ՄԱՏԹԵՈՍ 8
8
Բորոտի բժշկումը
(Մրկ. 1.40-45, Ղուկ. 5.12-16)
1Երբ Հիսուսն իջավ լեռից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ 2Ահա մի բորոտ մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ 3Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ 4Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։
Հարյուրապետի ծառայի բժշկումը
(Ղուկ. 7.1-10)
5Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան 6և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սաստիկ տառապում է»։ 7Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ և կբժշկեմ նրան»։ 8Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 9Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։ 10Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։ 11Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, 12իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։ 13Ապա Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛, և ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»։ Եվ այդ օրը նրա ծառան առողջացավ։
Հիսուսը շարունակում է բժշկել
(Մրկ. 1.29-34, Ղուկ. 4.38-40)
14Հիսուսը, Պետրոսի տունը գալով, տեսավ, որ նրա զոքանչը բարձր ջերմությամբ պառկած է։ 15Բռնեց նրա ձեռքից, և ջերմությունը իջավ։ Նա ոտքի կանգնեց և սկսեց ծառայել նրան։
16Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ բերեցին բազում դիվահարների։ Նա խոսքով հանեց ոգիներին և բժշկեց բոլոր հիվանդներին, 17որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.
«Նա մեր հիվանդությունները վերացրեց
և մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։
18Հիսուսը, իր շուրջը մի մեծ բազմություն տեսնելով, կարգադրեց իր աշակերտներին, որ լճի մյուս կողմը գնան։ 19Մի դպիր մոտեցավ և ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ գնաս»։ 20Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։
21Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ նախ հորս թաղեմ»։ 22Հիսուսը նրան ասաց. «Ե՛կ իմ հետևից, և թող մեռածները թաղեն իրենց մեռելներին»։
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մրկ. 4.35-41, Ղուկ. 8.22-25)
23Երբ Հիսուսը նավակ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ 24Եվ ահա ծովում այնքան ուժեղ ալեկոծություն բարձրացավ, որ նավակը գրեթե ծածկվեց ալիքներով։ Իսկ նա ննջում էր։ 25Աշակերտները մոտեցան, արթնացրին նրան և ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»։ 26Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։ 27Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչպիսի՜ մեկն է սա, որ թե՛ հողմերը և թե՛ լիճն են հնազանդվում նրան»։
Երկու դիվահարի բժշկումը
(Մրկ. 5.1-20, Ղուկ. 8.26-39)
28Երբ լճի այն կողմը՝ գերգեսացիների երկիրն անցան, Հիսուսի դեմ ելան երկու դիվահար, որոնք դուրս էին եկել գերեզմաններից։ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր կարողանում անցնել այդ ճանապարհով։ 29Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։ 30Նրանցից ավելի հեռու խոզերի մի երամակ էր արածում։ 31Դևերն աղաչում էին նրան և ասում. «Եթե մեզ այստեղից հանում ես, թո՛ւյլ տուր՝ խոզերի երամակը գնանք»։ 32Ասաց նրանց՝ գնացե՛ք։ Դևերը դուրս եկան գնացին խոզերի երամակը։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը թափվեց, և խոզերը ջրում սատկեցին։ 33Խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը։ 34Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 8: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն