ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 4
4
Աբրահամի օրինակը
1Արդ, ի՞նչ կարող ենք ասել, ի՞նչ ձեռք բերեց Աբրահամը՝ ըստ մարմնի մեր նախահայրը։ 2Եթե Աբրահամը գործերով էր արդարացված, պարծենալու պատճառ ուներ, բայց ոչ Աստծու առաջ։ 3Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ արդարություն համարվեց նրան» (Ծնն. 15.6, Գղտ. 3.6)։ 4Բայց ով գործ է անում, նրա վարձը որպես շնորհ չի դիտվում, այլ որպես պարտք։ 5Իսկ ով գործ չի անում, բայց հավատում է նրան, ով արդարացնում է մեղավորին, նրա հավատը համարվում է արդարություն։ 6Այդպես նաև Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված արդար է համարում նրա գործերից անկախ.
7 «Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին,
և որոնց մեղքերը ծածկվեցին։
8 Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը նկատի չի առնում» (Սաղ. 31(32).1-2ա)։
9Արդ, այս երանությունը վերաբերում է թլփատվածների՞ն, թե՞ նաև անթլփատներին։ Ասում ենք, որ հավատն Աբրահամին արդարություն համարվեց։ 10Արդ ինչպե՞ս համարվեց, թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ անթլփատ վիճակում։ Ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատ վիճակում։ 11Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի, 12և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։
13Աբրահամին և նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե Օրենքի, այլ հավատի արդարության միջոցով, 14որովհետև եթե ժառանգները նրանք են, որ Օրենքի վրա են հիմնվում, ապա զուր է հավատը և դատարկ՝ խոստումը։ 15Քանի որ Օրենքը բարկություն է առաջ բերում։ Բայց որտեղ Օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։ 16Դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի և խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն նրա համար, որ հիմնվում է Օրենքի վրա, այլև նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը, 17ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։ 18Աբրահամը, չնայած հույս չկար, հույսով հավատաց, որ բազում ազգերի հայր է լինելու, ինչպես ասվել էր. «Այսպես կլինի քո սերունդը» (Ծնն. 15.5բ)։ 19Եվ նա չերկմտեց իր հավատի մեջ, թեպետ նայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր,- քանի որ շուրջ հարյուր տարեկան էր,- և Սառայի մեռած արգանդին։ 20Բայց Աստծու խոստման վրա անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ, փառք տվեց Աստծուն 21և հաստատապես համոզվեց, որ նա, ով խոստացավ, կարող է նաև կատարել։ 22Ահա թե ինչու նրան արդարություն համարվեց։ 23Բայց միայն Աբրահամի համար չգրվեց, թե նրան արդարություն համարվեց, 24այլ նաև մեզ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց Հիսուսին՝ մեր Տիրոջը, 25որ մահվան մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ՝ մեզ արդարացնելու համար։
Արդեն Ընտրված.
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն