1 Timothy 6:11-21

Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր դրանցից և հետևի՛ր արդարությանը, աստվածապաշտությանը, հավատին, սիրուն, համբերությանը, հեզությանը։ Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։ Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ ամեն ինչի կենսատուն է, և Քրիստոս Հիսուսի առաջ, որ Պոնտացի Պիղատոսի առջև բարի դավանությունը վկայեց, որ դու անբիծ ու անարատ պահես պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորն ու տերերի Տերը, որ միայն նա ունի անմահությունը, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել ու ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ ու զորություն հավիտյանս։ Ամեն։ Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։ Ո՛վ Տիմոթեոս, քեզ տրված ավանդը պահի՛ր ու հեռո՛ւ մնա պիղծ ունայնաբանություններից և սուտանուն գիտության հակառակություններից, որն ընդունելով՝ ոմանք մոլորվեցին հավատից։ Շնորհը քեզ հետ լինի։ Ամեն։
Ա Տիմոթեոսին 6:11-21