ՄԱՏԹԵՈՍ 27

27
Հիսուսը տարվում է Պիղատոսի մոտ
(Մրկ. 15.1, Ղուկ. 23.1-2, Հովհ. 18.28-32)
1Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին՝ նրան սպանելու համար։ 2Ապա կապեցին նրան և տարան ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացուն։
Հուդայի մահը
(Գրծ. 1.18-19)
3Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին՝ 4ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ 5Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ 6Իսկ քահանայապետները, արծաթ դրամները վերցնելով, ասացին. «Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակը գցել, որովհետև արյան գին են»։ 7Եվ խորհրդակցելով՝ այդ դրամով գնեցին Բրուտի ագարակը՝ որպես գերեզման օտարների համար։ 8Այդ պատճառով այդ արտը մինչ օրս կոչվում է Արյան ագարակ։ 9Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «Վերցրին երեսուն արծաթը՝ վաճառվածի գինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից, 10և այն տվեցին Բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։
Պիղատոսը հարցաքննում է Հիսուսին
(Մրկ. 15.2-5, Ղուկ. 23.3-5, Հովհ. 18.33-38)
11Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։ 12Եվ երբ ամբաստանվեց քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ 13Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե դրանք որքա՛ն բաներ են վկայում քո դեմ»։ 14Հիսուսը նրան չպատասխանեց, նույնիսկ ոչ մի բառ, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։
Բարաբբան
(Մրկ. 15.6-15, Ղուկ. 23.13-25, Հովհ. 18.39–19.16)
15Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ ազատ արձակելու, որին նրանք էին ցանկանում։ 16Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, որի անունը Հեսու Բարաբբա էր։ 17Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ. Հեսու Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ 18Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։
19Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ 20Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ պահանջեն Բարաբբային, իսկ Հիսուսին մահվան դատապարտեն։ 21Կառավարիչը դիմեց նրանց և ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին. «Բարաբբային»։ 22Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ 23Ամենքն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։ 24Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Այս արդարի արյունից ես անպարտ եմ. դո՛ւք գիտեք»։ 25Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի»։ 26Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ձաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։
27Այն ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան պալատ և նրա շուրջը հավաքեցին ողջ գունդը։ 28Մերկացրին նրան և վրան կարմիր քղամիդ գցեցին։ 29Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ 30Եվ թքելով նրա վրա՝ եղեգն առնում ու խփում էին նրա գլխին։ 31Նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին քղամիդը և հագցրին իր հագուստը։ Ապա տարան նրան խաչը հանելու։
Հիսուսի խաչելությունը
(Մրկ. 15.21-32, Ղուկ. 23.26-43, Հովհ. 19.17-27)
32Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։ 33Հասնելով Գողգոթա կոչված տեղը, որ նշանակում է «Գագաթ», 34Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։ 35Ապա նրան խաչը հանեցին և նրա հանդերձները բաժանեցին՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի կողմից ասված խոսքը. «Իրենց մեջ բաժանեցին իմ հանդերձները և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ 36Զինվորները նստած պահակություն էին անում նրա վրա։ 37Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։ 38Այն ժամանակ նրա հետ խաչը հանվեցին երկու ավազակներ՝ մեկը նրա աջից, մյուսը՝ ձախից։
39Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում գլուխները 40և ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդի ես, ցած իջի՛ր այդ խաչից»։ 41Քահանայապետները, դպիրների ու ծերերի հետ միասին, նույնպես ծաղրում էին նրան և ասում. 42«Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավոր է, այս պահին թող այդ խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ 43Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։ 44Նրա հետ խաչված ավազակներն էլ նույնպես նախատում էին նրան։
Հիսուսի մահը
(Մրկ. 15.33-41, Ղուկ. 23.44-49, Հովհ. 19.28-37)
45Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։ 46Իններորդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).1)։ 47Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ 48Նրանցից մեկն իսկույն առաջ վազեց, քացախով ներծծված սպունգը վերցրեց և եղեգին անցկացնելով՝ տվեց նրան, որ խմի։ 49Իսկ ուրիշներն ասում էին. «Թո՛ղ տեսնենք, թե Եղիան գալի՞ս է նրան փրկելու»։
50Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։
51Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, 52գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան։ 53Նրա հարությունից հետո, գերեզմաններից ելնելով, մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։
54Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
55Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք, հեռվում կանգնած, նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ 56Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։
Հիսուսի թաղումը
(Մրկ. 15.42-47, Ղուկ. 23.50-56, Հովհ. 19.38-42)
57Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ 58Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ 59Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով 60և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ 61Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց։
Գերեզմանի պահպանումը
62Առավոտյան, այսինքն՝ ուրբաթին հաջորդող օրը, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ 63և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։ 64Արդ, հրամայի՛ր, որ գերեզմանը մինչև երրորդ օրն զգուշությամբ պահպանվի։ Չլինի թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան և ժողովրդին ասեն, թե՝ “Մեռելներից հարություն առավ”։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։ 65Պիղատոսը նրանց ասաց. «Պահակազոր ունեք, գնացե՛ք, ուշադիր պահպանե՛ք, ինչպես որ գիտեք»։ 66Եվ նրանք գնացին և գերեզմանը հսկողության տակ առան. քարը կնքեցին և պահակազոր նշանակեցին։

Pilihan Saat Ini:

ՄԱՏԹԵՈՍ 27: ՆԷԱ

Sorotan

Bagikan

Salin

None

Ingin menyimpan sorotan di semua perangkat Anda? Daftar atau masuk