ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 27

27
Խրատներ փորձությունների մասին
1Շատերը մեղանչեցին ունեցվածք կուտակելու պատճառով։
2Ինչպես իրար կից քարերի միջև ցից է խփվում,
3այնպես էլ մեղքն է տեղ գտնում վաճառելու և գնելու միջև։
4Եթե մեկը նախանձախնդրությամբ հաստատակամ չէ Տիրոջ երկյուղի մեջ, արագ կկործանվի նրա տունը։
5Մաղելիս մաղի մեջ աղբն է մնում, ինչպես մարդու կղանքը՝ նրա մտքերի մեջ։
6Բրուտի անոթները փորձվում են կրակի բովի մեջ, իսկ մարդու փորձը՝ իր խորհուրդների մեջ։
7Ծառերի մշակությունը երևում է նրա պտղից, ինչպես խոսքից՝ մարդու սրտի խորհուրդները։
8Մարդուն մի՛ գովիր նրա խոսելուց առաջ. այսպես են փորձում մարդկանց։
9Եթե արդարության հետևից գնաս, կհասնես նրան, և այն կհագնես իբրև փառքի զգեստ։
10Ամեն թռչուն իր նմանին է գտնում, իսկ ճշմարտությունը վերադառնում է արդարություն գործողների մոտ։
11Ինչպես առյուծն է դարանակալ որսին, այնպես էլ մեղքը՝ անիրավություն անողին։
12Բարեպաշտի մասին զրույցը հարատև իմաստություն է, իսկ անզգամը լուսնի պես այլափոխվում է։
13Խնայի՛ր ժամանակդ, երբ անմիտների մեջ ես, բայց տևապես կամեցի՛ր մնալ խելացիների հետ։
14Հիմարների զրույցները ձանձրալի են, և ծաղրելու համար նրանք պիտի մեղքեր գործեն։
15Շատ երդվողի խոսքից ցցվում են լսողի մազերը, իսկ նրանց վեճը ականջ է խլացնում։
16Ամբարտավանների վեճը արյունահեղությունն է, և նրանց բամբասանքը ձանձրալի է լսել։
17Ով հայտնում է գաղտնիքները, կորցնում է հավատարմությունը և իր հոգու համար չի գտնի բարեկամ։
18Երկա՛ր մնա բարեկամի մոտ և հավատարի՛մ եղիր նրան.
19իսկ եթե հայտնես նրա գաղտնիքները, չես գնա նրա հետևից։
20Ինչպես մարդ կորցնում է իր թշնամուն, այնպես կորցնում է մերձավորի սերը։
21Քանզի ինչպես թռչունին, որ քո ձեռքից բաց ես թողնում և էլ չես կարող բռնել, այնպես էլ չես բռնի մերձավորին, որին բաց ես թողնում։
22Մի՛ գնա նրա հետևից, քանզի նա հեռացավ և այծյամի պես փրկվեց որոգայթից։
23Վերքը կարելի է կապել, և հայհոյանքից հետո հաշտություն կա։
24Բայց ով հայտնում է գաղտնիքները, հուսահատության է մատնվում։
Երկակի լեզու
25Ով ակնարկում է աչքով, չարիք է նյութում, և ով տեսնում է այն, թող հեռու մնա նրանից։
26Քո աչքի առջև նա կքաղցրացնի իր բերանը, կզարմանա քո խոսքի վրա, իսկ հետո կծռի իր բերանը և քո խոսքը գայթակղության առարկա կդարձնի։
27Շատ բան ատեցի, բայց ոչ մի բան այնպես չեմ ատել, ինչպես նրան. Տերը նույնպես ատելու է նրան։
28Ով քարը երկինք է նետում, այն իր գլխին կընկնի. նենգավոր մարդու հարվածները բացում են վերքերը։
29Ով հոր փորի, նրա մեջ կընկնի, և ով որոգայթ լարի, կբռնվի նրա մեջ։
30Ով չարություն անի, կգլորվի նրա մեջ և չի էլ իմանա, թե այն որտեղից հասավ իրեն։
31Ամբարտավանների ծաղրն ու նախատինքը, նաև վրեժխնդրությունը առյուծի նման դարանակալ է նրանց։
32Որոգայթով կբռնվեն նրանք, ովքեր ուրախանում են բարեպաշտների անկումով. իրենց մահից առաջ հեծությունը պիտի մաշի նրանց։
33Ոխը և բարկությունը նույնպես գարշելի են. մեղավոր մարդը ամուր կառչում է նրանցից։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք