Philippians 1:3-20

Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ, երբ ձեզ հիշում եմ. ամեն ժամ իմ բոլոր խնդրանքներում ուրախությամբ ձեզ բոլորիդ համար աղոթում եմ՝ Ավետարանը քարոզելուն ձեր մասնակից լինելու համար՝ առաջին օրից մինչև հիմա։ Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Ճիշտ եմ համարում ձեր բոլորի մասին այսպես մտածելը, որովհետև ձեզ իմ սրտում ունեմ. իմ կապանքներում, նաև Ավետարանի պաշտպանության ու հաստատության ժամանակ դուք բոլորդ ինձ հետ շնորհին հաղորդակից եղաք։ Աստված ինձ վկա է, թե ինչպե՛ս եմ Հիսուս Քրիստոսի գորովով փափագում ձեզ բոլորիդ։ Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ ու ամեն հասկացողությամբ, որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված՝ Աստծու փառքի ու գովերգության համար։ Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին, այն աստիճան, որ Քրիստոսով իմ կապանքները հայտնի դարձան ամբողջ պալատին և մյուս բոլորին։ Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակվեցին Աստծու խոսքն առանց վախի խոսելու։ Ոմանք նախանձի ու հակառակության պատճառով, ոմանք էլ հոժարությամբ են քարոզում Քրիստոսին։ Սրանք սիրուց մղվելով են քարոզում՝ գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։ Իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում և ոչ թե անկեղծորեն՝ կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն։ Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ, որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։ Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։
Փիլիպպեցիներին 1:3-20