ԹՎԵՐ 8
8
Ճրագների տեղադրումը
1Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները տեղադրես, այնպե՛ս արա, որ յոթ ճրագներն էլ լուսավորեն աշտանակի առջևի կողմը”»։ 3Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները վառեց աշտանակի մի կողմից՝ առջևի կողմից, ինչպես որ Տերը հրամայեց Մովսեսին։ 4Այսպիսին էր աշտանակի կառուցվածքը. նրա բունն ու ճյուղերը ձույլ ոսկի էին։ Աշտանակը պատրաստված էր ըստ այն օրինակի, որ Տերն էր ցույց տվել Մովսեսին։
Ղևտացիների սրբագործումը և նվիրաբերումը
5Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 6«Ղևտացիներին առանձնացրո՛ւ Իսրայելի որդիների միջից և սրբագործի՛ր նրանց։ 7Նրանց սրբագործի՛ր այսպես. նրանց վրա մաքրագործման ջո՛ւր ցանիր, ապա թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լվանան իրենց զգեստները և մաքրվեն։ 8Նրանք թող վերցնեն մեկ զվարակ, նաև զոհ՝ յուղով հունցված նաշիհ, և մեղքերի քավության համար մեկ տարեկան հորթ։ 9Ղևտացիներին բե՛ր Վկայության խորանի առջև, հավաքի՛ր Իսրայելի բոլոր որդիներին. 10ղևտացիները թող կանգնեն Տիրոջ առջև, և Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը թող դնեն ղևտացիների վրա։ 11Ապա Ահարոնն Իսրայելի որդիների կողմից ղևտացիներին թող նվիրաբերի Տիրոջը, և նրանք թող դառնան Տիրոջ խորանի սպասավորները։ 12Այնուհետև ղևտացիներն իրենց ձեռքերը թող դնեն զվարակների գլխին։ Դրանցից մեկը զոհի՛ր մեղքերի քավության համար, մյուսը՝ իբրև Տիրոջը նվիրված ողջակեզ, որպեսզի քավվեն նրանց մեղքերը։ 13Ապա ղևտացիներին կանգնեցրո՛ւ Տիրոջ առջև, Ահարոնի ու նրա որդիների առջև, և նվիրաբերի՛ր Տիրոջը՝ իբրև ընծա։ 14Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և նրանք իմը կլինեն։ 15Այնուհետև ղևտացիները կանցնեն Վկայության խորանի սպասավորության գործին։ Կսրբես նրանց և իբրև ընծա՝ կնվիրաբերես Տիրոջ առաջ, 16որովհետև նրանք ինձ ընծա են տրվում Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների կողմից, արգանդ բացող անդրանիկների փոխարեն. նրանց ինձ վերցրի, 17քանի որ Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդ թե անասուն, ինձ են պատկանում։ Այն օրվանից, երբ հարվածեցի եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին, ես սրանց իմը դարձրի, 18իսկ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։ 19Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։
20Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հանդեպ վարվեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։ 21Ղևտացիները մաքրվեցին, լվացին իրենց զգեստները և իրենց անձերը հանձնեցին Ահարոնին՝ իբրև ընծա Տիրոջ առջև։ Ապա Ահարոնը կատարեց նրանց մեղքերի քավությունը՝ սրբագործելով նրանց։ 22Այնուհետև ղևտացիներն անցան Վկայության խորանի սպասավորությանը՝ Ահարոնի ու նրա որդիների իշխանության ներքո։ Ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին ղևտացիների վերաբերյալ, այդպես էլ վարվեցին նրանց հետ։
23Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 24«Ղևտացիներին վերաբերող կարգն այս է. քսանհինգ տարեկանից սկսած միայն կարող են անցնել Վկայության խորանի սպասավորությանը։ 25Հիսուն տարին լրանալուց հետո նրանք պետք է հեռանան սպասավորությունից և այլևս չաշխատեն։ 26Նրանք կարող են օգնել իրենց ղևտացի եղբայրներին՝ կատարելու Վկայության խորանի պահպանության գործը, բայց ոչ սպասավորություն անելու։ Այսպե՛ս կարգավորիր ղևտացիների ծառայությունը»։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 8: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն