Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 14
14
Դեմետրիոս Բ արքայի մահը
1Հարյուր յոթանասուներկու թվականին Դեմետրիոս արքան զորք հավաքեց և գնաց մարերի ու պարթևների մոտ՝ նրանցից օգնություն խնդրելու, որպեսզի գա և պատերազմի Տրիփոնի դեմ։ 2Երբ պարսից ու պարթևաց արքա Արշակը լսեց, որ Դեմետրիոսը եկել-մտել է իր երկրի սահմանները, ուղարկեց իր իշխաններից մեկին, որ գնա ու ձերբակալի նրան։ 3Նա գնաց, հարվածեց, կոտորեց Դեմետրիոսի զորքը, ձերբակալեց նրան ու բերեց Արշակի մոտ։ Վերջինս ոստիկաններին հրամայեց կապկպել նրան և բանտ դնել։
4Շմավոնի բոլոր օրերին երկիրը խաղաղություն վայելեց. նա իր ազգի համար շատ բարեգործություններ կատարեց։ Նա տիրեց գավառների, 7բազմաթիվ գերիներ վերցրեց, տիրեց Գազարային, Բեթսուրին և միջնաբերդին։ 8Մարդիկ հանգիստ իրենց հողն էին մշակում. հողն իր բերքն էր տալիս, մրգատու ծառերը՝ առատ պտուղ։ 9Ծերերը նստում էին հրապարակներում, բարի գործերի մասին իրար հետ խորհրդակցում, իսկ երիտասարդները զինվորական շքեղ հանդերձներ էին հագնում։ 10Նա քաղաքներն ապահովեց պարենով ու դրանց համար պաշտպանական հարմարանքներ պատրաստեց։ Նրա փառքի համբավը հասավ մինչև երկրի չորս կողմերը։ 11Նա խաղաղություն հաստատեց։ Իսրայելը ցնծում էր մեծ ուրախությամբ։ 12Ամեն մեկը նստում էր իր այգում, իր թզենու տակ, և ոչ ոք չէր վախեցնում նրանց։ 13Այդ ժամանակներում աշխարհի երեսից վերացան իրենց դեմ կռվողները և խորտակվեցին թագավորները։ 14Նա ոտքի կանգնեցրեց ու օգնեց ժողովրդի խեղճ մարդկանց, նախանձախնդիր եղավ Օրենքի նկատմամբ և երկրի երեսից բնաջնջեց բոլոր չար ու անօրեն մարդկանց։ 15Նա փառավոր դարձրեց սրբարանը և շատացրեց նրա սպասքը։
Սպարտացիների նամակը Շմավոնին
16Հռոմում և մինչև Սպարտայի կողմերը լսեցին, որ Հովնաթանը մեռել է, և խիստ տրտմեցին։ 17Բայց երբ լսեցին, որ նրա փոխարեն իր եղբայր Շմավոնն է դարձել քահանայապետ և իշխում է այդտեղ գտնվող գավառներին ու քաղաքներին, 18բանագնացներ ուղարկեցին և պղնձե տախտակների վրա հրովարտակ գրեցին, որպեսզի նորոգեն նրա եղբայրներ Հուդայի ու Հովնաթանի հետ հաստատած հին բարեկամության ուխտը։ 19Դա բերեցին ու կարդացին Երուսաղեմի ժողովրդի առաջ։ 20Այս է սպարտացիների ուղարկած հրովարտակի պատճենը. «Սպարտացիների իշխաններն ու առաջնորդները մեծ քաղաքի բնակիչների հետ ողջունում են Շմավոն քահանայապետին, իսրայելացիների ծերակույտին, քահանաներին և ողջ հրեա ժողովրդին՝ մեր եղբայրներին։ 21Ձեր ուղարկած բանագնացները պատմեցին մեզ ձեր փառքի ու պատվի մասին, և մենք ուրախացանք նրանց գալստյամբ։ 22Մենք ձեր պատգամները գրեցինք մեր ժողովրդի խորհուրդների մատյանում՝ ըստ այս օրինակի. “Անտիոքոսի որդի Նումենիոսն ու Յասոնի որդի Անտիպատրոսը՝ հրեաների պատգամաբերները, եկել են մեզ մոտ, որպեսզի նորոգեն մեր ազգի հետ բարեկամությունը։ 23Բոլոր սպարտացիների համար հաճելի էր մեծ պատվով ընդունել այդ մարդկանց և նրանց ասածների պատճենը դնել Սպարտայի ժողովրդի խորհուրդների մատյանի աչքի ընկնող մի տեղում և հրովարտակի պատասխանն ուղարկել Շմավոն մեծ քահանային”»։
24Այս դեպքերից հետո Շմավոնը մեծ նվերներով և հազար քանքարի ոսկյա վահանով նորից պատգամավորներ ուղարկեց Հռոմ, որպեսզի գնան և հաստատեն նախկին բարեկամությունն ու զինակցությունը։
Շմավոնը՝ Հուդայի երկրի քահանայապետ և զորավար
25Երբ ժողովուրդն այս բաները լսեց, սկսեց խորհել ու ասել. «Այժմ մենք ինչո՞վ կարող ենք հատուցել Շմավոնի ու նրա որդիների երախտիքը, 26որովհետև նա, նրա եղբայրներն ու նրա հոր տոհմը հաստատուն մնացին, կոտորեցին Իսրայելի թշնամիներին և ազատություն պարգևեցին նրան»։ Այս մասին նրանք գրեցին պղնձե տախտակների վրա և դրանք Սիոն լեռան վրա կանգնեցրին իբրև կոթող։ 27Այս է այդ գրության պատճենը. «Հարյուր յոթանասուն թվականին, Էլուլ ամսի տասնութին, Շմավոնի քահանայապետության երրորդ տարում, 28Սարամելում՝ քահանաների, ժողովրդի, ազգի առաջնորդների և երկրի ծերակույտի մեծ ժողովի առաջ մեզ հայտարարվեց. “Քանի որ բազմաթիվ պատերազմներ են մղվել երկրում, 29Հովարիմի որդիներից Մատաթիայի որդի Շմավոն քահանայապետն ու իր եղբայրները, իրենց կյանքերը վտանգի ենթարկելով, մարտնչեցին ու դիմակայեցին իրենց ազգի թշնամիներին, որ իրենց սրբություններն ու օրենքները չպղծվեն, և մեծ փառք բերեցին իրենց ազգին։ 30Հովնաթանը միավորեց իր ազգը և դարձավ քահանայապետ, ապա մեռավ ու միացավ իր նախնիներին։ 31Երբ նրանց թշնամիները կամեցան հարձակվել նրանց երկրի վրա ու ձեռք մեկնել նրանց սրբություններին, 32այդ ժամանակ ի հայտ եկավ Շմավոնը և հանուն իր ազգի պատերազմեց։ Նա շատ դրամ ծախսեց իր ունեցվածքից, որ իր ազգի զինվորներին սպառազինի և նրանց պարեն ու ռոճիկ տա։ 33Նա ամրացրեց Հուդայի երկրի քաղաքները և Հուդայի երկրի սահմանների մոտ գտնվող Բեթսուրը, որտեղ նախկինում պահվում էին իրենց թշնամի զորքերի զենքն ու զրահը, և այնտեղ հրեա պահապաններ կարգեց։ 34Նա ամրացրեց նաև ծովեզրին գտնվող Հոպպեն և Ազովտի սահմանների մոտ գտնվող Գազարան, որ նախկինում թշնամու ձեռքին էր։ Նա այնտեղ հրեաներ բնակեցրեց և տվեց այն ամենը, ինչ հարկավոր էր դրանց վերականգման համար։ 35Երբ ժողովուրդը տեսավ Շմավոնի այս բոլոր գործերը և այն փառքը, որ նա կամենում էր ստեղծել իր ազգի համար, նրան քահանայապետ և իշխան կարգեցին, որովհետև այս ամենը նա արել էր նրանց համար և արդարություն ու հավատք էր պահպանել իր ազգի հանդեպ։ Նա ձգտում էր ամեն կերպ բարձրացնել իր ժողովրդին։ 36Իր օրոք նրան հաջողվեց իր երկրից վերացնել հեթանոսներին և նրանց, ովքեր Երուսաղեմի միջնաբերդում էին. նրանք ելումուտ էին անում ու ամբողջովին պղծում սրբարանի շրջակայքը՝ մեծ վնաս հասցնելով նրա մաքրությանը։ Նա արգելափակեց նրանց ու բնաջնջեց։ 37Երկրի ու քաղաքի ապահովության համար պահապաններ նշանակեց այնտեղ և բարձրացրեց պարիսպները։ 38Այս ամենի համար Դեմետրիոս արքան ևս հաստատեց նրա քահանայապետությունը, 39նրան իր հիմնական բարեկամների մեջ դասեց և մեծ պատվի արժանացրեց։ 40Նա լսել էր նաև, որ հռոմեացիները հրեաներին բարեկամ, եղբայր ու նիզակակից են անվանում և պատվով են ընդունել Շմավոնի պատգամավորներին։
41Հրեաներն ու քահանաներն իրենք ցանկացան և հանձն առան Շմավոնին հավիտենապես քահանայապետ ու իշխան ընտրել, մինչև որ մի հավատարիմ մարգարե մեջտեղ կգա, 42որպեսզի նա նրանց առաջնորդող զորավար լինի և հոգ տանի սրբություններին ու պաշտոնյաներ կարգի դրանց գործերի վրա, ինչպես նաև գավառների, զենք ու զրահի և բերդերի վրա։ 43Նա պիտի հոգ տանի սրբություններին, ամբողջ ժողովուրդը պիտի հնազանդվի նրան և նրա անունով պիտի կնքվեն երկրի բոլոր պայմանագրերը. իշխանություն պիտի ունենա ծիրանի զգեստներ հագնելու և ոսկով զարդարվելու։ 44Ժողովրդի կամ քահանաների միջից ոչ ոք իրավունք չպիտի ունենա հակառակվելու նրա հրամաններին կամ առանց նրա թույլտվության երկրում ժողովներ գումարելու կամ ծիրանի զգեստներ հագնելու և կամ ոսկե ճարմանդ կրելու։ 45Եթե որևէ մեկը սրանցից ինչ-որ բան զանց առնի կամ արհամարհի, մահվան կդատապարտվի”»։
46Ժողովրդին հաճելի թվաց, որ Շմավոնը գործի ըստ այս որոշման։ 47Շմավոնը հանձն առավ ու հաճույքով ընդունեց լինել քահանայապետ, հրեաների բանակի սպարապետ և քահանաների գլխավոր և առաջնորդել բոլորին։ 48Նրանք հրամայեցին այս հրովարտակը պղնձե տախտակների վրա գրել և դնել սրբարանի պարսպից ներս, աչքի ընկնող մի տեղ, 49իսկ դրա պատճենները դնել գանձարանում, որպեսզի Շմավոնն ու նրա որդիներն այն միշտ իրենց մոտ ունենան։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 14: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն