ԹՎԵՐ 3

3
Ահարոնի որդիները
1Այն օրը, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ, Ահարոնի որդիները սրանք էին. 2Ահարոն քահանայի որդիների անուններն էին՝ Նադաբ, որ անդրանիկն էր, Աբիուդ, Եղիազար և Իթամար։ 3Սրանք են Ահարոնի որդիները՝ օծված քահանաներ, որոնց սրբագործեցին քահանայագործելու համար։ 4Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։
Ղևտացիները կարգվում են ծառայության
5Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 6«Վերցրո՛ւ Ղևիի ցեղին և կարգի՛ր Ահարոն քահանայի առջև, որ օգնեն նրան. 7նրա ու Իսրայելի որդիների փոխարեն պահպանեն Վկայության խորանն ու ծառայեն դրան՝ կատարելով խորանի բոլոր աշխատանքները։ 8Նրանք թող պահպանեն Վկայության խորանի ամբողջ սպասքը և Իսրայելի որդիներին անհրաժեշտ խորանի ողջ ծառայությունը։ 9Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։ 10Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։
11Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 12«Ես ահա վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների՝ արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն. թող լինեն նրանց փրկագինը և ինձ պատկանեն, 13որովհետև բոլոր անդրանիկներն իմն են։ Այն օրը, երբ եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, Ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասուն, որովհետև ես եմ Տերը»։
Ղևտացիների մարդահամարը
14Տերը Սինայի անապատում խոսեց Մովսեսի հետ և ասաց. 15«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։ 16Եվ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց ըստ Տիրոջ խոսքի, այնպես, ինչպես նրանց հրամայել էր Տերը։
17Ղևիի որդիները, ըստ իրենց անունների, սրանք են՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։
18Գեթսոնի որդիների անունները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Ղոբենի և Սեմեի։
19Կահաթի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։
20Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։
Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են.
21Գեթսոնինը՝ Ղոբենիի գունդն ու Սեմեիի գունդը։ Սրանք Գեթսոնի գնդերն են։ 22Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 7,500։ 23Գեթսոնի այս գնդերը բանակելու են խորանի հետևում՝ դեպի ծովի կողմը։ 24Գեթսոնի տոհմի նահապետական տան առաջնորդը Լաելի որդի Եղիսափանն է։ 25Գեթսոնի որդիները պահպանելու են Վկայության խորանը, խորանի արտաքին ծածկոցը և դռան վարագույրը, 26բակի առագաստները, բակի մուտքի վարագույրները, ինչպես նաև դրանց բոլոր պարագաները։
27Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։ 28Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 8,300, որոնք և պահպանելու են սրբարանը։ 29Կահաթի որդիների գնդերը բանակելու են խորանի հարավային կողմում։ 30Կահաթի գնդերի նահապետների տան առաջնորդը Ոզիելի որդի Եղիսափանն է։ 31Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։ 32Սրբարանի պահպանությանը հսկում էր ղևտացիների իշխանաց իշխանը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարը։
33Մերարիինը՝ Մոոլիի գունդն ու Մուսիի գունդը։ Սրանք Մերարիի գնդերն են։ 34Մեկ ամսականից սկսած բոլոր արուների հաշվառման թիվը՝ 6,200։ 35Մերարիի գնդի նահապետների տան իշխանը Աբիքաիլի որդի Սուրիելն է։ Նրանք բանակելու են խորանի հյուսիսային կողմում։ 36Մերարիի որդիները պահպանելու են խորանի խոյակները, նիգերը, սյուները, խարիսխներն ու դրանց բոլոր պարագաները, 37բակի չորս բոլոր սյուները, սրանց խարիսխները, ցցերը և պարանները։
38Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։
39Ղևտացիների ողջ հաշվառումով, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ հրամանով, ըստ իրենց գնդերի, մեկ ամսականից սկսած բոլոր արուները՝ 22,000 հոգի։
Ղևտացիները՝ անդրանիկների փոխարեն
40Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների՝ մեկ ամսականից սկսած բոլոր արու անդրանիկներին և գրանցի՛ր նրանց թիվն ըստ իրենց անունների։ 41Ղևտացիներին, սակայն, ինձ պիտի շնորհես Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն, ինչպես և ղևտացիների անասունները՝ Իսրայելի որդիների անասունների առաջին ծնունդների փոխարեն, որովհետև ես եմ Տերը»։ 42Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր անդրանիկներին, ինչպես որ պատվիրել էր Տերը։ 43Իսրայելի որդիների մեկ ամսականից սկսած արու անդրանիկների թիվը անուն առ անուն՝ 22,273։ 44Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 45«Ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն հանձնիր ինձ, ինչպես նաև ղևտացիների անասունները՝ նրանց անասունների անդրանիկների փոխարեն։ Ղևտացիներն ինձ պիտի պատկանեն, որովհետև ես եմ Տերը։ 46Իսրայելի որդիների 273 անդրանիկների դիմաց, որ գերազանցում են ղևտացիների թվին, փրկագին կվերցնես. 47յուրաքանչյուրի դիմաց՝ հինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սակագնի, ըստ որի՝ մեկ սիկղը հավասար է քսան դանգի։ 48Եվ փրկագնի արծաթը կտաս Ահարոնին ու նրա որդիներին»։ 49Մովսեսը հավաքեց փրկագնի արծաթը ղևտացիների թվից ավելի 50Իսրայելի որդիների անդրանիկների դիմաց՝ հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սիկղի չափի։ 51Իսրայելի որդիների՝ թվով ավելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը Տիրոջ խոսքի համաձայն Մովսեսը հանձնեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք