Matthew 6:7-21

Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։ Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. "Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը. քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից"։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։
Մատթեոս 6:7-21