ՄԱՏԹԵՈՍ 17
17
Հիսուսի պայծառակերպությունը
(Մրկ. 9.2-13, Ղուկ. 9.28-36)
1Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ 2և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ 3Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ 4Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզենաս, երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»։ 5Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։ 6Երբ աշակերտները լսեցին, երեսն ի վայր ընկան և սաստիկ վախեցան։ 7Հիսուսը մոտեցավ, բռնեց նրանց և ասաց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»։ 8Բարձրացրին աչքերը և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։
9Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ 10Աշակերտները նրան հարցրին և ասացին. «Դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։ 11Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եղիան կգա և կհաստատի ամեն ինչ։ 12Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է, սակայն նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես ցանկացան։ Այդպես նաև Մարդու Որդին է չարչարվելու նրանց կողմից»։ 13Այդժամ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։
Դիվահար տղայի բժշկումը
(Մրկ. 9.14-29, Ղուկ. 9.37-44)
14Երբ ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ 15և ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ կրակի մեջ է ընկնում, երբեմն էլ՝ ջրի մեջ։ 16Նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց չկարողացան բժշկել»։ 17Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ։ Նրան ինձ մո՛տ բեր»։ 18Հիսուսը սաստեց նրան. դևը դուրս ելավ նրա միջից, և մանուկն այդ ժամից բժշկվեց։ 19Այդժամ աշակերտներն առանձին մոտեցան և Հիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։ 20Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։ 21Բայց այս տեսակ դևն այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ»։
Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 9.30-32, Ղուկ. 9.44բ-45)
22Մինչ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը. 23նրան սպանելու են, և նա երրորդ օրը հարություն է առնելու»։ Եվ նրանք շատ տխրեցին։
Տաճարի տուրքի վճարումը
24Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք#Տաճարին տրվող տուրք։ հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ տալիս», 25և նա ասաց՝ այո, տալիս է։ Երբ տուն մտան, Հիսուսը կանխեց նրան և ասաց. «Ինչպե՞ս է քեզ թվում, Սիմո՛ն. ազգերի թագավորներն ումի՞ց են վերցնում հարկերը կամ տուրքը, իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ 26Երբ պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։ 27Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ ու կա՛րթ գցիր. առաջին ձուկը, որ դուրս ելնի, վերցրո՛ւ, բա՛ց նրա բերանը և մի սատեր կգտնես։ Այն վերցրո՛ւ և նրա՛նց տուր իմ ու քո տեղ»։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 17: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն