Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 10
10
Չփորձել Աստծուն, ինչպես փորձեց Իսրայելը
1Եղբայրնե՛ր, չեմ ուզում մոռանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդության տակ էին, բոլորն էլ ծովով անցան, 2բոլորն էլ, հետևելով Մովսեսին, մկրտվեցին ամպի և ծովի մեջ, 3բոլորն էլ նույն հոգևոր ուտելիքը կերան 4և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։ 5Բայց նրանց մեծ մասը հաճելի չեղավ Աստծուն, ուստի անապատում ընկան մեռան։ 6Այս ամենը պատահեց որպես օրինակ մեզ համար, որպեսզի չար բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան։ 7Նրանցից ոմանց նման կռապաշտ չլինենք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու, ապա ելան զվարճանալու» (Ելք 32.6)։ 8Չպոռնկանանք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, և մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան մեռան։ 9Չփորձենք Տիրոջը, ինչպես նրանցից ոմանք փորձեցին և օձերի զոհը դարձան։ 10Չտրտնջանք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին և մահվան հրեշտակի ձեռքով կոտորվեցին։ 11Այս ամենը պատահում էր նրանց հետ որպես օրինակ, բայց գրվեց մեզ համար որպես զգուշացում, մեզ, որոնց համար հասել է ժամանակների վախճանը։ 12Հետևաբար, ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ 13Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։
14Ուստի, սիրելինե՛րս, փախե՛ք կռապաշտությունից։ 15Խոսում եմ իբրև գիտակից մարդկանց հետ։ Ինքնե՛րդ դատեք, թե ի՛նչ եմ ասում։ 16Օրհնության բաժակը, որ օրհնում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի արյանը։ Հացը, որը կտրում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի մարմնին։ 17Ինչպես հացը մեկ է, մենք բոլորս էլ մեկ մարմին ենք, որովհետև բոլորս էլ այդ մեկ հացից ենք հաղորդվում։ 18Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. նրանք, որ ուտում են մատուցած զոհից, մի՞թե հաղորդակից չեն սեղանին։ 19Արդ, ի՞նչ եմ ուզում ասել. մատուցված զոհն ինչ-որ արժեք ունի՞, կամ կուռքն ինքնին ինչ-որ արժեք ունի՞։ 20Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում և ոչ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք, որովհետև չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը։ 21Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանին, և՛ դևերի սեղանին։ 22Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։
Քրիստոնեական ազատություն
23Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ ամրացնում է։ 24Ոչ ոք թող իր օգուտը չփնտրի, այլ ընկերոջինը։ 25Կերե՛ք այն ամենը, ինչ վաճառվում է մսի շուկայում, և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք, 26որովհետև «Երկիրն իր ամբողջությամբ Տիրոջն է պատկանում» (Սաղ. 23(24).1)։ 27Եթե անհավատ մեկը ձեզ հրավիրի, և դուք ուզենաք գնալ, այն ամենը, ինչ ձեր առաջ կդրվի, կերե՛ք և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք։ 28Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։ 29Խղճմտանք ասելով ոչ թե ձեր, այլ ընկերոջ խղճմտանքը նկատի ունեմ։ Իսկ ուրիշի խղճմտանքի պատճառով ինչո՞ւ իմ ազատությունը դատապարտվի։ 30Եթե ես գոհություն մատուցելով եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն ուտելիքի պատճառով, որի համար գոհություն եմ մատուցում։ 31Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։ 32Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հեթանոսներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն, 33ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։
Արդեն Ընտրված.
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 10: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն