որ Բաքիդեսն ընտիր զորքով աջ թևում է կանգնած, իր գնդի սպառազեն, ընտիր զինվորներին իր մոտ կանչեց, քաջալերեց նրանց ու հարձակման անցավ։ 15Նա ջախջախեց Բաքիդեսի զորքի աջակողմյան թևը և նրանց իր առաջն առած՝ հալածեց մինչև Ազովտ լեռան կողմերը։ 16Երբ ձախակողմյան թևի զինվորները տեսան, որ աջակողմյան թևը ջախջախվել է Հուդայի զինվորների առաջ, եկան, միացան ու պաշարեցին Հուդային իր գնդով հանդերձ։ 17Այդ վայրում երկու կողմից էլ շատերը խոցված ընկան։ 18Առաջին նահատակվողների հետ այդտեղ ընկավ նաև Հուդան, իսկ մնացածները փախուստի դիմեցին։
19Երկու եղբայրները՝ Հովնաթանն ու Շմավոնը, վերադարձան, վերցրին Հուդային և տարան թաղեցին իրենց հայրերի գերեզմանում՝ Մովդիիմում։ 20Իսրայելացիները մեծ կոծով ողբացին, սուգ պահեցին բազում օրեր և ասացին. 21«Ինչպե՜ս ընկավ, ինչպե՜ս տապալվեց հզորը՝ Իսրայելի փրկիչը»։ 22Այն բոլոր ճակատամարտերի ու պատերազմների մասին, որ մղել է Հուդան, և այն քաջությունների մասին, որ գործել է նա, այս մատյանում չի գրվել, որովհետև դրանք չափազանց շատ են։
Հովնաթանը հաջորդում է Հուդային
23Հուդայի մահվանից հետո ուրացողները նորից հայտնվեցին Իսրայելի բոլոր սահմաններում, աճեցին ու բազմացան նրանք, որ անիրավություն էին գործում։ 24Այդ օրերին մեծ սով եղավ, և մարդիկ ինքնակամ գնացին նրանց մոտ. բոլորը նրանց կողմն անցան։ 25Բաքիդեսն ընտրեց անօրեն մարդկանց և նրանց իշխանություն տվեց։ 26Նրանք փնտրում, գտնում էին Հուդայի բարեկամներին և բերում Բաքիդեսի մոտ, որը նրանցից վրեժ էր լուծում, չարչարում ու ծանակում։ 27Նեղում ու ծաղրում էին իսրայելացիներին. նրանք այնպիսի բաների միջով անցան, որպիսիք չէին եղել նույնիսկ այն ժամանակ, երբ մարգարեները վերացել էին։
28Հուդայի բոլոր բարեկամները հավաքվեցին, գնացին Հովնաթանի մոտ ու ասացին. 29«Քո եղբայր Հուդայի մահից ի վեր չկա նրա նման մեկը, որ ելնի թշնամիների դեմ, պատասխան տա նրանց, ովքեր, թշնամությամբ գալով, նեղում են մեր ազգը։ 30Արդ, նրա փոխարեն մենք քեզ ընտրեցինք, որ դու մեզ զորապետ ու առաջնորդ լինես և պատերազմես մեր թշնամիների դեմ»։ 31Այդ ժամանակ Հովնաթանն ստանձնեց առաջնորդությունը և բարձրացավ իր եղբայր Հուդայի տեղը։
Հովնաթանը վրեժխնդիր է լինում իր եղբոր համար
32Երբ Բաքիդեսն իմացավ այդ մասին, հնար էր փնտրում սպանելու 33Հովնաթանին ու նրա եղբայր Շմավոնին։ Նրանք փախան Թեկովեի անապատը և եկան, բանակ դրեցին Ասփարի ջրամբարի մոտ։ 34Բաքիդեսն այդ մասին իմացավ շաբաթ օրը. եկավ և ինքն էլ իր զորքով բանակ դրեց Հորդանան գետի այն կողմում։ 35Հովնաթանն իր եղբորը՝ բազմության առաջնորդին, ուղարկեց և իր բարեկամ նաբատացիներին խնդրեց, որ նրանց մոտ պահ թողնեն իրենց կայքն ու գրաստները և այն ամենը, ինչ մնացել էր իրենց մոտ։ 36Սակայն Դամասայում գտնվող Համբրիի որդիները ելան ու բռնեցին Հովհաննեսին և կահ-կարասիով հանդերձ վերցրին տարան իրենց հետ։ 37Դրանից հետո նրա եղբայրներ Հովնաթանին ու Շմավոնին հայտնեցին, որ Համբրիի որդիները հարսանիք են անում և Նադաբաթից մեծ երթով ու անչափ հանդերձանքով հարս են բերում քանանացի մեծամեծ ազնվականներից մեկի դստերը։ 38Նրանք հիշեցին իրենց Հովհաննես եղբորը և վեր կացան, դարան մտան լեռան մի ծործորում։ 39Իրենց հայացքը բարձրացնելով՝ նրանք տեսան, որ մի մեծ երթ՝ հոծ մի ամբոխ է գալիս։ Փեսան իր բարեկամների և իր եղբայրների հետ փողերով, թմբուկներով, տարբեր նվագածուների ու բազում զինված մարդկանց ուղեկցությամբ նրանց առաջ դուրս եկավ։ 40Նրանք ելան դարանից, շատերին սպանեցին ու վիրավոր տապալեցին, իսկ զինված մարդկանց փախուստի մատնեցին և ավար առան նրանց իրերն ու զգեստները։ 41Հարսանիքը փոխվեց լաց ու կոծի, իսկ երաժիշտների ձայնը սգի ու ողբի վերածվեց։ 42Այդպես ամբողջովին լուծեցին իրենց եղբոր վրեժը և վերադարձան Հորդանան գետի ճահճուտը։
43Երբ Բաքիդեսն այդ իմացավ, զորք վերցրեց, շարժվեց նրանց վրա և եկավ հասավ Հորդանան գետի քարայրների մոտ։ 44Հովնաթանն ասաց իր զորքին. «Եկեք ելնենք ու կռվենք հանուն մեր կյանքի, որովհետև այս օրը նման չէ երեկվան և ոչ էլ նախորդ օրվան։ 45Ահավասիկ զորքը ճակատ է կազմել մեր դիմաց։ Ո՛չ ամրոց կա պատսպարվելու, ո՛չ էլ դաշտ՝ փախուստի համար. մեր ետևում էլ՝ Հորդանան գետը։ 46Արդ, եկեք աղաղակենք առ Աստված և հարձակվենք նրանց վրա. գուցե փրկվենք մեր թշնամիների ձեռքից»։ 47Այս խոսքն ասաց ու անմիջապես հարձակվեց Բաքիդեսի վրա, ձեռքը բարձրացրեց, որ հարվածի, բայց նա խույս տվեց։ 48Հովնաթանն ու նրա հետ եղողները նետվեցին Հորդանան գետը և լողալով անցան մյուս կողմը, իսկ թշնամին նրանց չհետապնդեց։ 49Այդ օրը Բաքիդեսի զորքից մոտ հազար մարդ ընկավ։
Ալկիմոսի մահը
50Բաքիդեսը վերադարձավ Երուսաղեմ։ Հուդայի երկրում սկսեցին ամուր քաղաքներ կառուցել՝ Երիքովի ամրոցը, Ամմաուսը, Բեթորոնը, Բեթելը, Մինաթարովթը և Սթեփը՝ ամուր պարիսպներով, հզոր դարպասներով ու հաստատուն նիգերով։ 51Այդ քաղաքներում պահակազոր դրեցին, որպեսզի նեղեն իսրայելացիներին։ 52Ամրացրին նաև Բեթսուր քաղաքը, Գազերան ու Երուսաղեմի միջնաբերդը և այնտեղ մեծ ուժեր ու մթերքի ամբարներ հաստատեցին։ 53Նա երկրի իշխանների որդիներին պատանդ վերցրեց և նրանց բանտարկեց Երուսաղեմի միջնաբերդում։
54153 թվականի երկրորդ ամսին Ալկիմոսը հրամայեց քանդել սրբարանի ներքին սրահի պատը. նրանք սկսեցին քանդել մարգարեների արած գործը։ 55Սակայն Ալկիմոսը կաթվածահար եղավ, և նրա գործերը խափանվեցին։ Նրա բերանը թուլացավ ու լեզուն պապանձվեց, և չէր կարողանում որևէ բան ասել ու իր տան վերաբերյալ կարգադրություններ անել։ 56Այդ ժամանակ Ալկիմոսը մեծ տանջանքներով մեռավ։ 57Երբ Բաքիդեսը տեսավ, որ Ալկիմոսը մեռավ, վերադարձավ արքայի մոտ, և Հուդայի երկիրը երկու տարի խաղաղություն վայելեց։
Բաքիդեսի անհաջողությունը և մեկնումը Հուդայի երկրից
58Անօրենները միտք արեցին ու ասացին. «Ահա Հովնաթանն ու նրա հետ եղողները ապրում են խաղաղ ու անհոգ։ Եկեք բերենք Բաքիդեսին, որ մի գիշերվա մեջ բռնի բոլորին»։ 59Գնացին ու իրենց մտածածն ասացին նրան։ 60Նա մեծաթիվ զորքով արագ ճանապարհ ընկավ և գաղտնի հրովարտակ ուղարկեց Հուդայի երկրում գտնվող իր համախոհներին, որ բռնեն Հովնաթանին ու նրա հետ եղողներին, բայց սրանք դա անել չկարողացան, քանի որ դավը բացահայտվեց։ 61Նրանք բռնեցին երկրի մարդկանցից մոտ հիսուն հոգու, որոնք այս չար խորհրդի առաջնորդներից էին, և խողխողեցին։ 62Հովնաթանը, Շմավոնն ու նրանց հետ եղող մարդիկ խույս տվեցին դեպի Բեթբես, որ անապատում էր, նրա քանդված պատերը վերանորոգեցին և ամրացրին այն։ 63Երբ Բաքիդեսը դա տեսավ, զորք հավաքեց, եկավ պաշարեց այն 64և բազում օրեր կռվեց Բեթբեսի դեմ՝ նրա շուրջը պատերազմական մեքենաներ կանգնեցնելով։ 65Այդ ժամանակ Հովնաթանն իր Շմավոն եղբորը թողեց քաղաքում, իսկ ինքը սակավաթիվ մարդկանցով դուրս եկավ այդ գավառը 66և իրենց վրանում սպանեց Օդոմերային, նրա եղբայրներին ու Փասիրոնի որդիներին։ Դրանից հետո սկսեց կոտորել զինվորներին։ 67Շմավոնն ու նրա հետ եղող մարդիկ էլ ելան քաղաքից ու հրկիզեցին պատերազմական մեքենաները։ 68Նրանք պատերազմեցին Բաքիդեսի դեմ և պարտության մատնեցին նրան, որովհետև նրա մտադրությունն ու նրա արշավանքն իզուր էին։ 69Սա խիստ բարկացավ այն անօրեն մարդկանց վրա, ովքեր իրեն խորհուրդ էին տվել արշավել նրա երկիրը, և սպանեց նրանցից շատերին ու որոշեց վերադառնալ իր երկիրը, որտեղից եկել էր։
70Երբ Հովնաթանն իմացավ այդ, բանագնացներ ուղարկեց նրա հետևից, որ նրա հետ խաղաղություն հաստատեն, դաշինք կնքեն, և նա վերադարձնի բոլոր գերիներին։ 71Նա համաձայնվեց և արեց ըստ Հովնաթանի խոսքի ու երդվեց, որ այլևս չարիք չի հասցնի նրանց մինչև իր կյանքի վերջը։ 72Նա վերադարձրեց այն գերիներին, որ նախկինում վերցրել էր Հուդայի երկրից, իսկ ինքը գնաց իր երկիրն ու այլևս չարշավեց նրանց սահմանների վրա։ 73Եվ պատերազմը դադարեց Իսրայելում։ Հովնաթանը բնակվեց Մաքմասում և սկսեց դատել իր ժողովրդին։ Նա Իսրայելից վերացրեց անօրեններին։

Արդեն Ընտրված.

Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 9: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք