Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 5

5
Բարոյական անկարգություններ Կորնթոսում
1Առհասարակ խոսում են ձեր մեջ առկա պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ անգամ չի հանդիպում, ինչպես՝ կենակցել իր հոր կնոջ հետ։ 2Եվ դուք հպարտանում եք, փոխանակ սգայիք, որպեսզի ձեր միջից դուրս հանեիք նրան, ով կատարել է այդ արարքը։ 3Ես թեպետ մարմնով հեռու եմ, բայց հոգով՝ մոտ, արդեն իսկ, ասես մոտ լինելով, դատավճիռս կայացրի նրա դեմ, ով այդպիսի բան կատարեց։ 4Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ դուք միասին հավաքվեք, ես էլ հոգով ձեզ հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ, 5հանձնե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին փրկվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։ 6Լավ բան չէ ձեր պարծանքը. չգիտե՞ք, որ «մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը»։ 7Մաքրե՛ք, դե՛ն նետեք հին խմորը, որպեսզի նոր ու անթթխմոր զանգված լինեք, ինչպիսին եք արդեն, քանի որ Քրիստոսը՝ մեր Զատկի գառը, մորթվեց։ 8Ուրեմն տոնը կատարենք ո՛չ հին խմորով, ո՛չ էլ չարության ու անզգամության խմորով, այլ անկեղծության ու ճշմարտության անթթխմոր հացով։ 9Իմ նամակում գրեցի ձեզ չհաղորդակցվել պոռնիկների հետ։ 10Բայց նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին կամ ագահներին կամ հափշտակողներին կամ կռապաշտներին, այլապես ստիպված պետք է լինեիք աշխարհից հեռանալ։
11Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։ 12Իմ ի՞նչ գործն է դատել նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն։ Չէ՞ որ եկեղեցու անդամներին դուք եք դատում։ 13Իսկ նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն, Աստված է դատելու. «Վերացրե՛ք չարիքը ձեր միջից» (հմմտ. Բ Օր. 22.21)։

Արդեն Ընտրված.

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 5: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք