ԱՌԱԿՆԵՐ 4

4
Իմաստության օգուտները
1Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը,
2Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք.
3Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ,
4Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։
5Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։
6Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։
7Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։
8Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։
9Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի պսակ կպարգևի քեզ»։
10Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։
11Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։
12Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։
13Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։
14Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։
15Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։
16Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։
17Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։
18Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։
19Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։
20Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։
21Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր,
22Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։
23Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։
24Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։
25Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի։
26Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։
27Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում