ՄԱՐԿՈՍ 2
2
Անդամալույծի բժշկումը
(Մտթ. 9.1-8, Ղուկ. 5.17-26)
1Մի քանի օր հետո, երբ Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։ 2Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել, նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։ 3Եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին շալակել էին չորս հոգով։ 4Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։ 5Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, թող քո մեղքերը ներված լինեն քեզ»։ 6Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտում խորհում էին. 7«Այս ի՞նչ հայհոյություն է խոսում սա. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։ 8Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում. 9ո՞րն է ավելի դյուրին. ասել անդամալույծին “Մեղքերդ քեզ ներվա՞ծ են”, թե՞ “Վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն”։ 10Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերը ներելու իշխանություն ունի,- ասաց անդամալույծին,- 11քեզ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ 12Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։
Հիսուսը կանչում է Ղևիին
(Մտթ. 9.9-13, Ղուկ. 5.27-32)
13Հիսուսը դարձյալ գնաց լճի եզերքը։ Ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, իսկ նա ուսուցանում էր նրանց։ 14Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։ 15Երբ Հիսուսը նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։ 16Իսկ դպիրներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսավորների ու մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում և խմում»։ 17Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
Հարց ծոմապահության մասին
(Մտթ. 9.14-17, Ղուկ. 5.33-39)
18Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ էին պահում, ոմանք եկան և Հիսուսին հարցրին. «Ինչո՞ւ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 19Հիսուսը նրանց պատասխանեց. «Մի՞թե հարսանիք հրավիրվածներին կարելի է ծոմ պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է, չի կարելի ծոմ պահել։ 20Բայց կգան օրեր, երբ փեսան իրենցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն այդ օրը։ 21Ոչ ոք նոր, խավը չթափված կտավի կտորը չի կարկատի հնացած զգեստի վրա, ապա թե ոչ, նոր կտորն ամբողջությամբ հին զգեստից կպոկվի, և պատռվածքն ավելի վատթար կլինի։ 22Նաև ոչ ոք նոր գինի չի լցնի հին տիկերի մեջ, ապա թե ոչ, նոր գինին կպայթեցնի հին տիկերը. գինին կթափվի, և տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։
Շաբաթ օրը հարգելու մասին
(Մտթ. 12.1-8, Ղուկ. 6.1-5)
23Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով։ Նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել և ուտել։ 24Փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, որ Օրենքի դեմ է»։ 25Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք երբևիցե չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ կարիքի մեջ ընկավ, քաղց զգալով, ինքը և նրանք, որ իր հետ էին։ 26Ինչպե՞ս մտավ Աստծու տունը Աբիաթար քահանայապետի օրոք և Առաջավորության հացը կերավ՝ տալով նաև նրանց, որ իր հետ էին. այնինչ օրինավոր չէր ուտել, քահանաներից բացի»։ 27Ապա նրանց ասաց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար։ 28Ուրեմն՝ Մարդու Որդին տերն է նաև շաբաթ օրվա»։
Pilihan Saat Ini:
ՄԱՐԿՈՍ 2: ՆԷԱ
Sorotan
Bagikan
Salin

Ingin menyimpan sorotan di semua perangkat Anda? Daftar atau masuk
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն