ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 2

2
Աստծու արդար դատաստանը
1Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։ 2Գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտությամբ է գործադրվում նրանց վրա, ովքեր այսպիսի բաներ են գործում։ 3Արդ, ո՛վ մարդ, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծում ես՝ խո՞ւյս ես տալու Աստծու դատաստանից։ 4Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։ 5Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։ 6Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն. 7հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում, 8իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված՝ ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են։ 9Նեղություն ու անձկություն կլինեն ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին, 10իսկ փառք, պատիվ և խաղաղություն նրա վրա, որ բարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին. 11որովհետև Աստծու առաջ աչառություն չկա։
12Բոլոր նրանք, ովքեր մեղանչեցին առանց Աստծու օրենքի, առանց Օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են Օրենքն ունենալով, Օրենքով էլ կդատվեն, 13որովհետև ոչ թե Օրենքը լսողներն են արդար Աստծու առաջ, այլ Օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ 14Այսպես ուրեմն, երբ հեթանոսները, որ Օրենքը չունեն, բնականորեն են Օրենքի պահանջները կատարում, նրանք, Օրենքը չունենալով, իրենք իրենց համար օրենք են։ 15Նրանք ցույց են տալիս, որ Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց դատողություններով, որ միմյանց մեղադրում կամ արդարացնում են։ 16Այսպես կլինի այն օրը, երբ Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իմ ավետարանի։
Հրեան և Օրենքը
17Ահա և դու, որ հրեա ես կոչվում և հենվում ես Օրենքի վրա, պարծենում ես Աստծով, 18ճանաչում ես նրա կամքը, զանազանում ես լավը՝ Օրենքից սովորած լինելով, 19վստահ ես ինքդ քեզ վրա, որ առաջնորդ ես կույրերին, լույս՝ խավարի մեջ գտնվողներին, 20խրատող՝ անզգամներին, ուսուցիչ՝ մանուկներին, Օրենքի մեջ ունենալով գիտության ու ճշմարտության արտահայտությունը։ 21Հետևաբար, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում։ Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես։ 22Դու, որ ասում ես՝ չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ գարշում ես կուռքերից, նրանց տաճարնե՞րն ես կողոպտում։ 23Դու, որ Օրենքով պարծենում ես, Օրենքը խախտելով՝ Աստծո՞ւն ես անարգում։ 24Եվ այսպես, «Աստծու անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» (Ես. 52.5), ինչպես որ գրված է։
Ճշմարիտ թլփատությունը
25Թլփատությունն օգտակար է, եթե Օրենքը պահես, իսկ եթե հանցավոր ես Օրենքի դեմ, քո թլփատությունը կվերածվի անթլփատության։ 26Իսկ եթե անթլփատ մեկը պահի Օրենքի կանոնները, նրա անթլփատությունն արդյոք թլփատություն չի՞ համարվի։ 27Եվ մարմնով անթլփատը, Օրենքը գործադրելով, կդատի քեզ, որ Օրենքի գրով ու թլփատությամբ հանցավոր ես Օրենքի դեմ։ 28Արդարև հրեան նա չէ, որ արտաքուստ է այդպիսին երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է տեսանելի. 29այլ հրեան նա է, որ ներքուստ է այդպիսին, և թլփատությունը սրտի թլփատությունն է՝ հոգով և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։

Արդեն Ընտրված.

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք