ՄԱՐԿՈՍ 1
1
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը
(Մտթ. 3.1-12, Ղուկ. 3.1-18, Հովհ. 1.19-28)
1Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։
2Ինչպես գրված է մարգարեների գրքերում.
«Ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից,
որ կպատրաստի քո ճանապարհը (Մղք. 3.1)։
3 Անապատում կանչողի ձայնն է.
“Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը
և հարթե՛ք նրա շավիղները” (Ես. 40.3)»։
4Եվ Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար։ 5Ամբողջ Հրեաստանը և բոլոր երուսաղեմացիները գնում էին նրա մոտ և խոստովանելով իրենց մեղքերը՝ նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում։ 6Հովհաննեսն ուղտի բրդից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի կապում։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ 7Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։ 8Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի»։
Հիսուսի մկրտությունը
(Մտթ. 3.13–4.11, Ղուկ. 3.21-22)
9Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։ 10Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ պատռվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր իր վրա։ 11Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Հիսուսի փորձությունն անապատում
(Մտթ. 4.1-11, Ղուկ. 4.1-13)
12Հոգին նրան անմիջապես անապատ տարավ։ 13Նա այնտեղ էր քառասուն օր, փորձվեց սատանայից։ Գազանների հետ էր, հրեշտակներն էլ ծառայում էին նրան։
Քարոզչություն Գալիլեայում
(Մտթ. 4.12-18, 23-25, Ղուկ. 4.14-15, 42-44)
14Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուսը Գալիլեա եկավ. նա քարոզում էր Աստծու Ավետարանը և ասում. 15«Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարե՛ք և հավատացե՛ք Ավետարանին»։
Հիսուսը կանչում է չորս ձկնորսներին
(Մտթ. 4.18-22, Ղուկ. 5.1-11)
16Երբ նա անցնում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ Սիմոնին և նրա եղբորը՝ Անդրեասին, որոնք ուռկանները ջուրն էին գցում, որովհետև ձկնորս էին։ 17Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ 18Իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից։ 19Այդտեղից մի փոքր առաջ գնալով՝ տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին նավակի մեջ, երբ ուռկաններն էին կարգի բերում, 20և կանչեց նրանց։ Նրանք էլ, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ թողնելով նավակի մեջ, իսկույն գնացին նրա հետևից։
Դիվահարի բժշկումը
(Ղուկ. 4.31-37)
21Մտան Կափառնաում, և հենց շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ Հիսուսն ուսուցանում էր նրանց։ 22Եվ զարմանում էին նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։ 23Նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց 24և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։ 25Հիսուսը սաստեց նրան և ասաց. «Լռի՛ր և դո՛ւրս ել նրանից»։ 26Պիղծ ոգին գետնին զարկեց դիվահարին, բարձրաձայն աղաղակեց և դուրս ելավ նրանից։ 27Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։ 28Եվ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։
Հիսուսը շատերին է բժշկում
(Մտթ. 8.14-17, Ղուկ. 4.38-41)
29Ժողովարանից դուրս ելնելով՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ անմիջապես եկավ Սիմոնի և Անդրեասի տունը։ 30Սիմոնի զոքանչը տաքության մեջ պառկած էր։ Հիսուսին իսկույն ասացին նրա մասին։ 31Նա մոտեցավ, բռնեց նրա ձեռքը և ոտքի կանգնեցրեց։ Տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց։
32Երբ երեկո եղավ, արևամուտին նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին ու դիվահարներին։ 33Ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առաջ։ 34Եվ նա բազմաթիվ հիվանդների բժշկեց տեսակ-տեսակ հիվանդություններից, բազում դևեր հանեց և դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
35Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։ 36Նրա հետևից նրան փնտրելու գնաց Սիմոնը, նաև նրանք, որ նրա հետ էին։ 37Երբ նրան գտան, ասացին. «Ամենքը քեզ են փնտրում»։ 38Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք գնանք մոտակա այլ գյուղաքաղաքներ ևս, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»։ 39Եվ քարոզում էր ողջ Գալիլեայում՝ նրանց ժողովարաններում, և դևեր էր հանում։
Բորոտի բժշկումը
(Մտթ. 8.1-4, Ղուկ. 5.12-16)
40Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 41Հիսուսը գթալով ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ 42Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց։ 43Հիսուսն անմիջապես նրան դուրս հանեց և խստիվ պատվիրեց 44ու ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն մաքրվելուդ համար զո՛հ մատուցիր այն, ինչ հրամայել էր Մովսեսը»։ 45Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն