ՄԱՏԹԵՈՍ 20

20
Մշակների առակը
1«Արդարև, երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդու, որ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Մշակների հետ օրավարձը մեկ դահեկան սակարկելուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ 3Երրորդ ժամին դուրս ելնելով՝ տեսավ ուրիշների, որոնք անգործ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց. “Դո՛ւք էլ գնացեք իմ այգին, և ինչ որ հարմար է, կվճարեմ ձեզ”։ 5Նրանք ևս գնացին։ Ապա վեցերորդ ու իններորդ ժամերին դարձյալ դուրս եկավ և նույն բանն արեց։ 6Տասնմեկերորդ ժամին դուրս գալով՝ գտավ ուրիշների, որոնք անգործ կանգնած էին։ Նրանց ասաց. “Ինչո՞ւ եք օրը ցերեկով անգործ կանգնել այստեղ”։ 7Նրան ասացին. “Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց”։ Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ հարմար է, կստանաք”։ 8Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց օրավարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները”։ 9Նրանք, որ տասնմեկերորդ ժամին էին վարձված, մեկական դահեկան ստացան։ 10Եկան նաև առաջին ժամի վարձվածները, որոնք կարծում էին, թե ավելին կստանան, բայց նրանք էլ մեկական դահեկան ստացան։ 11Երբ օրավարձն ստացան, սկսեցին տրտնջալ տանտիրոջ դեմ 12և ասել. “Վերջին ժամերի եկածները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու տոթը տարանք”։ 13Նա պատասխանեց նրանցից մեկին և ասաց. “Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. մի՞թե ինձ հետ մեկ դահեկանի չսակարկեցիր. 14վերցրո՛ւ քոնը և գնա՛. այս վերջիններին ուզում եմ տալ այնքան, որքան քեզ։ 15Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։ 16Այսպես էլ վերջիններն առաջին կլինեն, և առաջինները՝ վերջին, որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։
Հիսուսը կրկին խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 10.32-34, Ղուկ. 18.31-34)
17Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, տասներկուսին առանձնացրեց և ճանապարհին ասաց նրանց. 18«Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու 19և հեթանոսներին հանձնելու, որ ծաղրվի, ծեծվի, խաչ հանվի և երրորդ օրը հարություն առնի»։
Զեբեդեոսի որդիների մոր խնդրանքը
(Մրկ. 10.35-45)
20Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ. երկրպագում և նրանից բան էր խնդրում։ 21Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Խոստացի՛ր, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը՝ քո աջ կողմում, մյուսը՝ ձախ կողմում»։ 22Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։ 23Հիսուսը նրանց ասաց. «Իմ բաժակը խմելու եք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնել ես չեմ տալու, այլ դա նրանց համար է, որոնց տրված է իմ Հորից»։
24Երբ մյուս տասը աշակերտները լսեցին, բարկացան երկու եղբայրների վրա։ 25Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են նրանց, և մեծամեծները իշխում են նրանց վրա։ 26Սակայն ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, 27և ձեզնից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, 28ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։
Երիքովի երկու կույրերի բժշկումը
(Մրկ. 10.46-52, Ղուկ. 18.35-43)
29Մինչ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից մի մեծ բազմություն գնաց։ 30Ահա երկու կույրեր նստած էին ճանապարհի եզրին։ Երբ լսեցին, որ Հիսուսն անցնում է, աղաղակեցին և ասացին. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի»։ 31Ժողովուրդն սկսեց սաստել նրանց, որ լռեն։ Իսկ նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։ 32Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 33Նրան ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»։ 34Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, և գնացին նրա հետևից։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 20: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք