ՄԱՏԹԵՈՍ 26

26
Դավ Հիսուսի դեմ
(Մրկ. 14.1-2, Ղուկ. 22.1-2, Հովհ. 11.47-53)
1Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. 2«Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։
3Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում 4և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն։ 5Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։
Հիսուսի օծումը Բեթանիայում
(Մրկ. 14.3-9, Հովհ. 12.1-8)
6Երբ Հիսուսը եկավ Բեթանիա՝ բորոտ Սիմոնի տուն, 7նրան մի կին մոտեցավ, որն իր հետ մի շիշ թանկարժեք յուղ ուներ։ Եվ մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։ 8Երբ աշակերտները տեսան, բարկացան և ասացին. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը, 9որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»։ 10Հիսուսն իմացավ այս և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ 11Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ 12Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով՝ նա նշանով հայտնեց իմ թաղվելու մասին։ 13Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս Ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն»։
Մատնության գինը
(Մրկ. 14.10-11, Ղուկ. 22.3-6)
14Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ 15և ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ դրամ վճարեցին նրան։ 16Դրանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին նրանց մատներ։
Վերջին ընթրիքը
(Մրկ. 14.12-21, Ղուկ. 22.7-23, Ա Կրնթ. 11.23-25)
17Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։ 18Հիսուսն ասաց նրանց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և նրան ասե՛ք. “Վարդապետն ասում է. իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու Զատիկը”»։ 19Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։
20Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։ 21Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ 22Աշակերտները խիստ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ 23Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ 24Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ 25Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։
Հաղորդության խորհրդի հաստատումը
(Մրկ. 14.22-26, Ղուկ. 22.17-20)
26Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ 27Ապա բաժակ վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից ամենքդ, 28որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։ 29Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։
30Ապա սաղմոսերգելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մրկ. 14.27-31, Ղուկ. 22.31-34, Հովհ. 13.36-38)
31Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք ամենքդ ինձնով գայթակղվելու եք, որովհետև գրված է. “Կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն” (Զաք. 13.7բ)։ 32Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ»։ 33Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Թեև ամենքն էլ քեզնով կգայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։ 34Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։ 35Պետրոսը նրան ասաց. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ նույնիսկ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև մյուս բոլոր աշակերտներն էին ասում։
Աղոթք Գեթսեմանիում
(Մրկ. 14.32-42, Ղուկ. 22.39-46)
36Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր։ Նրանց ասաց. «Նստե՛ք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։ 37Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին։ Նա սկսեց տխրել և տագնապել։ 38Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկե՛ք»։ 39Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսն ի վայր ընկավ, աղոթեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ 40Եկավ աշակերտների մոտ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ 41Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ 42Հիսուսը նորից՝ երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»։ 43Եկավ և դարձյալ նրանց քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ 44Թողեց նրանց և երրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց ու նորից նույն խոսքն ասաց։ 45Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ 46Վե՛ր կացեք գնանք այստեղից, որովհետև ահա հասավ նա, ով մատնելու է ինձ»։
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մրկ. 14.43-50, Ղուկ. 22.47-53, Հովհ. 18.1-12)
47Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։ 48Նա, որ մատնելու էր Հիսուսին, նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրան կձերբակալեք»։ 49Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ 50Հիսուսը նրան ասաց. «Բարեկա՛մ, դրա համա՞ր եկար»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ 51Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը երկարեց, իր սուրը հանեց և հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։ 52Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տե՛ղը դիր, որովհետև, բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։ 53Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ այստեղ այս պահին ինձ համար հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր։ 54Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե այսպես պետք է լինի»։ 55Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։ 56Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այն ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան և փախան։
Հիսուսը ատյանի առջև
(Մրկ. 14.53-65, Ղուկ. 22.66-71, Հովհ. 18.12-1419-24)
57Իսկ նրանք ձերբակալեցին Հիսուսին և տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքված էին դպիրներն ու ծերերը։ 58Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։ 59Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի սպանեն նրան, 60բայց չէին գտնում, չնայած որ բազմաթիվ սուտ վկաներ էին ներկայանում։ Վերջապես մոտեցան երկու սուտ վկաներ 61և ասացին. «Սա ասում էր. “Կարող եմ քանդել Աստծու տաճարը և երեք օրում շինել”»։ 62Քահանայապետը ոտքի կանգնեց և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո մասին ի՞նչ ամբաստանություն են անում»։ 63Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 64Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։ 65Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին և ասացին. «Մահապարտ է»։ 67Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան։ Ոմանք էլ ապտակեցին նրան 68և ասացին. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։
Պետրոսն ուրանում է Հիսուսին
(Մրկ. 14.66-72, Ղուկ. 22.54-62, Հովհ. 18.15-1825-27)
69Իսկ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին մոտեցավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ 70Նա բոլորի առաջ ուրացավ և ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ 71Երբ նա դարպասից դուրս ելավ, նրան մեկ ուրիշ կին տեսավ և այդտեղ կանգնածներին ասաց. «Սա ևս Հիսուս Նազովրեցու հետ էր»։ 72Պետրոսը երդումով դարձյալ ուրացավ. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ 73Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ խոսվածքդ մատնում է քեզ»։ 74Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել և երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։ 75Պետրոսը հիշեց Հիսուսի ասած խոսքը, թե՝ «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։

Pilihan Saat Ini:

ՄԱՏԹԵՈՍ 26: ՆԷԱ

Sorotan

Bagikan

Salin

None

Ingin menyimpan sorotan di semua perangkat Anda? Daftar atau masuk