ԱՄՈՎՍ 3

3
Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին
1Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խոսել է ձեր դեմ, ո՛վ Իսրայելի որդիներ, այն ամբողջ սերնդի դեմ, որ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ասելով. 2«Երկրի բոլոր ազգատոհմերից միայն ձեզ եմ ճանաչել, դրա համար ձեզ պիտի պատժեմ ձեր բոլոր անօրենությունների համար։
Մարգարեի գործը
3Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։ 4Մի՞թե առյուծը կմռնչա անտառում, եթե որս չունենա, մի՞թե կորյունը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։ 5Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։ 6Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։ 7Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։ 8Առյուծը մռնչաց, ո՞վ չի վախենա, Տեր Աստված խոսեց, ո՞վ չի մարգարեանա»։
Սամարիայի դատավճիռը
9Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։ 10Նրանք ուղիղն անել չգիտեն,- ասում է Տերը,- այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում»։ 11Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜ն պատել է երկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։
12Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսի կերպասով զարդարված անկողնու բեկորով»։
13«Լսե՛ք և վկայե՛ք Հակոբի տան դեմ,- ասում է Տեր Աստված՝ Զորքերի Աստվածը։- 14Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։ 15Եվ ես կկործանեմ ձմեռային տունն ու ամառային տունը, և կկորչեն փղոսկրով զարդարված տները, մեծամեծ տներն էլ կբնաջնջվեն»,- ասում է Տերը։

Արդեն Ընտրված.

ԱՄՈՎՍ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում