ԵՐԵՄԻԱ 20

20
Երեմիայի բախումը Փասուր քահանայի հետ
1Եմմերի որդի Փասուր քահանան, որ գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային, որ մարգարեանում էր այս խոսքերը։ 2Եվ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում#20.2 Բռց. կոճղի մեջ։, որ Բենիամինի Վերին դարպասում Տիրոջ տանն էր։ 3Հետևյալ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը ոչ թե Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։#20.3 Շուրջբոլորը սարսափ։ 4Որովհետև այսպես ասաց Տերը. “Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ#20.4 Բռց. մինչ քո աչքերը նայում են։ պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։ 5Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա ամբողջ ունեցվածքը, նրա բոլոր պատվական բաները, Հուդայի թագավորների բոլոր գանձերն իրենց թշնամիների ձեռքը պիտի տամ, և նրանք պիտի կողոպտեն նրանց, առնեն ու տանեն Բաբելոն։ 6Իսկ դու, ո՛վ Փասուր, և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք։ Բաբելոն պիտի գնաս ու այնտեղ մեռնես, և այնտեղ պիտի թաղվեք դու և քո բոլոր բարեկամները, որոնց դու ստությամբ մարգարեություն էիր անում”»։
Երեմիայի գանգատը Տիրոջը
7Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր#20.7 Կամ մոլորության մեջ գցեցիր, խաբեցիր։, և ես հրապուրվեցի#20.7 Ինձ թույլ տվեցի հրապուրվել։, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։ 8Որովհետև երբ որ խոսեմ, աղաղակում եմ, գոռում եմ «բռնություն և ավերում». Տիրոջ խոսքն ամեն օր ինձ համար նախատինք ու կշտամբանք է դարձել։ 9Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։ 10Որովհետև ես շատերի զրպարտանքը#20.10 Բռց. փսփսալ, շշնջալ։ լսեցի. սարսափ է շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, մենք էլ հայտարարենք այն»։ Իմ բոլոր բարեկամները իմ սայթաքելուն էին նայում. «Գուցե խաբվի, այն ժամանակ մենք կհաղթենք նրան և մեր վրեժը կառնենք նրանից»։ 11Բայց զորավոր ախոյանի պես Տերն ինձ հետ է։ Դրա համար ինձ հալածողները պիտի սայթաքեն և չպիտի հաղթեն, որովհետև նրանք խորապես պիտի ամաչեն և չպիտի հաջողեն. նրանց նվաստացումը երբևէ չպիտի մոռացվի։ 12Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։ 13Տիրո՛ջը երգեք, Տիրո՛ջը գովաբանեք որովհետև նա չքավորի կյանքը փրկեց չարագործների ձեռքից։
14Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։ 15Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։ 16Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ։ 17Որովհետև ինձ չմեռցրեց արգանդում, որպեսզի ինձ համար իմ մայրը իմ գերեզմանը լիներ, և նրա արգանդը՝ հավիտյան հղի։ 18Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում