ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 32 (35)
32 (35)
Խրախճանքի մեջ իրեն պահելու մասին
1Եթե քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մեջ, մի՛ հպարտացիր, նրանց մեջ եղի՛ր իբրև նրանցից մեկը։
2Հո՛գ տար նրանց մասին և հետո՛ նստիր, նրանց բոլոր կարիքները կատարելուց հետո՛ բազմիր, որպեսզի ուրախանաս նրանց հետ 3և լավ կառավարելու համար պսակ ստանաս։
4Խոսի՛ր, երբ ավագը դու ես, քանզի քեզ է վայել խոսել ստույգ իմաստությամբ։
5Մի՛ խանգարիր երաժիշտներին։
6Երբ ունկնդրում են քեզ, խոսքդ մի՛ երկարիր և իզուր մի՛ իմաստախոսիր։
7Ինչպես փայլուն ակն է ոսկե զարդի վրա, 8և զմրուխտե ակը՝ ոսկու շրջանակի վրա, այնպես էլ երաժիշտների նվագը քաղցր է գինու վրա։
10Եթե երիտասարդ ես, խոսի՛ր, եթե քեզ պետք է։ Հազիվ մեկ-երկու խո՛սք ասա, եթե հարցնեն։
11Ասա՛ գլխավորը, քիչ խոսքով՝ շատը։
12Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։
13Մեծամեծներին մի՛ հավասարվիր, և որտեղ նրանք խոսում են, մի՛ շաղակրատիր։
14Որոտից առաջ փայլակն է շուտ երևում, իսկ ամոթխածից առաջ շնորհն է շտապում։
15Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը և մի՛ ծուլացիր։
16Այնտե՛ղ զվարճացիր և քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով և ամբարտավանությամբ։
17Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով։
Ընթանալ ըստ Տիրոջ կամքի
18Ով Տիրոջից երկնչում է, խրատ կստանա, և ովքեր առավոտ կանուխ դիմում են նրան, հաճություն կգտնեն։
19Ով օրենք է փնտրում, կլցվի նրանով, և ով կեղծավորություն անի, նրանո՛վ կգայթակղվի։
20Ովքեր երկնչում են Տիրոջից, իրավունք կգտնեն և արդարությունն իբրև լույս կվառեն։
21Մեղավոր մարդը խորշում է հանդիմանությունից և ըստ իր հայեցողության՝ գտնում է արդարացման օրինակներ։
22Առանց խորհրդածության ոչինչ մի՛ արա և անելուց էլ մի՛ զղջա։
23Առանց մտածելու մի՛ անտեսիր իմացությունը։
24Հպարտը և ամբարտավանը չեն զարհուրում Տիրոջ երկյուղից։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 32 (35): ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն