ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 24

24
Գովք իմաստության
1Իմաստությունը կգովի իրեն և պիտի պարծենա իր ժողովրդի մեջ։
2Բարձրյալի ժողովարանում պիտի բացի իր բերանը և նրա զորության առջև պարծենա.
5«Ես դուրս ելա Բարձրյալի բերանից և մշուշի նման ծածկեցի երկիրը։
7Ես բնակվեցի բարձունքներում, և իմ Աթոռը ամպի սյան մեջ է։
8Միայն ես պտտվեցի երկնքի ծիրով մեկ, գնացի անդունդների խորքերը,
9իշխեցի ծովի ալիքներին,
10բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին ու ազգերին։
11Այս բոլորի մեջ փնտրեցի հանգիստ և այն երկիրը, որտեղ ես հանդարտվեմ։
12Այն ժամանակ բոլորի Արարիչը պատվիրեց ինձ, և նա, ով ստեղծեց ինձ, ցույց տվեց իմ խաղաղության խորանը։
13Նա ասաց. “Դու բնակվի՛ր Հակոբի տոհմի մեջ և Իսրայելի մեջ ժառանգությո՛ւն ստացիր”։
14Սկզբից՝ հավիտենությունից առաջ, Տերն ստեղծեց ինձ, և ես հավիտյան չեմ նվազելու։
15Ես պաշտամունք մատուցեցի նրա սուրբ խորանի առջև, ապա հաստատվեցի Սիոնի մեջ. Տերը նույնպես բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, և իմ իշխանությունը Երուսաղեմի մեջ է։
16Ես արմատավորվեցի փառավոր ժողովրդի մեջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգության մեջ։
17Բարձրացա Լիբանանի նոճու պես և Ահերմոնի լեռների դափնու նման։
18Բարձրացա, ինչպես արմավենին Ենգադիում և ինչպես վարդենու տունկը՝ Երիքովի մեջ։
19Բարձրացա դաշտի վայելուչ ձիթենու պես, բարձրացա սոսու նման։
20Վրանում բուրեցի իբրև կինամոն և խնկի ծառ,
21իբրև քաղբան, խունկ, ստաշխ և իբրև կնդրուկի անուշ հոտ։
22Բևեկնի նման արձակեցի իմ ոստերը, և իմ ոստերը փառքի ու շնորհների ոստեր են։
23Ես իբրև այգի շնորհներ եմ բխում, և իմ ծաղիկները փառքի և հարստության պտուղներ են։
26Մոտեցե՛ք ինձ ամենքդ, որ ցանկանում եք ինձ, և ճաշակե՛ք իմ արմատներից,
27քանզի իմ հիշատակը մեղրից քաղցր է, և իմ ժառանգությունն ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։
29Ովքեր ուտեն ինձ, տակավին քաղցած պիտի մնան, և ովքեր ըմպեն ինձ, տակավին պիտի ծարավեն։
30Ով ինձ լսի, չի ամաչի, և ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի»։
32Այս ամենը բարձրյալ Աստծու ուխտի Գիրքն է և Օրենքը,
33որ մեզ պատվիրեց Մովսեսը՝ իբրև Հակոբի ժողովուրդների ժառանգություն։
34Նա իմաստությունը հեղում է Փիսովն գետի նման
35և ինչպես Տիգրիսը՝ նորահաս բերքի օրերին։
36Նա գիտությունը լցնում է Եփրատի նման և ինչպես Հորդանանը՝ հնձի օրերին։
37Նա խրատը սփռում է իբրև լույս և տարածում ինչպես Գեհոնը՝ բերքահավաքի օրերին։
38Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը ևս,
39քանզի նրա իմաստությունը ծովից անհուն է, և նրա խորհուրդը մեծ անդունդներից ավելի խոր է։
41Ես իբրև ջրմուղ ելա գետից և վտակի պես ելա դրախտից։
42Ասացի՝ ջրեմ պարտեզը և ածուն։
43Եվ ահա ջրմուղն ինձ համար գետ դարձավ, և գետն ինձ համար ծով դարձավ։
44Տակավին ես գիտությունը պիտի լուսավորեմ ինչպես առավոտ և նրա լույսը տարածեմ մինչև հեռաստանները։
46Եվ տակավին ուսմունքը պիտի սփռեմ իբրև մարգարեություն և այն հավիտյանս պիտի թողնեմ ազգերի մեջ։
47Տեսե՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլև բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են այն։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք