ԵՐԵՄԻԱ 21

21
Երուսաղեմի պարտության կանխատեսումը
1Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը նրա մոտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով. 2«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։
3Եվ Երեմիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք Սեդեկիային։ 4Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի շրջեմ պատերազմական այն գործիքները, որ ձեր ձեռքին են, և որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որ ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ։ 5Ես էլ երկարացրած ձեռքով, զորավոր բազկով և բարկությամբ ու զայրույթով և մեծ սրտմտությամբ պիտի պատերազմեմ ձեր դեմ։ 6Եվ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին՝ մարդ թե անասուն. նրանք մեծ ժանտախտով պիտի մեռնեն։ 7Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի”։
8Եվ դու այս ժողովրդին ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես ձեր առաջ եմ դնում կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։ 9Այս քաղաքում մնացողը սրից ու սովից և ժանտախտից պիտի մեռնի, բայց դուրս եկողը և ձեզ պաշարող քաղդեացիներին հանձնվողը պիտի ապրի, և նրա կյանքն իր համար ավարի պես պիտի լինի։ 10Որովհետև ես իմ դեմքը այս քաղաքի դեմ եմ դարձրել չարիքի համար և ոչ թե բարիքի համար,- ասում է Տերը.- այն պիտի Բաբելոնի թագավորի ձեռքը տրվի, և նա էլ կրակով պիտի այրի այն"”։
Հուդայի արքայական տան դատաստանը
11Եվ Հուդայի թագավորի տանն ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, 12ո՛վ Դավթի տուն,- այսպես է ասում Տերը,- առավոտյան արդար դատե՛ք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի ձեր չար գործերի պատճառով կրակի պես դուրս չգա իմ զայրույթն ու այրի, և հանգցնող չլինի”։ 13Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ#21.13 Նկատի ունի Երուսաղեմ քաղաքը։,- ասում է Տերը,- որ ասում եք. “Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները”։ 14Բայց ես ձեզ պիտի պատժեմ ձեր գործերի պտուղի համեմատ,- ասում է Տերը,- և կրակ պիտի վառեմ նրա անտառում, որ պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում