ԾՆՆԴՈՑ 5:1-32

ԾՆՆԴՈՑ 5:1-32 ՆՎԱԱ

Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամ դրեց նրանց ստեղծվելու օրը։ Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։ Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ։ Երբ Սեթը հարյուր հինգ տարեկան էր, ծնեց Ենոսին։ Ենոսի ծնվելուց հետո Սեթը ութ հարյուր յոթ տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սեթի բոլոր օրերը ինը հարյուր տասներկու տարի եղան, և նա մեռավ։ Երբ Ենոսը իննսուն տարեկան էր, ծնեց Կայնանին։ Կայնանի ծնվելուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ենոսի բոլոր օրերը ինը հարյուր հինգ տարի եղան, և նա մեռավ։ Երբ Կայնանը յոթանասուն տարեկան էր, ծնեց Մաղաղիելին։ Մաղաղիելի ծնվելուց հետո Կայնանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Կայնանի բոլոր օրերը ինը հարյուր տասը տարի եղան, և նա մեռավ։ Երբ Մաղաղիելը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Հարեդին։ Հարեդի ծնվելուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Մաղաղիելի բոլոր օրերը ութ հարյուր իննսունհինգ տարի եղան, և նա մեռավ։ Երբ Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկան էր, ծնեց Ենոքին։ Ենոքի ծնվելուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Հարեդի բոլոր օրերը ինը հարյուր վաթսուներկու տարի եղան, և նա մեռավ։ Երբ Ենոքը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։ Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ենոքի բոլոր օրերը երեք հարյուր վաթսունհինգ տարի եղան։ Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց։ Երբ Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկան էր, ծնեց Ղամեքին։ Ղամեքի ծնվելուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարյուր վաթսունինը տարի եղան, և նա մեռավ։ Երբ Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկան էր, ծնեց մի որդի և նրա անունը Նոյ դրեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։ Նոյի ծնվելուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ղամեքի բոլոր օրերը յոթ հարյուր յոթանասունյոթ տարի եղան, և նա մեռավ։ Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։