Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 4
4
Ամմաուսի ճակատամարտը
10«Նա թող հիշի մեր հայրերի հետ կնքած ուխտը և մեր ոտքերի առաջ թող կոտորի այս զորքը, 11որպեսզի հեթանոսները գիտենան, թե գոյություն ունի Աստված, որ փրկում է Իսրայելը»։
12Երբ այլազգիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ նրանք հարձակվելով գալիս են իրենց վրա, 13պատերազմելու ելան նրանց գնդերի դեմ։ Հուդայի զինվորները փող հնչեցրին 14ու մի տեղ հավաքվեցին։ Հարձակվեցին, կոտորեցին, փախուստի մատնեցին, 15մի մասին տեղում սպանեցին, ոմանց դաշտում սրախողխող արեցին և փախուստի մատնեցին մինչև Գազիրոնի սահմանները, եդովմացիների, Ազովտի ու Համենի կողմերը։ Այդ օրը խոցված ընկավ շուրջ երեք հազար մարդ։ 16Հուդան վերադարձավ իր զորքով։ Երբ նա եկավ հասավ ճակատամարտի վայրը, 17սկսեց խոսել զորքի հետ ու ասաց. «Դեռ մի՛ մտածեք ընկած դիակները կողոպտելու մասին, 18որովհետև ահա Գորգիասը սպառազինված իր զորքով դեռ կանգնած է մեր դեմ։ Դիրքե՛ր բռնեք, կանգնե՛ք ձեր թշնամիների դեմ, իսկ մարտի հաղթանակից հետո համարձակ կերպով կկողոպտեք նրանց»։ 19Մինչ նա այս խոսքերն էր ասում, տեսան, որ մի գունդ երևաց լեռան կողմից։ 20Գնդի մարդիկ հասկացան, որ իսրայելացիները, պարտության մատնելով իրենց բանակին, կրակի են մատնել ճամբարը, որովհետև բարձրացող ծուխն այդ էր վկայում։ 21Երբ նրանք դա տեսան, վախեցան։ Մանավանդ նկատելով, թե Հուդայի գունդն ինչպես է պատրաստ կանգնած՝ ճակատամարտ տալու համար, 22փախան գնացին փղշտացիների երկիրը։ 23Հուդան վերադարձավ ճակատամարտի վայրը, որպեսզի կողոպտի ընկած դիակները։ Եվ նրանց բանակից վերցրեց ոսկի ու արծաթ, թանկարժեք զգեստներ, կարմիր, կապուտակ, ծովագույն կտորեղեն և մեծ հարստություն։ 24Երբ այնտեղից վերադարձան, սկսեցին գոհություն մատուցել, օրհնել երկնային Տիրոջն ու ասել. «Նա բարի է, հավիտենական է նրա ողորմությունը»։ 25Այդ օրն Իսրայելի համար մեծ փրկություն եղավ։
26Այլազգիներից ովքեր փրկվել էին, եկան պատմեցին Լյուսիասին այն ամենը, ինչ կատարվել էր։ 27Երբ Լյուսիասը դա լսեց, տրտմեց ու երեսի վրա ընկավ գետնին, որովհետև իսրայելացիների վերաբերյալ իր ցանկությունը չէր կատարվել այնպես, ինչպես ինքն էր մտածել, ոչ էլ կատարվել այնպես, ինչպես թագավորն էր պատվիրել իրեն։
Լյուսիասի առաջին արշավանքը
28Հաջորդ տարի նա մոտ վաթսուն հազարանոց հետևակ զորք հավաքեց, հինգ հազարանոց սպառազինված հեծելազոր կազմեց, որպեսզի գա, ավարի մատնի Հուդայի երկիրը։ 29Եկան, հասան, ճակատ կազմեցին Բեթսուրի կողմերում։ Հուդան նրանց դեմ ելավ տասնմեկ հազար մարդկանցով։ 30Երբ տեսան բազմամարդ ու հզոր գունդը, սկսեցին աղոթել, օրհնաբանել Աստծուն և ասել. «Տե՛ր Աստված, դու ես, որ քո ծառա Դավթի ձեռքով խորտակեցիր հզորի հարձակման զորությունը և Սավուղի որդի Հովնաթանի ձեռքը մատնեցիր այլազգիների բանակները։ 31Արդ, Իսրայելի ձեռքով խորտակի՛ր այս զորքի զորությունը։ Թող ոչնչանա նրանց զորությունը՝ հեծյալներով ու հետևակով հանդերձ։ 32Սարսա՛փ գցիր նրանց մեջ, ոչնչացրո՛ւ նրանց հզորության գոռոզությունը, նրանք թող դողան՝ իրենց անկումը տեսնելով։ 33Կործանի՛ր նրանց քո սիրելիների սրով, որպեսզի նրանք, ովքեր ճանաչում են քո անունը, օրհնաբանեն քեզ»։
34Բանակները բախվեցին միմյանց, և այդ ժամանակ Լյուսիասի գնդից հինգ հազար զինվոր ընկավ նրանց առաջ։ 35Երբ Լյուսիասը տեսավ իր գնդի պարտությունն ու Հուդայի գնդի քաջությունը և այն, որ նրանք պատրաստ էին կա՛մ ապրել կա՛մ մեռնել քաջ հաղթողի անուն վաստակելու համար, նահանջեց, գնաց Անտիոքի կողմերը։ Դարձյալ զորք հավաքեց, սպառազինվեց, որպեսզի նորից արշավի դեպի Հուդայի երկիր։
Տիրոջ տաճարի սրբագործումը
36Հուդան ու նրա եղբայրները սկսեցին խոսել ժողովրդի հետ ու ասացին. «Ահա մեր թշնամիները խորտակվեցին մեր ոտքերի տակ։ Եկեք գնանք, մաքրենք սրբարանը, մաքրենք տաճարը, որպեսզի նրա նավակատիքն անենք»։ 37Ողջ ժողովուրդը հավաքվեց, եկավ հասավ Սիոն լեռը 38և տեսավ, որ սրբարանն ավերված է, զոհասեղանը՝ պղծված, դռները՝ հրկիզված։ Գավիթներում թփեր էին բուսել, ինչպես անտառում կամ լեռան վրա, կամարակապ սենյակներն ավերված էին, ներքնախցերը՝ քանդված։ 39Նրանք ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին պատմուճաններն ու գլուխներին հող ցանեցին։ 40Թավալվում էին գետին, փող էին փչում, դեպի երկինք աղաղակ բարձրացնում։
41Այն ժամանակ Հուդան հրաման տվեց, որ զորքը հավաքվի, պաշարի միջնաբերդը և կոտորի հեթանոսներին, մինչ ինքը կմաքրեր սրբարանը։ 42Նա ընտրեց անարատ, օրենքներին հնազանդ քահանաներ 43և մաքրել տվեց սրբարանը։ Նրանք հանեցին պիղծ պաշտամունքային քարերը, հավաքեցին մի առանձին տեղ 44և խորհրդի նստեցին թշնամիների պղծած ողջակեզների զոհասեղանի համար, թե ի՛նչ անեն այն։ 45Որոշվեց քանդել զոհասեղանը, որպեսզի այն իրենց համար հավիտենական նախատինք չլինի, քանի որ այն պղծել էին թշնամիները։ Նրանք քանդեցին զոհասեղանը, 46քարերը տարան դրեցին հարմար մի տեղ, մինչև որ մի մարգարե կգար ու կասեր, թե ի՛նչ անեն դրանց հետ։ 47Նրանք անկոփ քարեր վերցրին, ինչպես սահմանված է Օրենքով, կառուցեցին սրբարանը 48և այն ամենը, ինչ պետք է լիներ տաճարի ներսում, և սրբագործեցին գավիթները։ 49Պատրաստեցին սրբազան նոր սպասքներ և տաճարի ներսը տարան լույսի աշտանակը, խնկերի սեղանն ու առաջավորության հացի սեղանը։ 50Սեղանի վրա խունկ ծխեցին, վառեցին ճրագները և լուսավորեցին տաճարը։ 51Սեղանի վրա դրեցին հանապազօրյա հացը և կախեցին վարագույրները։ Այսպիսով ավարտեցին այն բոլոր գործերը, որ ձեռնարկել էին։
52148 թվականի իններորդ ամսի քսանհինգերորդ օրվա առավոտյան վաղ վեր կացան և 53ըստ Օրենքի զոհ մատուցեցին նոր կառուցված ողջակեզների զոհասեղանի վրա։ 54Այն նույն ժամանակ և նույն օրը, որ հեթանոսները պղծել էին զոհասեղանը, տարվա այդ նույն օրը նորոգվեց այն օրհնության երգերով, փողի, քնարի ու սրնգի նվագակցությամբ։ 55Ողջ ժողովուրդն ընկավ երեսի վրա, խոնարհվեց, երկրպագություն արեց և օրհնաբանեց երկնային Աստծուն, որ հաջողություն էր պարգևել իրենց։ 56Ութ օր նրանք կատարեցին զոհասեղանի նավակատիքը, ուրախությամբ ողջակեզներ, փրկության ու գոհության զոհեր մատուցեցին։ 57Տաճարի ճակատը, կամարակապ դահլիճը ու ներքնախցերը զարդարեցին ոսկե պսակներով ու ոսկե ճարմանդներով, նորոգեցին դարպասները և տեղադրեցին դռները։ 58Ժողովրդի մեջ չափազանց մեծ ուրախության էր տիրում, որովհետև թշնամու նախատինքը ջնջվեց իրենց վրայից։ 59Հուդան, իր եղբայրներն ու իսրայելացի ողջ ժողովուրդը որոշեցին, որ զոհասեղանի նավակատիքի այս օրերը ամեն տարի ութ օր ուրախությամբ ու ցնծությամբ նշվեն նույն այդ ժամանակ՝ իններորդ ամսի քսանհինգերորդ օրը։
60Այդ ժամանակ նրանք Սիոն լեռան շուրջբոլորը բարձր պարիսպներ ու ամուր աշտարակներ կառուցեցին, որպեսզի հեթանոսները չգան, ոտնակոխ չանեն այդ վայրը, ինչպես արել էին առաջ։ 61Հուդան այդտեղ պահապան զորք թողեց, նաև ամրացրեց Բեթսուրը, որպեսզի եդովմացիների կողմից զորքն ապահով պատնեշ ունենա։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն