Galatians 6:6-18

Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։ Տեսե՛ք, թե ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ ձեռքով։ Ովքեր կամենում են մարդկանց հաճելի երևալ, նրանք ձեզ ստիպում են, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի համար չհալածվեն։ Որովհետև այն թլփատվածներն իրենք էլ օրենքը չեն պահում, բայց կամենում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան։ Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։ Որովհետև ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։ Եվ բոլոր նրանց, ովքեր այս կանոնի համաձայն են վարվում, խաղաղություն լինի նրանց վրա, և Աստծու ողորմությունը՝ Իսրայելի վրա։ Սրանից հետո թող ոչ ոք ինձ չանհանգստացնի, որովհետև իմ մարմնի մեջ ես Տեր Հիսուսի վերքի նշաններն եմ կրում։ Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։
Գաղատացիներին 6:6-18