Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 15
15
Անտիոքոս Է արքայի թուղթը Շմավոնին
1Դեմետրիոս արքայի որդի Անտիոքոսը կղզիներից հրովարտակներ ուղարկեց Շմավոնին՝ հրեաների քահանայապետին ու կառավարչին, և նրա ամբողջ ազգին։ 2Հրովարտակներն այսպիսի բովանդակություն ունեին. «Անտիոքոս արքայից ողջո՜ւյն քահանայապետ և հրեա ազգի կառավարիչ Շմավոնին։ 3Քանի որ մի քանի անօրեններ եկան ու խլեցին իմ հայրերի թագավորությունը, ուստի ուզում եմ նույն թագավորությունը վերականգնել և հաստատել ինչպես առաջ էր։ Արդ, ես մեծ զորք եմ հավաքել, ռազմանավեր պատրաստել, 4որպեսզի ելնեմ ու իմ հայրերի վրեժը լուծեմ այն ազգերից, որոնք մեր երկրին վնաս պատճառեցին և ավերեցին մեր մեծամեծ քաղաքները։ 5Արդ, ես վերահաստատում եմ հարկերից ազատելու մասին նախկին թագավորների բոլոր պայմանագրերն ու ձեզ ազատ արձակում այլ տեսակի բոլոր վճարումներից։ 6Միաժամանակ հրաման ենք տալիս, որ իրավունք ունենաս առանձին դրամ հատելու քո երկրում։ 7Երուսաղեմն ու սրբարանն ամեն ինչից թող ազատ լինեն։ Քո պատրաստած զենքն ու զրահը և քո կառուցած բերդերը թող քեզ պատկանեն։ 8Արքունի բոլոր պարտքերը, նաև հարկերն ու տուրքերը, որ տալիս եք, այսուհետ հավիտյան թող քեզ պատկանեն։ 9Երբ վերականգնենք մեր թագավորությունը, մեծ փառքով կպատվենք քեզ, քո ազգն ու քո տաճարը, որպեսզի ձեր փառքը հայտնի լինի ամբողջ երկրում»։
Դովրայի պաշարումը
10Հարյուր յոթանասունչորս թվականին Անտիոքոսը եկավ հասավ իր հայրերի երկիրը։ Նրա մոտ հավաքվեցին բոլոր զորքերը, իսկ Տրիփոնի մոտ մնացին սակավաթիվ մարդիկ։ 11Անտիոքոսը նրան հալածեց և քշեց ծովեզրյա Դովրա բնակավայրը։ 12Տեսնելով նրա գլխին եկած չարիքները՝ բոլոր զինվորները լքեցին նրան։ 13Անտիոքոսը եկավ տասներկու հազար հետևակ զինվորներով և ութ հազար սպառազեն հեծյալներով ու բանակ դրեց Դովրայի շուրջը։ 14Նա նավերով փակեց ծովի կողմը և քաղաքը շրջափակեց ծովի ու ցամաքի կողմից։ Ոչ ոքի չէին թողնում ելնել կամ մտնել։
Հռոմեացիների դաշինքի վերահաստատումը
15Նումենիոսն ու նրա ուղեկիցները եկան Հռոմ քաղաքից և երկրի թագավորներին հրովարտակներ բերեցին, որոնցում գրված էր հետևյալը. 16«Հռոմեացիների հյուպատոս Լևկիոսից ողջո՜ւյն Պտղոմեոս արքային։ 17Հուդայի երկրից պատվիրակներ եկան մեզ մոտ, որպես մեր նիզակակից ու օգնական՝ նորոգելու նախկին բարեկամությունը։ Նրանց մեզ մոտ էին ուղարկել Շմավոն քահանայապետն ու հրեա ժողովուրդը։ 18Նրանք մեզ բերեցին հազար քանքարի ոսկյա վահան։ 19Դրա համար որոշեցինք գրել երկրի թագավորներին և բոլոր ազգերին, որ ոչ ոք չար բան չխորհի նրանց նկատմամբ, պատերազմ չմղի նրանց քաղաքների ու երկրի դեմ և չմիանա նրանց դեմ պատերազմողների հետ։ 20Մենք որոշեցինք նրանցից ընդունել վահանը։ 21Արդ, եթե նրանց երկրից փախած անօրեն մարդիկ կան, հանձնե՛ք քահանայապետ Շմավոնին, որպեսզի կարողանա ըստ իրենց օրենքի պատժել նրանց»։
22Նույնը գրեց նաև Դեմետրիոս արքային, Աթալային, Արիարեթին, Արշակին 23և բոլոր երկրներին՝ Սամփսամ, Սպարտա, Դելոս, Մինդոս, Սիկիովն, Կարիա, Սամոս, Պամփիլիա, Լիկիա, Ալիկառնասոս, Ռոդոս, Փասելիդա, Սիդե, Արադոս, Գորտինա, Կնիդոս, Կիպրոս և Կյուրենե։ 24Այս հրովարտակների պատճենը ուղարկեցին նաև քահանայապետ Շմավոնին։
Անտիոքոսը չեղյալ է հայտարարում իր հրամանագիրը
25Անտիոքոս արքան եկավ ու վաղ առավոտյան պաշարեց Դովրան և դրան մարտական մեքենաներ մոտեցնելով՝ սկսեց հարձակումը։ Նա ներսում արգելափակված, պաշարված պահեց Տրիփոնին։ Ոչ ոք չէր կարողանում ներսից դուրս գալ, ոչ էլ դրսից ներս մտնել։ 26Շմավոնը նրան օգնելու համար ուղարկեց երկու հազար ընտիր ռազմիկներ և նվերներ՝ ոսկի, արծաթ ու մեծաքանակ սպառազինություն, 27բայց նա չկամեցավ ընդունել դրանք և դրժեց նրա հետ կնքած իր ուխտն ու օտարացավ նրանից։ 28Նա իր բարեկամներից մեկին՝ Աթենոբիոսին, ուղարկեց նրա հետ բանակցելու և ասաց. «Դուք գրավել ու տիրացել եք իմ թագավորության քաղաքներին՝ Հոպպեին, Գազարային և Երուսաղեմի միջնաբերդին։ 29Դուք ավերել եք դրանց սահմանները, մեծ հարվածներ հասցրել երկրին և շատ գավառներ գրավել ու անջատել եք իմ թագավորությունից։ 30Արդ, վերադարձրե՛ք այդ քաղաքները, գավառներն ու շրջանները և դրանցից գանձվող հարկերը, ինչպես նաև Հուդայի երկրի սահմաններից դուրս գտնվող այն վայրերը, որ բռնազավթել եք մեզանից։ 31Իսկ եթե ոչ, դրանց փոխարեն տվե՛ք հինգ հարյուր քանքար արծաթ, ևս հինգ հարյուր քանքար՝ այդ քաղաքների մինչև այսօր չվճարած հարկերի դիմաց։ Այլապես կգանք, կպատերազմենք, կհարվածենք ու կկոտորենք երկիրը»։
32Երբ արքայի բարեկամ Աթենոբիոսը եկավ Երուսաղեմ և տեսավ Շմավոնի փառքը, ոսկե ու արծաթե սպասքը, մեծաթիվ զորքի սպառազինությունը, ապշեց և հարգանքով հաղորդեց թագավորի պատգամը։ 33Շմավոնը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛չ օտար երկիր ենք մտել, ո՛չ էլ որևէ մեկի բաժնին բռնությամբ ու հանիրավի տիրացել, այլ միայն մեր հայրերի ժառանգությանը, որ թշնամիների կողմից հանիրավի վտարանդի էր դարձել, 34բայց քաջությամբ ժամանակի ընթացքում հետ վերցրինք։ 35Ինչ վերաբերում է Հոպպեին ու Գազարային, որ դուք պահանջում եք, ապա դրանք մեծ վնասներ են հասցրել մեր երկրին, ուստի մենք վրեժ ենք լուծել նրանցից։ Դրանց դիմաց մենք կվճարենք հարյուր քանքար»։ Աթենոբիոսը պատասխան չտվեց։ 36Նա զայրացած վերադարձավ թագավորի մոտ և նրան պատմեց Շմավոնի փառքի ու իր տեսած շքեղության մասին։ Թագավորը խիստ բարկացավ։
Կենդեբոսը ներխուժում է Հուդայի երկիր
37Տրիփոնը փախավ Օրթոսիա։ 38Թագավորը ծովեզերյա շրջանների սպարապետ նշանակեց Կենդեբոսին և նրան մեծաթիվ հեծյալ ու հետևակ զորքեր հանձնեց։ 39Նա պատվիրեց նրան, որ բանակ դնի Հուդայի երկրի դեմ հանդիման և բերդեր շինի, որպես պատրաստություն Իսրայելի ժողովրդի դեմ պատերազմելու։ Իսկ թագավորն ինքը հետապնդեց Տրիփոնին։
40Կենդեբոսը եկավ հասավ Յամնիայի կողմերը և սկսեց գրգռել ժողովրդին, ներխուժել Հուդայի երկիր, գերել ու սպանել։ 41Նա կառուցեց Կեդրոնը և այնտեղ շատ հեծելազոր հավաքեց, որպեսզի ներխուժեն Հուդայի երկիր և պաշարեն դրա ճանապարհները, ինչպես թագավորն էր հրամայել։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 15: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն