ՄԱՏԹԵՈՍ 12

12
Շաբաթ օրը հարգելու հարցը
(Մրկ. 2.23-28, Ղուկ. 6.1-5)
1Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով։ Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել։ 2Իսկ փարիսեցիները, երբ տեսան, ասացին նրան. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրը»։ 3Հիսուսը նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ի՛նչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին։ 4Ինչպե՛ս Աստծու տունը մտավ և կերավ Առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից, օրինավոր չէր ուտել ո՛չ նրա և ո՛չ էլ նրանց համար, որ իր հետ էին։ 5Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները լուծում են շաբաթ օրերը՝ տաճարում ծառայելով, սակայն մեղավոր չեն համարվում։ 6Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի կարևոր բան կա։ 7Եթե իմանայիք, թե ի՛նչ է նշանակում. “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), ապա անմեղներին չէիք դատապարտի։ 8Այնպես որ Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։
Չորացած ձեռքի բժշկումը
(Մրկ. 3.1-6, Ղուկ. 6.6-11)
9Այդտեղից հեռանալով՝ Հիսուսը եկավ նրանց ժողովարանը։ 10Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Հիսուսին հարցրին՝ ասելով, թե՝ «Օրինավո՞ր է շաբաթ օրը բժշկել», որպեսզի ամբաստանեն նրան։ 11Նա պատասխանեց. «Ձեր միջից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և շաբաթ օրով այն ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի ու վեր հանի նրան։ 12Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն առավել է։ Հետևաբար, օրինավոր է շաբաթ օրով բարիք գործել»։ 13Այդժամ մարդուն ասաց. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց չորացած ձեռքը, և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։ 14Իսկ փարիսեցիները դուրս եկան և խորհրդակցեցին նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։ 15Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։ 16Եվ խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, 17որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
18 «Ահա իմ ծառան, որին ընտրեցի,
և իմ սիրելին, որին հավանեց հոգիս։
Նրա վրա կդնեմ իմ Հոգին,
և հեթանոսներին կպատմի արդարության մասին։
19 Չի հակառակվի և չի աղաղակի,
և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։
20 Ջախջախված եղեգը չի փշրի
և առկայծող պատրույգը չի հանգցնի,
մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։
21 Եվ հեթանոսներն իրենց հույսը նրա վրա կդնեն» (Ես. 42.1-3, 4բ)։
Հիսուսը և Բեեղզեբուղը
(Մրկ. 3.22-30, Ղուկ. 11.14-23, 6.43-45)
22Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերվեց կույր ու համր մի դիվահար, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր ու կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։ 23Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ և ասում էր. «Մի՞թե սա է Քրիստոսը՝ Դավթի Որդին»։ 24Բայց փարիսեցիները, երբ լսեցին, ասացին. «Դա դևերին ուրիշ կերպ չի հանում, եթե ոչ Բեեղզեբուղի՝ դևերի իշխանի միջոցով»։ 25Երբ Հիսուսն իմացավ նրանց խորհուրդները, նրանց ասաց. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ։ 26Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվեց. ուրեմն նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ 27Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչո՞վ են հանում. հետևաբար նրանք ձեր դատավորներն են։ 28Իսկ եթե Աստծու Հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ 29Կամ ինչպե՞ս կարող է մեկն ուժեղ մարդու տունը մտնել և նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն և ապա նրա տունը կողոպտի։ 30Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է»։
31«Ուստի ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի։ 32Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։ 33Եթե ծառը լա՛վ պահեք, նրա պտուղը լավը կլինի, եթե ծառը վա՛տ պահեք, նրա պտուղը վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ 34Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ 35Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։ 36Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ 37Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»։
Նշանի հայցում
(Մրկ. 8.11-12, Ղուկ. 11.29-32)
38Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք դիմեցին Հիսուսին և ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք մի նշան տեսնել քեզնից»։ 39Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան Հովնան մարգարեի նշանից բացի։ 40Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։ 41Նինվեացիները դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգան և կդատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզչությամբ զղջացին. իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծը կա։ 42Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։
Պիղծ ոգու վերադարձը
(Ղուկ. 11.24-26)
43«Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում։ 44Այդ ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա»։ Եվ գալիս գտնում է այն դատարկ, մաքուր ու կարգի բերված։ 45Ապա գնում է և իր հետ վերցնում իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։
Հիսուսի մայրն ու եղբայրները
(Մրկ. 3.31-35, Ղուկ. 8.19-21)
46Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ 47Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները կանգնած են դրսում և ուզում են քեզ հետ խոսել»։ 48Նա պատասխանեց իր հետ խոսողին և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ 49Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա իմ մայրը և իմ եղբայրները, 50որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։

Արդեն Ընտրված.

ՄԱՏԹԵՈՍ 12: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք