ԱՌԱԿՆԵՐ 4:1-27

ԱՌԱԿՆԵՐ 4:1-27 ՆՎԱԱ

Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը, Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք. Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ, Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։ Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։ Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։ Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։ Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։ Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի պսակ կպարգևի քեզ»։ Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։ Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։ Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։ Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։ Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։ Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։ Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։ Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։ Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։ Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։ Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։ Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր, Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։ Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի։ Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։