ԹՎԵՐ 27

27
Սաղպաադի աղջիկների պահանջը
1Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդիներից Մանասեի գնդից Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սաղպաադի դուստրերը, որոնց անուններն էին՝ Մաաղա, Նուա, Եգղա, Մեղքա և Թերսա։ 2Նրանք, կանգնելով Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ողջ ժողովրդի առաջ, Վկայության խորանի դռանը, ասացին. 3«Մեր հայրը մեռավ անապատում, նա Տիրոջ դեմ ընդվզած Կորխի ամբոխի մեջ չէր։ Նա մեռավ իր մեղքի համար և որդիներ չուներ։ 4Արդ, մեր հոր անունը թող չջնջվի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցավ։ Մեզ, մեր հոր եղբայրներին հավասար, ժառանգությո՛ւն տվեք»։ 5Մովսեսը նրանց պահանջը ներկայացրեց Տիրոջ առաջ։ 6Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 7«Ճիշտ են ասում Սաղպաադի դուստրերը։ Նրանց նույնպես ժառանգության կալվա՛ծ տուր իրենց հոր եղբայրներին հավասար. իրենց հոր հասանելիք վիճակը կհատկացնես նրանց։ 8Իսրայելի որդիներին բացատրելով՝ կասես. “Եթե մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգությունը պետք է անցնի իր դստերը։ 9Եթե նա դուստր չունի, նրա ժառանգությունը տվե՛ք իր եղբորը։ 10Եթե նա եղբայր էլ չունի, նրա ժառանգությունը տվե՛ք իր հորեղբորը։ 11Եվ եթե հորեղբայրներ էլ չունի, նրա ժառանգությունը տվե՛ք նրա մերձավոր ազգականին։ Նրա ունեցածն իր ցեղից որևէ մեկը թող ժառանգի։ Դա Իսրայելի որդիների համար դատաստանական օրենք թող լինի, ինչպես Տերն է հրամայել Մովսեսին”»։
Հեսուն՝ Մովսեսի հաջորդը
(Բ Օր. 31.1-8)
12Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնվող լեռը՝ Նաբավ լեռը, և դիտի՛ր քանանացիների երկիրը, որը ես Իսրայելի որդիներին եմ տալու որպես կալվածք։ 13Կտեսնես այն, և դու նույնպես կմիանաս քո նախնիներին, ինչպես քո եղբայր Ահարոնը միացավ Հովր լեռան վրա, 14որովհետև Սին անապատում ոտնակոխ արեցիք իմ պատգամները, երբ ժողովուրդը հակառակվեց ինձ, և դուք նրա ներկայությամբ չփառաբանեցիք ինձ, երբ ջուր հանեցիք»։ Խոսքը վերաբերում էր Սին անապատի Հակառակության ջրին։
15Մովսեսն ասաց Տիրոջը. 16«Նշանակի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ հոգիների ու բոլոր մարմինների, մի այր այս ժողովրդի վրա, 17որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։ 18Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։ 19Նրան կկանգնեցնես Եղիազար քահանայի առջև և պատվեր կտաս նրան ամբողջ ժողովրդի ներկայությամբ։ 20Քո փառքից կտաս նրան, որպեսզի Իսրայելի որդիները հնազանդվեն նրան։ 21Եղիազար քահանան թող նրա համար Հայտնությամբ [𝕸 Ուրիմ] հարցում անի Տիրոջը։ Նրա խոսքով պիտի շարժվեն, և նրա խոսքերով պիտի գործեն բոլորը՝ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները՝ ողջ ժողովուրդը»։ 22Եվ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն։ Հեսուին վերցնելով՝ կանգնեցրեց Ահարոն քահանայի որդի Եղիազարի ու ողջ ժողովրդի առջև։ 23Եվ իր ձեռքերը դրեց նրա վրա և նրան նշանակեց իր փոխարեն, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 27: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք