ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 33 (30)

33 (30)
16Ես բերք հավաքողների հետևից հասնող ճռաքաղ դարձա 17և հնձանը լցնող բերք հավաքողի պես Տիրոջ օրհնությամբ լցվեցի։
18Հասկացե՛ք, միայն ինձ համար չէ, որ աշխատեցի, այլ բոլորի համար, ովքեր խրատ են փնտրում։
19Լսե՛ք ինձ, ժողովրդի՛ իշխաններ, և ունկնդի՛ր եղեք, եկեղեցո՛ւ առաջնորդներ։
20Որդուդ, կնոջդ, եղբորդ և բարեկամիդ իրավունք մի՛ տուր քո կյանքում և քո ունեցվածքը մի՛ տուր ուրիշի, որպեսզի զղջալով կարիքի մեջ չընկնես։
21Քանի դեռ կենդանի ես, և շունչդ վրադ է, թող ոչ մեկը չփոխարինի քեզ, 22քանզի ավելի լավ է, որ որդիներդ քո կարիքն զգան, քան դու նայես նրանց ձեռքին։
23Քո բոլոր գործերի մեջ գլխավո՛ր եղիր։
24Քո պատվի վրա պարսավանք մի՛ բեր։ Քո կյանքի ավարտի օրը և վախճանի ժամանակ միայն բաշխի՛ր և տո՛ւր ժառանգությունդ։
Ծառաների մասին
25Կերը, գավազանը և բեռը էշինն են. հացը, ծեծը և գործը՝ ծառայինը։
26Գործը կատարի՛ր ծառայով, և դու հանգիստ կունենաս, անգործ թող նրա ձեռքերը, և նա ազատություն կփնտրի։
27Լուծը և շղթաները վիզն են խոնարհեցնում, իսկ լլկանքն ու տանջանքը՝ չարագործ ծառային։
28Նրան գործի՛ դիր, որպեսզի պարապ չմնա, 29քանզի անգործությունը բազում չարիքներ է ծնում։
30Նրան գործի մե՛ջ պահիր, ինչպես վայել է նրան, և եթե նա չհնազանդվի, ծանրացրո՛ւ կապանքները, բայց ամբողջ մարմինը ավելորդ մի՛ ծանրաբեռնիր և մի՛ գործիր անարդարությամբ։
31Եթե դու ծառա ունես, թող նա քեզ նման լինի, քանզի նրան արյամբ ձեռք բերեցիր։
Եթե դու ծառա ունես, նրա հետ եղբոր նմա՛ն վարվիր, քանզի նրա կարիքը կզգաս, ինչպես քո անձի կարիքը։
32Եթե չարչարես նրան, նա խրտնելով կփախչի.
33էլ ո՞ր ճանապարհի վրա նրան պիտի փնտրես։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք