Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 11

11
Տղամարդը և կինը պաշտամունքի ժամանակ
1Նմանվե՛ք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին։
2Գովում եմ ձեզ, որ հիշում եք ինձ իմ ամեն ինչով և պահում եք ավանդությունները այնպես, ինչպես ավանդեցի ձեզ։ 3Ուզում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ տղամարդը, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված։ 4Ամեն տղամարդ, երբ աղոթելիս կամ մարգարեանալիս գլուխը ծածկած պահի, անպատված կլինի իր գլուխը։ 5Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։ 6Եթե կինը քողով չի ծածկում իր գլուխը, թող կտրի իր մազերը։ Իսկ եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն անպատշաճ է, ուրեմն թող քողով ծածկի։ 7Տղամարդը չպետք է ծածկի իր գլուխը, որովհետև նա պատկերն ու փառքն է Աստծու, իսկ կինը փառքն է իր ամուսնու. 8քանզի ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինը՝ տղամարդուց, 9ոչ թե տղամարդն ստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ տղամարդու համար։ 10Դրա համար, աղոթելիս կինը պետք է քող դնի գլխին հրեշտակների ներկայության պատճառով։ 11Միայն թե Տիրոջով չկա ո՛չ կին առանց տղամարդու, ո՛չ էլ տղամարդ առանց կնոջ, 12որովհետև, ինչպես կինն է ստեղծվել տղամարդուց, այնպես էլ տղամարդը ծնվում է կնոջից, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։ 13Դուք ինքնե՛րդ դատեք. վայե՞լ է կնոջը առանց քողի աղոթքի կանգնել Աստծու առաջ։ 14Բնությունն ինքը չի՞ ուսուցանում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազերով է, դա անարգանք է իր համար, 15իսկ եթե կինն է երկար մազերով, դա պատիվ է իր համար, որովհետև վարսերը նրան որպես ծածկոց են տրված։ 16Իսկ եթե որևէ մեկը հակված է առարկություններ անելու, ապա թող իմանա, որ մենք նման սովորություն չունենք, ոչ էլ Աստծու եկեղեցիները։
Տիրոջ ընթրիքը
17Բայց սա պատվիրելով ձեզ չեմ գովում, որովհետև ոչ թե դեպի լավն եք ձգտում, այլ դեպի վատթարը։ 18Նախ՝ լսում եմ, որ երբ հավաքվում եք եկեղեցում, հակառակ խմբերի եք բաժանվում, և մասամբ հավատում եմ։ 19Անհրաժեշտ է, որ պառակտումներ լինեն ձեր մեջ, որպեսզի ձեր մեջ հայտնի դառնան նրանք, ովքեր ընտրյալներ են։ 20Հետո՝ Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ, որովհետև երբ դուք միասին հավաքվում եք, 21յուրաքանչյուր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մեկը քաղցած է մնում, իսկ մյուսը՝ հարբած է լինում։ 22Մի՞թե ուտել-խմելու համար տուն չունեք, թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում և չքավորներին ամոթով թողնում։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ։ Ո՛չ, այս կետում ձեզ չեմ գովում։
23Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց, 24գոհություն հայտնեց, կտրեց այն և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արե՛ք այս իմ հիշատակի համար»։ 25Նույն ձևով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. արե՛ք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ խմեք»։
26Ամեն անգամ, երբ այս հացն ուտում եք և այս բաժակը խմում, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։ 27Ուստի ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակը անարժանորեն, հանցապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ 28Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, 29որովհետև ով ուտում է և խմում է անարժանորեն, ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ 30Այդ իսկ պատճառով ձեր մեջ բազմաթիվ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատ են նաև նրանք, ովքեր մեռան։ 31Բայց եթե ինքներս մեզ քննեինք, ապա չէինք պատժվի։ 32Իսկ եթե պատժվում ենք Տիրոջ կողմից, ապա խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։
33Ուրեմն, եղբայրնե՛ր, երբ մեկտեղ հավաքվեք ընթրիքի համար, սպասե՛ք միմյանց։ 34Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի հավաքված չլինեք ձեր դատապարտության համար։ Իսկ մյուս հարցերը, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք