Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2

2
Պողոսի քարոզչությունը Կորնթոսում
1Ես էլ, եղբայրնե՛ր, երբ եկա ձեզ մոտ, չեկա պատմելու ձեզ Աստծու վկայությունը խոսքի իմաստության գերազանցությամբ. 2որովհետև չմտադրվեցի ձեր մեջ գիտենալ այլ բան, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսին և նույն խաչվածին։ 3Ես տկարությամբ, երկյուղով ու սաստիկ դողով եղա ձեզ մոտ, 4և իմ խոսքն ու քարոզչությունն իմաստության խաբուսիկ խոսքերով չէին, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ ու զորությամբ, 5որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ, այլ Աստծու զորությամբ։
Աստծու իմաստությունը
6Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում են գնում, 7այլ քարոզում ենք Աստծու խորհրդավոր ու ծածուկ իմաստությունը, որն Աստված հավիտյաններից առաջ սահմանել էր մեր փառքի համար, 8որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց. որովհետև, եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։ 9Սակայն ինչպես գրված է.
«Այն, ինչ որևէ աչք չտեսավ,
որևէ ականջ չլսեց,
և մարդու սրտով չանցավ,
Աստված պատրաստեց իր սիրելիների համար» (հմմտ.Ես. 64.3)։
10Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծու խորությունը։ 11Մարդկանցից ո՞վ որևէ բան գիտի մարդու խորհուրդների մասին, եթե ոչ՝ նույն մարդու հոգին, որ իր մեջ է։ Նույնպես և ոչ ոք չգիտի Աստծու խորհուրդները, եթե ոչ Աստծու Հոգին։ 12Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ Հոգին, որ Աստծուց է գալիս, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծու կողմից շնորհվեց մեզ։ 13Եվ ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային ճարտարությամբ արտասանված խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք բացատրում։ 14Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։
15Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ, և ինքը ոչ մեկի կողմից չի քննվում։ 16Իսկ արդ,
«Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը,
որ կարողանա խրատ տալ նրան» (Ես. 40.13)։
Սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։

Արդեն Ընտրված.

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք