ԱՌԱԿՆԵՐ 3

3
Հորդոր երիտասարդներին
1Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները,
2Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։
3Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։
4Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։
5Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։
6Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։
7Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։
8Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։
9Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։
10Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։
11Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։
12Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։
13Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։
14Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։
15Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։
16Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։
17Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։
18Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։
19Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով#3.19 Բռց. խոհեմություն։ հաստատեց երկինքը։
20Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։
21Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։
22Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ#3.22 Բռց. շնորհք։՝ քո պարանոցի համար։
23Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։
24Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։
25Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։
26Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։
27Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։
28Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։
29Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։
30Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։
31Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր,
32Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։
33Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։
34Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
35Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում